Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս մեծ էկրան բարձրացավ ռեժիսոր, սցենարիստ Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։ Գլխավոր դերակատարը հենց ինքը՝ Տիգրան Նալչաջյանն է։ Yerkir.am-ի հետ ունեցած զրույցի ընթացքում ռեժիսորը պատմեց նկարահանման ընթացքում առաջացած բարդությունների և դերասանական կազմի ընտրության մասին։ Նրա խոսքով՝ սցենարը գրել է շատ հանգիստ պայմաններում՝ լեռներում, 2022 թ. ամռանը։
Որպես այդպիսին այն իր ժանրատեսակի մեջ կատագերգություն է, նախատեսված թե՛ ընկերների, թե՛ ընտանիքի հետ դիտելու համար։ Ռեժիտորի խոսքերով՝ նպատակը ոչ միայն դրական լիցքեր փոխանցելն է, այլ յուրաքանչյուրի սրտում բարի գործ անելու ձգտում ավելացնելը։
Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Տիգրիսը, ով խենթ կերպար է, որոշել է փոխել աշխարհը դեպի լավը և մարդկանց միջից հանել չարությունը, արդյունքում՝ անընդհատ հայտնվում է տարատեսակ զվարճալի արկածների մեջ, հանդիպում տարբեր կերպարների, որոնց մարմնավորում են ճանաչված և սիրված դերասաններ։ Բացի այդ, ֆիլմում կա բազում փորձությունների միջով անցնող շատ գեղեցիկ սիրո պատմություն։
Խոսելով դերասանական կազմի ընտրության մասին՝ Տիգրանը նշում է, որ այս անգամ լայն շրջանակներում հավակնորդների նախնական ընտրություն (քաստինգ) չի հայտարարել, և, որ ֆիլմի հաջողության գաղտնիքը նաև պրոֆեսիոնալ դերասանական խաղի մեջ է։
«2021 թ. նկարահանված «Դասարանցիներ» ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ, և ստացված ողջ շահույթը ներդրել եմ այս ֆիլմի ստեղծման համար»,- նշում է Տիգրան Նալչաջյանը։
Խոսելով նկարահանման հրապարակում իրականացված աշխատանքների մասին՝ ռեժիսորը հայտնում է, որ մինչ իր ունեցած անձնական դժբախտությունը՝ քրոջ կորուստը, ամեն բան անցել է շատ հարթ և հանգիստ միջավայրում։
«Նկարահանումները հիմնականում անցել են շատ թեթև, մինչև այն պահը, երբ իմ կյանքում տեղի ունեցավ մեծ ողբերգություն՝ քրոջս մահը։ Երկարատև դադարից հետո ես իմ մեջ ուժ գտա և վերադարձա նկարահանման հրապարակ, քանի որ մի մեծ թիմ ինձ էր սպասում։ Եվ նաև նրանք արեցին ամեն ինչ, որպեսզի նկարահանումները հարթ ընթանան, և ունենանք այն կինոն, որն արդեն կա։ Բացի այդ, իմ կերպարն ունի նմանություն քրոջս՝ Նվարդի հետ, ով հայտնի է իր բացառիկ բարեգործություններով, և ես ոգեշնչվում էի հենց նրանով»,- պատմում է ռեժիսորը։
Ընկերասիրության, սիրո և նվիրվածության ուղերձ ունեցող ֆիլմում Նալչաջյանի խաղընկերներն են ջութակահարի կերպարը կերտած Արման Ղազարյանը, Մելսիդա Հակոբյանը, որը վերջինիս սիրած աղջիկն է: Ֆիլմում հերթական անգամ իրենց դերասանական խաղով փայլել են Գեորգի Հովակիմյանը, Արթուր Հակոբյանը, Կրիստինա Հովակիմյանը, Նարեկ Մարտիրոսյանը, Սերգեյ Սարգսյանը, Սոֆյա Հովհաննիսյանը, Վահագն Գալստյանը, Հայկ Հովհաննիսյանը, Օֆելյա Հարությունյանն ու Սեպուհ Ապիկյանը:
Հավելենք նաև, որ ֆիլմի շնորհանդեսին հրավիրված էր նաև ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, սակայն Տավուշում առկա լարված իրավիճակի պատճառով Սրբազանը չէր կարողացել ներկա գտնվել։
Սյուզի Դավթյան