կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-10 17:43
Քաղաքական

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի նորանշանակ դեսպանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի նորանշանակ դեսպանին

Հունիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից  հայտնում են, որ դեսպանին բարեմաղթելով արդյունավոր առաքելություն Հայաստանում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ Մայր Աթոռի և Ղազախստանի դեսպանատան միջև ձևավորվել են ջերմ հարաբերություններ և արդյունավետ փոխգոծակցություն։ Նորին Սրբությունը առանձնացրեց միջկրոնական երկխոսության ոլորտում գործակցությունը՝ վերհիշելով Հայոց Եկեղեցու մասնակցությունը Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համագումարի աշխատանքներում և համագումարի շրջանակներում իր այցը Ղազախստան։

Իր խոսքում Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձավ հետպատերազմյան դժվարին իրավիճակին՝ հույս հայտնելով, որ բարեկամ Ղազախստանն իբրև ՀԱՊԿ-ի անդամ երկիր իր նպաստը կբերի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին։ Նորին Սրբությունը դեսպան Իմանբաևի ուշադրությունը հրավիրեց Հայաստանի սահմանների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի ոտնձգությունների մտոհոգիչ փաստին, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող արցախյան տարածքներում հայկական հոգևոր, մշակութային ժառանգության հանդեպ վայրագ վերաբերմունքին։

Իր հերթին Ղազախստանի նորանշանակ դեսպանը Հայոց Հովվապետին փոխանցեց երկրի նախագահի և ղեկավարության բարեմաղթանքները։ Դեսպանը ժողովուրդների խաղաղ և ներդաշնակ կեցության գործում կարևոր նկատեց նաև միջկրոնական երկխոսությունը։ Այս առումով դեսպան Իմանբաևն իր երախտագիտությունը հայտնեց Նորին Սրբությանը Ղազախստանի Հանրապետության նախաձեռնությամբ կազմակերպվող Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համագումարի կազմակերպչական աշխատանքներին և անցկացմանը Հայոց Եկեղեցու կարևոր մասնակցության համար։

Խոսելով երկրների միջև առավել զարգացող և ամրապնդվող քաղաքական և տնտեսական համագործակցության մասին՝  Ղազախստանի դեսպանն ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է շարունակել ձևավորված բարեկամության ավանդույթները։ Պրն․ Իմանբաևը հավաստիացրեց նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ պիտի շարունակի ջանքեր ներդնել Մայր Աթոռի և Ղազախստանի միջև գործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ։

Զորւցակիցներն անդրադարձան նաև Ղազախստանի հայ համայնքի կարևոր դերակատարությանը երկկողմ հարաբերությունների սերտացման գործում։