կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-18 06:16
Հասարակություն

Հնար ունենային` չէին ուղարկի բանակ

Հնար ունենային` չէին ուղարկի բանակ

Մեկնարկել է գարնանային զորակոչը: Վանաձորը երեկ 33 զորակոչիկ ուղարկեց բանակ`պլանավորված 35-ի փոխարեն. տղաներից երկուսը առողջական խնդիրներ ունեն:

Վանաձորի զինկոմիսարիատի զորակոչային բաժնի պետ, փոխգնդապետ Միշա Աբգարյանը, որն արդեն 10 տարի է` այս պաշտոնին է, ասում է, որ զորակոչիկների թիվը քչացել է. ծնունդների թիվը պակասում է, հիվանդներինը` ավելանում: Այս տարի 1993-ին ծնվածներն են ծառայության մեկնում` հետերկրաշարժային ծանր տարիների սերունդը:

Լուրջ առողջական խնդիրներ ունեցող և ծառայության համար ոչ պիտանի երիտասարդների թիվը, նախորդ տարիների համեմատ, ավելացել է. Վանաձորում բավական շատ են հոգեկան խանգարումների պատճառով ծառայության համար ոչ պիտանի ճանաչվածները, նաև տրավմատիկ խնդիրներ ունեցողները:

Փոխգնդապետն ասում է, որ նախկինում ծառայությունից խուսափողների թիվը շատ էր, հիմա այդ խնդիրը չունեն, խուսափողներն էլ հիմնականում երկար տարիներ երկրից բացակայողներն են, ընդ որում` նրանց մի մասը մինչև զորակոչի ավարտը ներկայանում է:

Ըստ Մ. Աբգարյանի` տղային բանակ ճանապարհող ծնողների վստահությունը բանակի նկատմամբ չի նվազել, դրա համար պատճառ չկա, ասում է` բանակ է, դեպքեր միշտ էլ եղել են: Կանոնադրական հարաբերություններում խախտումների աճ չի տեսնում:

Սակայն զինկոմիսարիատի բակում հավաքված ծնողներն այլ բան են ասում, օրինակ, եթե հնարավորություն ունենային, չէին ուղարկի ծառայության:

Գարնանային զորակոչը շարունակվելու է մինչև հունիսի 30-ը: