կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-24 13:43
Քաղաքական

Եթե ընտրությունները տեղի ունենային առաջիկա կիրակի...

Եթե ընտրությունները տեղի ունենային առաջիկա կիրակի...

Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողներին ներկայացրեց «ԷՄ ՓԻ Ջի» ՍՊԸ-ի կողմից իրականացված սինդիկատիվ հետազոտությունը, որի նպատակն էր պարզել Աժ ընտրությունների մասնակից կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ցուցանիշը քարոզարշավի 15 օրերից հետո:

«Սինդիկատիվ հետազոտությունն այն է, երբ կազմակերպությունն իր ուժերով է իրականացնում հետազոտությունը և հետագայում  արդյունքները փորձում վաճառել տարբեր շահագրգիռ կողմերի»,- բացատրեց նա:

Նավասարդյանը նշեց, որ հետազոտությունը կատարվել է ՀՀ ամբողջ տարածքում, հետազոտությանը մասնակցել է 1145 մարդ, հետազոտության ընտրանքային սխալը 3% է, իրականացման ժամանակահատվածը` 12.03.2017 - 19.03.2017, իսկ հետազոտության մեթոդը դեմ առ դեմ հարցումն է եղել:

«Եթե առաջիկա կիրակի տեղի ունենային խորհրդարանական ընտրություններ, ապա համամասնական ընտրակարգով ո՞ր կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի օգտին կքվեարկեիք» հարցին հարցվածների 29.4%-ը պատասխանել է` ՀՀԿ, 28,2%-ը` «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք` 6.1%, ՀՅԴ` 4.8%, «Ազատ դեմոկրատներ»` 4.4%, ՀՎԿ` 3.4%, «Կոնգրես և ՀԺԿ» դաշինք` 2.9%, ՕՐՕ դաշինք` 2.5%, Կոմունիստական կուսակցություն` 1.2%: Հարցվածների 9.5 տոկոսը հրաժարվել է պատասխանել, իսկ դժվարացել է պատասխանել 7.6 տոկոսը:

Նավասարդյանը նշեց, որ ռեյտինգային թեկնածուներն ազդելու են այս արդյունքների վրա, մասնավորապես` «Ելք» դաշինքի, ՀՅԴ-ի, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության, ՀՎԿ-ի ցուցանիշը կարող է փոխվել և ավելի բարձրանալ:  

 

Նշենք, որ սա «Գելափ» (Gallup) միջազգային կազմակերպության պատվիրած հարցումը չէ: