կարևոր
4747 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-29 19:56
Աշխարհ Քաղաքական

Խմբագրական. Հայ Առաքելական Եկեղեցին, իր առաքելութեան բարձրունքում

Խմբագրական. Հայ Առաքելական Եկեղեցին, իր առաքելութեան բարձրունքում

Փաստ է, որ Հայ Առաքելական Եկեղեցու 17 դարեայ երթն անբաժանելի է հայ ժողովրդի մաքառումների միջով անցած հարուստ պատմութիւնից: Իր 1700-ամեայ պատմութեան ընթացքում Եկեղեցու գերակայ առաքելութիւնը, յատկապէս՝ պետականութեան աւելի քան 6 դարեայ բացակայութեան պայմաններում եղել է մեր ժողովրդի հայկական ինքնութեան եւ նկարագրի պահպանումը:

Հէնց այդ պատճառով էլ Հայ Առաքելական Եկեղեցու գործունէութիւնը չի պարփակւել միայն կրօնական եւ դաւանաբանական գործառոյթներով, այլ, նաեւ, հայոց քաղաքական եւ հանրային կեանքում ունեցել է վճռորոշ դերակատարութիւն: Այս հանգամանքից ելնելով էլ մեր Եկեղեցին յաճախ իրեն դրսեւորել է, որպէս քաղաքական կառոյց եւ եղել է ժամանակի քաղաքական գործընթացների մշտական մասնակիցը:

Դարերի ընթացքում, Հայ Առաքելական Եկեղեցու քաղաքական աշխարհայեացքը եղել է շատ յստակ, որը ժամանակին լակոնիկ բանաձեւել է Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսը. «Ազգային միասնութիւն, ազգապահպանութիւն, ազգային մտածողութեան ձեւաւորում, հայրենիքի հզօրութիւն, Հայ Դատի պայքար եւ այլն, դարերի փորձով հիմնաւորւած եւ արմատաւորւած են հայ եկեղեցում»:

Եւ հէնց այս աշխարհայեացքից ելնելով էլ, մեր Եկեղեցին համազգային շահի խոր գիտակցմամբ մշտապէս եղել է ազգային-ազատագրական շարժումների գործօն մասնակիցն ու օրհասական պահերին՝ ճակատամարտերի առաջին գծում:

Յիշենք միայն Սահակ Պարթեւի ջանքերը Հայոց Պետականութեան պահպանման գործում, Ղեւոնդ Երէցին՝ Աւարայրի ճակատամարտում, Յովհան Օձնեցուն՝ Հայոց Պետականութեան կերտման գործում, Յակոբ Ջուղայեցի կաթողիկոսին՝ Հայաստանի ազատագրման նպատակով, Անգեղակոթի գաղտնի ժողովի կազմակերպման գործում, Եսայի Հասան-Ջալալեան կաթողիկոսին՝ Արցախի ազատագրման եւ հայկական անկախ իշխանութեան ստեղծման գործում, Խրիմեան Հայրիկին՝ իր «Երկաթէ շերեփի» անժամանցելի տեսութիւնով, Գէորգ 5-րդ Սուրէնեանց կաթողիկոսին՝ իր հերոսական կեցւածքով, 1918 թւականի Մայիսեան հերոսամարտերի ընթացքում, եւ վերջապէս հայ հոգեւորականների գործօն մասնակցութիւնը՝ Արցախեան ազատամարտում եւ հայրենիքի պաշտպանութեան գործում:

Այլ կերպ չի կարող լինել նաեւ այսօր, երբ Հայոց Պետականութիւնը կանգնած է լինել-չլինելու լրջագոյն մարտահրաւէրի առջեւ: Հայ Առաքելական Եկեղեցին շատ լաւ պատկերացնելով վերահաս աղէտը, եւ հաւատարիմ իր պատմական առաքելութեանը կրկին պայքարի առաջին գծում է:

Օրհասական այս պայքարում անկիւնաքարային դեր է վերապահւած մեր Եկեղեցուն, որի առանցքի շուրջ են համախմբւել ՀՀ գործող իշխանութիւնների հայրենադաւ ու հակազգային քաղաքականութիւնը վիժեցնել ցանկացող հայորդիները:

Եւ պատահական չէ, որ Հայ Առաքելական Եկեղեցին յայտնւել է ուղղորդւած եւ նպատակային հալածանքների թիրախում այնպէս, ինչպէս օսմանական, ցարական եւ խորհրդային ժամանակներում, այս անգամ, սակայն, Հայոց Անկախ Հայրենիքում, այսպէս կոչւած հայրենի իշխանութեան կողմից, որը Եկեղեցու դէմ պայքարը սկսել է դեռեւս 2018 թւականին, իշխանութիւնը զաւթելուց անմիջապէս յետոյ, յստակ գիտակցելով, որ Հայոց Եկեղեցին այն բացառիկ կառոյցն է, որը կարող է ի դերեւ հանել այն բոլոր ծրագրերը, որոնց կեանքի կոչման համար էլ պատւիրւած են իրենք:

Հայ Առաքելական Եկեղեցու քայքայումը, նրա վարկաբեկումը, դերի եւ նշանակութեան ամբողջական չէզոքացումն այսօր ՀՀ գործող իշխանութիւնների օրակարգային նպատակներից մէկն է, որի իրականացմանն են լծւած իրենց ձեռքի տակ եղած ողջ հնարաւորութիւններով ու գործիքակազմով:

Կը յաջողւի՞ դա նրանց, թէ՞ ոչ հարցի պատասխանը մէկն է եւ միանշանակ. Ո՛չ: Իշխանութիւնն իր հաշւարկներում հաշւի չի առել մի կարեւոր հանգամանք. 17 դարւայ ընթացքում, քրիստոնէութիւնը հայ ժողովրդի համար դադարել է լինել ուղղակի կրօն՝ վերածւելով աշխարհընկալման եւ հոգեմտաւոր արժեհամակարգի, որի կրողն ու մարմնաւորողը Հայ Առաքելական Եկեղեցին է:

Հայ Առաքելական Եկեղեցին զգալի մասնակցութիւն ունի հայ հասարակութեան գրեթէ բոլոր անդամների կեանքում, թէ՛ Հայաստանում, թէ՛ Սփիւռքում: Անհերքելի փաստ է, որ անգամ իրենց անհաւատ համարող շատ հայեր մշակութաբանական իմաստով կրում են քրիստոնէութեան եւ Հայ Առաքելական Եկեղեցու ազդեցութիւնը։

Չնայած այն հանգամանքին, որ 2018 թւականից ի վեր Հայաստանում միտումնաւոր կերպով տարէցտարի աւելանում են կրօնական աղանդաւորական կազմակերպութիւնները եւ ուղղութիւնները, որոնց տրւել է աշխատելու եւ քարոզելու սանձարձակ ազատութիւն, այդուհանդերձ, Հայ Առաքելական Եկեղեցին հասարակութեան մօտ պահպանել է իր բացառիկ դիրքն ու կարեւորութիւնը եւ անսասան հեղինակութիւնը:

Հայոց Եկեղեցին եղել է/եւ է մեր ազգի ինքութեան եւ գոյութեան հիմնական յենասիւններից մէկը: Հայոց ազգային հաւաքական շահերի մարմնաւորողի ու պաշտպանի իր ստանձնած դերով, Հայ Առաքելական Եկեղեցին հայ ժողովրդի կողմից ընդունւում եւ ընկալւում է ոչ միայն որպէս կրօնական հաստատութիւն, այլեւ՝ ազգային հաստատութիւն:

Հայ Առաքելական Եկեղեցին ու հայ ժողովուրդը նոյնականացւած են: Ոչ ոք եւ ոչինչ չի կարող սեպ մտցնել Եկեղեցու եւ ժողովրդի միջեւ: Ոչ իրենց հոգին 30 արծաթով չարին վաճառած անհայրենիքները, որոնք վերջերս յաճախ են մէջբերումներ անում Սաղմոսից, փորձելով արդարացնել իրենց դաւաճանական չարագործութիւնները, ոչ էլ իրենց ողորմելի գոյութիւնը քարշ տալու նպատակով, սրանց ծառայութեանը լծւած գրչակ-փերեզակները:

Հայ Առաքելական Եկեղեցին շարունակում է մնալ իր առաքելութեան բարձրունքում: Եկեղեցու սպասաւորները, Սրբազան Հայրերն այսօր Տաւուշում են, ժողովրդի կողքին, քաջ գիտակցելով, որ տեղի ունեցողը սովորական գործընթաց չէ: Նժարին է դրւած Հայոց Պետականութեան լինելութեան հարցը, որը չի կարող այլընտրանք ունենալ:

Գոյաբանական այս պայքարում, մեր Եկեղեցին չէր կարող այլ կերպ վարւել: Զարմանալի կը լինէր, եթէ Եկեղեցին լռէր, մնալ չէզոք դիրքում, չմիանար եւ չառաջնորդէր հայրենի հողի համար պայքարող հայորդիներին:

Սա Հայ Առաքելական Եկեղեցուն բաժին հասած խաչն է, որ պատւով կրել է 17 դար շարունակ, կրում է նաեւ այսօր, եւ կրելու է յաւիտեան: Մեզ մնում է միայն կանգնել Հայ Առաքելական Եկեղեցու կողքին, վահան դառնալ ու պաշտպանել նրան նեռի չարապետութեան սպասաւորների նենգ հարւածներից, եւ հաւատալ յաղթանակին ու վաղւայ օրւան: Յաղթանակ, որը կռելու ենք հոգով, վաղւայ օր, որը կառուցելու ենք ազգային-հոգեւոր արժէքների վրայ հիմնւած: