Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գարնան մեկնարկը կտրվի նոր ֆիլմի պրեմիերայով. փետրվարի 29-ին մեծ էկրան բարձրացավ ռեժիսորներ՝ Գրիգոր Գասպարյանի և Արման Սարգսյանի «Բարի օր» կինոկատագերգությունը։
Ֆիլմում գլխավոր դերակատարը հումորիստ-դերասան Մհեր Մխիթարյանն է։ Ռեժիսոր Գրիգոր Գասպարյանի խոսքերով` այս ֆիլմը Մհերի համար հաճելի փորձություն էր, քանի որ այն իր տեսակի մեջ եզակի է: Ֆիլմի ընթացքում գլխավոր դերակատարն ամբողջապես ներգրավված է եղել բոլոր տեսարաններում, և այդ ամենը Մհերը պատվով հաղթահարել է։
Ֆիլմի գլխավոր ուղերձը կյանքը վերաիմաստավորելու և այն ճիշտ ապրելու մասին է։ Ինչպես նշում են ռեժիսորները, գաղափարը որպես այդպիսին, առաջին անգամ չէ, որ էկրանավորվում է, շատ կան նույնատիպ սցենարով ֆիլմեր, բայց այս պարագայում ավելացվել են բազմաթիվ նյուանսներ, որոնք շատ ու շատ ֆիլմերում բացակայում են։
Ֆիլմի ստեղծման գաղափարը առաջ է եկել Մհերի ինստագրամյան հարթակում ստեղծված կոնտենտից, որտեղ նա ներկայացնում է տաքսու վարորդների՝ տարբեր իրավիճակներում։
Ռեժիսոր Գրիգոր Գասպարյանը պատմում է, որ նոր կատագերգություն ունենալու միտքը ծագել է հենց այդ սկեչերից․ էկրանավորել տաքսիստ Հենդոյի կերպարը՝ արդեն ցույց տալով նաև նրա ընտանիքի անդամներին։ Գլխավոր իրադարձությունները հյուսվում են տաքսու վարորդի՝ նույն Հենդոյի շուրջ. հերոսի մոտ տպավորություն է ստեղծվում, թե ամեն օրը կրկնվում է: Հասկանալով իրավիճակի էությունը՝ նա կարողանում է օրն այնպես կազմակերպել, որ այն տարբերվի նախորդից, և այդ փորձությունների մեջ էլ վերաիմաստավորում է իր կյանքը, սկսում ավելի մեծ ուշադրություն դարձնել իր կնոջը։ Թե ինչպես կվարվեր, եթե նույն իրավիճակում հայտնվեր արդեն ռեալ կյանքում, Մհերը պատասխանում է՝ կընտրեր հենց Հենդոյի ուղին և կսկսեր ավելի ճիշտ դիտանկյունից նայել կյանքին։
«Ինչպես վարվում է իմ մարմնավորած կերպարը, կարծում եմ, նույն կերպ էլ ես կանեի, մարդիկ միշտ պետք է գնահատեն սխալները շտկելու հնարավորությունը»,- նշում է դերասանը։
Ֆիլմում տաքսիստի կնոջը մարմնավորած դերասանուհի Ռոզի Ավետիսովան պատմում է նկարահանման հրապարակում իր ունեցած բացահայտումների և բարդությունների մասին: Նրա խոսքով՝ նույն տեսարանը մի քանի անգամ նկարահանվելն իր մեջ ուներ հետաքրքիր նրբերանգ, քանի որ յուրաքանչյուր հաջորդ կադրի համար կարող էր ավելանալ մի փոքրիկ դետալ կամ մասնիկ՝ նախորդից ավելի տարբերվող։
Ռեժիսոր Արման Սարգսյանը ներկայացրեց ֆիլմը ստեղծելու ճանապարհին առաջացած տարաձայնություների մասին: Նրա խոսքով՝ այդ տարաձայնություններն են հնարավորություն տալիս ավելի որակյալ արտադրանք մատուցել լսարանին, դա կլինի հումորային, գաղափարական կամ այլ առումներով։ Նկարհանման որոշակի բարդություններ եղանակային անհամապատասխան պայմաններով են բացատրվում, պատճառը որոշ տեսարաններ տարբեր ժամանակահատվածներում նկարահանելն էր։
Ռեժիսորներն անդրադարձան ֆիլմում երգչուհի Իվետա Մուկչյանի ներգրավածությանը։ Նրանց խոսքով՝ Իվետան ստեղծել է մի խարիզմատիկ կերպար, որը համ ու հոտ է փոխանցում ֆիլմերին, բացի դա՝ տեսախցիկի հետ աշխատելը նրա համար հաճելի գործընթաց է։
«Ֆիլմի սցենարը գրվել է 6 ամիսների քրտնաջան աշխատանքի արդյունքում, մինչև վերջին օրը կատարվում էին տեխնիկական շտկումներ»,- նշում է ռեժիսոր Գրիգոր Գասպարյանը։
Խոսելով ֆիլմի հետագա անելիքների մասին՝ դերասանական կազմը նշեց, որ նպատակ ունեն այն արտերկրում ցուցադրելու, դրսում ապրող մեր հայրենակիցներին հաճելի պահեր և էմոցիաներ փոխանցելու համար։
Հիշեցնենք, որ ֆիլմը հասանելի է բոլոր կինոթատրոններում։
Սյուզաննա Դավթյան
ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետ,
լրագրության բաժին, 3-րդ կուրս