կարևոր
4171 դիտում, 2 տարի առաջ - 2024-02-16 13:04
Հասարակություն

Պարզ ասած՝ ստեց ու հրաժարական չտվեց. Արեգնազ Մանուկյան

Պարզ ասած՝ ստեց ու հրաժարական չտվեց. Արեգնազ Մանուկյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը գրում է․

«ՀՀ էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանը հանկարծ պարզեց, որ ինքն այլևս չի աշխատելու նախարար: Դա Նիկոլ Փաշինյանի մոտ նախարար կամ այլ պաշտոնյա աշխատողների ճակատագիրն է: Իրենք ոչ թե հեռացվում են, այլ հանկարծահաս են հեռացվում ու... հայտնվում նախաքննության տակ կամ ԱԱԾ մեկուսարանում:

Վահան Քերոբյանն, իհարկե, պետք է հեռանար շատ վաղուց՝ 2022թ. սկզբում, քանզի խոստացել էր, որ եթե 2021-ին երկնիշ տնտեսական աճ չլինի, ապա ինքը հրաժարական կտա: Երկնիշ աճը չեղավ, բայց Քերոբյանն իր խոսքից թռավ: Պարզ ասած՝ ստեց ու հրաժարական չտվեց:

Երբ նրան ԱԺ-ում հիշեցրեցի իր խոստումը, նա անհեթեթ բաներ դուրս տվեց: Ասաց՝ կատակ էր անում: Դա անլրջության գագաթնակետն էր: Հետո արդեն պարզ դարձավ, որ վիճակը ոչ թե անլուրջ է, այլ շատ լուրջ: Լուրջ՝ Քերոբյանի՛ համար:

Բանն այն է, որ Քերոբյանի հրաժարական չտալուն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ ինքն է արգելել նրան հրաժարական տալ և երբ ինքը որոշի, այն ժամանակ էլ իր նշանակած պաշտոնյաները հրաժարական կտան: Կոպիտ ասած՝ Նիկոլ Փաշինյանը փաստացի հայտարարեց, որ իր նշանակած պաշտոնյաները թրաֆիկինգի ենթարկվածների պես են. ինքն անձնագրերը ձեռքներից վերցնում է, շահագործում, ապա իր ուզած պահին դեն շպրտում:

Քերոբյանի պահը հիմա եկավ, ու Նիկոլը նրան դեն շպրտեց: Նողկալին այն է, որ Քերոբյանն այդքանից հետո շնորհակալություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին:

Հ.Գ. Կից տեսանյութում Քերոբյանի արկածներն են՝ խոստում տալու ու խոստումից հրաժարվելու թեմայով: Հազար ասեցինք՝ հրաժարակա՛ն տուր: Թե բա՝ կատակ եմ արել...»։