Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Գոնզալեզ Ալեմանին:
Շնորհավորելով նորանշանակ դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձման առիթով՝ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ երկու երկրների միջև առկա համագործակցությանը և ժողովուրդների բարեկամական ջերմ հարաբերություններին։
Հանդիպմանը Նորին Սրբությունը դեսպանին տեղեկություններ փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ հայ ժողովրդի կյանքում ունեցած կարևոր դերակատարության՝ հոգևոր, մշակութային արժեքների, ազգային ինքնության կերտման և ազգապահպան առաքելության մասին։
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը մտահոգությամբ անդրադարձ կատարեց նաև Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին, միջազգային ատյաններում հայ ժողովրդի արդար իրավունքների պաշտպանության կարևորությանը և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրներին: Այս առնչությամբ Հայոց Հովվապետն իր գնահատանքը հայտնեց Արգենտինայի իշխանություններին հայ ժողովրդին ցուցաբերվող աջակցության և զորակցության համար։
Դեսպան Ռաֆայել Գոնզալեզ Ալեմանը, խոսելով իր առաքելության և տարբեր ոլորտներում նախանշված ծրագրերի մասին, հավաստիացրեց Հայոց Հայրապետին, որ կանի առավելագույնը երկու երկրների բարեկամությունն ու փոխգործակցությունն առավել ամրապնդելու ուղղությամբ:
Զրուցակիցները անդրադարձան նաև Արգենտինայի հայ համայնքին` ընդգծելով, որ այն իր կարևոր նպաստն է բերում երկրի զարգացմանն ու առաջընթացին: