Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը խոսեց կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը մեկ տարով հետաձգելու մասին: Ըստ պատգամավորի` օրենքը հնարավոր է կիրառել այն երկրներում, ուր սոցիալ-տնտեսական վիճակը բարվոք է, սակայն քաղցած քաղաքացիներ ունեցող հասարակության մեջ, երբ 35 տոկոսն աղքատ է, չի կարող աշխատել այն ճնշումը, որը կառաջացնի այդ օրենքը: Նա նշեց, որ ընդդիմադիր պատգամավորները ուղերձով կդիմեն կառավարությանը, որպեսզի վերջինս մշակի կենսաթոշակային համակարգի նոր օրենք, որտեղից կհանվի պարտադիր բաղադրիչը, այնուհետ դնի այն համաժողովրդական հարցման` որպես կառավարության բացառիկ իրավունք:
«Անգամ միջինից բարձր եկամուտներ ստացող հասարակության համար նման բեռը հավասարազոր է սեփականության իրավունքը խլելուն: Մենք այսօր կարիք ունենք հասարակության վստահությանը, բայց այդ վստահությունը անհրաժեշտ մակարդակի վրա չէ»,- ասաց Արծվիկ Մինասյանը' հավելելով, որ հասարակության կողմից տոտալ անվստահության պայմաններում սխալ է կիրառել ճնշման քաղաքականություն, իսկ կառավարության կտրուկ քայլերը կարող են պատճառ դառնալ արտագաղթի նոր ալիքի: Նա դիմեց քաղաքական մեծամասնությանը' աջակցել, որ օրենքի կիրառումը հետաձգվի առնվազն մեկ տարով:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ տարիներ առաջ էլ, լինելով ակտիվ քաղաքացի, ինքը չի հիշում հանրային լուրջ քննարկում` այդ բարեփոխման հետ կապված: Ըստ պատգամավորի` այդ համակարգը ապագա չունի, որովհետև աշխատողների թիվը նվազում է, իսկ թոշակառուների թիվն` ավելանում: Նա նշեց, որ խնդիրը վստահության մեջ է, երբ քաղաքացին չի վստահում առաջարկվող մոդելին ու առաջարկվող փոփոխություններին, մանավանդ, որ նախկինում ավագ սերունդը ունեցել է ավանդների առումով բացասական փորձ:
«Քաղաքացիներն, առհասարակ, չեն վստահում ոչ մի բանի, որը կարող է առաջարկվել իշխանությունների կողմից: Եվ տրամաբանական կլինի, որ օրենքը կիրառվի գոնե հունիսի 1-ից, որովհետև աշխատավարձերը բարձրանալու են հունիսի 1-ից»,- ասաց Էդմոն Մարուքյանը' հավելելով, որ գոնե վեց ամիսների ընթացքում իշխանությունը պետք է անի էական որոշ շտկումներ:
Նա նաև նշեց, որ ընդունելի չէ այն քաղաքացիների մոտեցումները, որոնք ասում են, որ կարտագաղթեն, եթե իշխանությունները կիրառեն այդ օրենքը: