կարևոր
4372 դիտում, 6 ամիս առաջ - 2024-03-26 13:26
Քաղաքական

Հայաստանն ու Ռուսաստանն այժմ ապրում են «հարաբերությունների բավականին բարդ շրջան»․ Պեսկով

Հայաստանն ու Ռուսաստանն այժմ ապրում են «հարաբերությունների բավականին բարդ շրջան»․ Պեսկով

Ռուսաստանը և Հայաստանը մնում են եղբայրական երկրներ՝ չնայած հարաբերություններում առկա դժվարություններին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ТАСС-ը։

Պեսկովի խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության համար «նույնիսկ ավելին է, քան եղբայրական երկիր», թեև երկու երկրներն այժմ ապրում են «հարաբերությունների բավականին բարդ շրջան»։ 

«Դա նույնիսկ ավելին է, քան եղբայրական, քանի որ այստեղ ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում»,- ընդգծեց նա։

Պեսկովը նշել է, որ «հայերի՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների տնտեսական ակտիվությունը դեռևս կազմում է Հայաստանի ընդհանուր բյուջեի շատ մեծ տոկոսը»՝ տարեկան մինչև մի քանի միլիարդ դոլար։

«Մենք հուսով ենք, որ Երևանում կտիրի քաղաքական կամք՝ շարունակելու մեր հարաբերությունների զարգացումը, և մենք հաջողությամբ կանցնենք այս դժվարին շրջանը», - նշել է Պեսկովը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս քննադատել է Մոսկվայի հետ հարաբերությունները։ Նա, մասնավորապես, դադարեցրել է Երևանի մասնակցությունը պաշտպանական միացյալ դաշինքի՝ ՀԱՊԿ-ի աշխատանքներին, ինչպես նաև դադարեցրել է ռուս սահմանապահների աշխատանքը մայրաքաղաքի օդանավակայանում, որը շարունակվում էր 1992 թվականից։