կարևոր
4663 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-06 19:25
Քաղաքական

Բաքուն չի ընդունում ՀՀ 31 բնակավայրերի տարածքների օկուպացիայի փաստը. փոխվարչապետի գրասենյակ. «Ազատություն»

Բաքուն չի ընդունում ՀՀ 31 բնակավայրերի տարածքների օկուպացիայի փաստը. փոխվարչապետի գրասենյակ. «Ազատություն»

Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովը գլխավորող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել են՝ Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, որ օկուպացված է պահում Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի տարածքները՝ ըստ էության հաստատելով, որ Բաքուն 4 գյուղ պահանջում է առանց զորքերը հայկական տարածքներից հետ քաշելու մտադրության։

Չորս դիրքապահի կյանք խլած Ներքին Հանդի դեպքերից հետո թեման բարձրացրած վարչապետ Փաշինյանը չէր հստակեցրել՝ արդյոք 4 գյուղերի վերադարձ պահանջող Ադրբեջանը հրաժարվում է հետ քաշվել 31 հայկական գյուղերից։

«Ազատություն»-ը հարցը փոխվարչապետի գրասենյակին է ուղղել, նաև փորձել ճշտել՝ որոնք են այդ 4 գյուղերը։

«Ադրբեջանը բարձրաձայնում է հետևյալ տեղանունները՝ Բաղանիս Այրում, Աղաշը (ներքին) Ոսկեպար, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի՝ միաժամանակ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի կենսական նշանակության տարածքներ»,- հաղորդել են փոխվարչապետի գրասենյակից:

Ադրբեջանի պահանջած այս տարածքները Տավուշի մարզում են՝ հիմնականում անբնակ։ Ներքին Ոսկեպարի մոտով, օրինակ, անցնում է դեպի Վրաստան միջպետական ճանապարհը։