Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ծանոթանանք... Ես՝ կարնեցու տոհմիկ ժառանգ,
Ազգանունս՝ մի տոհմածառ, իսկ անունս՝ նոր գաղտնագիր,
Մնացածը ամենը թող ինքն իր համար հայտնագործի...»:
ՊԱՇՏԵԼԻ ԱՐՄԱՏՆԵՐՆ ՈՒ ԾՆՆԴԱՎԱՅՐԸ
Կարին-Ախալցխան քո տարերքն էր, և «ամեն կողմից լեռնապարով շրջապատված» (քո ձևակերպմամբ) Ախալցխան շատերը հենց քեզանով էին պատկերացնում, ճանաչում և սիրում. արիստոկրատիայի կենտրոն այդ ծննդավայր-քաղաքից որքան ներշնչվել, այնքան էլ սերունդների աչքում ներարկել էիր նրան վառ գույներ, նրա մի փոքրիկ փողոցի վրա ծնված ու քո պաշտելի նկարիչներ՝ հռչակավոր Վարդգես Սուրենյանցի ու Վահրամ Գայֆեճյանի գույները...
Քո պաշտելի Ախալցխայում են ննջում նաև քո ծնողները՝ վաղամեռիկ հայրիկդ և 44-օրյային քեզանից հավետ հեռացած մայրդ, մայր, որին հրաժեշտ տալու հնարավորությունը չունեցար. Արցախում էիր, ռազմաճակատում, և մայրիկի աճյունը հայրենի Ախալցխա ուղարկեցին քո ընկերները:
Վերջին տարիներին վրացական իշխանությունների հարուցած արգելքների պատճառով (այդ իմաստով՝ ճակատագրակիցներ ենք) չկարողանալով այցելել Ախալցխա՝ երևի թե չկարողացար անգամ հավուր պատշաճի խոնարհվել նրանց գերեզմանի առջև. ծնողապաշտ ու հայրենապաշտ տեսակդ ճանաչելով՝ էդ մասին չեմ էլ հարցրել՝ պատերազմից հետո միայն լուռ կարդալով խռովված հոգուդ վրա ծանրացածը...
ԱՐՑԱԽԸ
Քո տարերքի մի մասնիկն էր Արցախը՝ Առաջին գոյապայքարից մինչ Քառօրյա ու 44-օրյա, քո աշխատավայր Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի լաբորատորիայի ֆիզիկոսների հետ փորձարկած զինատեսակներից մինչև «Ազատագրական Բանակ» ջոկատի (հրամանատար` Լեոնիդ Ազգալդյան) X դասակի կազմում (հրամանատար` Ալեքսանդր Թամանյան) մասնակցություն մարտական գործողություններին, մինչ Վազգեն Սարգսյանի՝ 1992 թ. օգոստոսյան զորակոչ և Մահապարտների «Արծիվ» հատուկ նշանակության գումարտակ, մինչ քո կողմից թշնամու 2 տանկի ոչնչացում:
ՊԱՐԸ
Քո տարերքն էր այն. երկար տարիներ աշակերտելով հայ ազգային անաղարտ արվեստի մերօրյա զարթոնքի նահապետ Հայրիկ Մուրադյանին և սրտնեղելով ՀՀ-ում և՛ Կարնո, և՛ Ախալքալաք-Ախալցխայի պարարվեստի գրեթե իսպառ բացակայությունից, լցվեցիր վերջիններիս պարարվեստին և երգարվեստին նոր շունչ տալու, այն ժողովրդին վերադարձնելու վճռականությամբ և գիտական ընթացք տվեցիր այս գործին:
2001-ին հիմնադրված «Կարին» ավանդական երգի-պարի խումբը քո հերթական պոռթկումն էր. լսողությունը` անցյալի շշուկներին, հայացքը՝ ապագային հառած` «Կարինն» այսօր իրականացնում է քո իսկ ջանքերի շնորհիվ վերածնված պարերն ու երգերը պրոֆեսիոնալ մեկնաբանությամբ ժողովրդին ներկայացնելու առաքելությունը:
Շատ բաներ գիտեմ քո մտորումներից, այդ շատերից շատերը չեմ կարող այժմ ասել. կասվեն հետագայում: Ասեմ միայն՝ պայքարեցիր աննահանջ, որ լոկ բեմերում ներկայացվող ու ժողովրդից կտրված, ժողովրդից խլված հայոց պարը կրկին վերադարձվի տիրոջը: Եվ դու կարողացար դա անել, դու մերկացրիր այն տեսակետի սին ու արհեստական լինելը, թե հայ մարդը կարող է պարել միայն այն դեպքում, երբ ֆիզիկական պարամետրերը՝ մեջքը, ուսերն ու ոտքերը համապատասխանեն «նորմերին»...
Դու գոռացիր՝ 5000-ամյա մեր այդքան ոգեղեն, այդքան իշխանական պարերը, որոնցից ամեն մեկն ունի իր ուրույն ծածկագիրը, չե՛ն կարող դառնալ նորօրյա, օտարածին չափորոշիչների զոհը, ասացիր՝ ռազմապարը չի՛ կարող ներկայացվել «ռետուզ» հագած տղամարդու միջոցով...
«....Պարն ապրում է, երբ ապրում ես պարով, և մահանում է այն, երբ պարում ես ոչ թե քո, այլ այլոց համար...». հանճարեղ ես բնութագրել:
Եվ արդյունքում՝ հայ հասարակությունը հանդիսատեսից կրկին պարի մասնակիցն ու հաղորդակիցը դարձավ, և քեզանից ազդված՝ ամենուր սկսեցին ոչ միայն պարել, այլև կրել իրենց մեջ յուրաքանչյուր պարի խորհուրդը...
Եվ հայոց պարը չդարձավ գրաբար...
ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ ՔՈ ՏԵՍԱԿԸ
Լինելով տոհմիկ ազնվական՝ ողջ կյանքդ չհանդուրժեցիր ստրկամտությունն ու քծնանքը: Նորանկախ Հայաստանի բոլոր իշխանությունների օրոք եղար ըմբոստ, անխնա գտնվեցիր բոլորի հանդեպ, ովքեր տրորեցին քո դավանած արժեքները, սրբորեն հսկեցիր հայոց մշակույթն ու արթուն պահակը եղար նրա մինչև վերջին շունչդ: Ըմբոստացար թե՛ ՀՀ մշակույթի նախկին նախարարի դեմ, ով քեզ հետ հանդիպմանը ասել էր՝ «Դե մինչև ե՞րբ պետք է երկար փեշերով պարենք. աշխարհն առաջ է գնում», թե՛ ներկայիս հայրենավաճառ իշխանության դեմ, մի հանդիպման ժամանակ դավաճանի ուղիղ ճակատին ասելով՝ Սյունիքում երկու շիրիմ կա՝ Մխիթար Սպարապետինը և Մելիք Ֆրանգյուլինը, առաջինի առջև ծնկի են գալիս, երկրորդի վրա՝ հոգում բնական կարիքները, և իմացիր՝ յուրաքանչյուր հայրենավաճառ դավաճան արժանանալու է երկրորդի ճակատագրին:
ՀԱՅ ՊԱՐԻ ԿՈՄԻՏԱՍԸ
«...Հանապազօրյա խնդիր է հայ պարի Կոմիտասի հայտնությունը». ասել ես քո գրվածքներից մեկում: Քո լուսավոր հետագիծը մեզ թույլ է տալիս համարձակորեն ասելու՝ մեզանից անժամանակ հեռացավ հայ պարի Կոմիտասը՝ ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԸ....
«...Էհ, կարծես թե ծանոթացանք...
Ես՝ կարնեցու տոհմիկ ժառանգ»:
Հոգիդ լույսերի մեջ Գինոսյան Գագիկ, և յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի...
Հ.Գ. Մեր համատեղ արխիվից հանրայնացնեմ (արդեն առանց քո թույլտվության) մի քանի լուսանկարներ մեր հիշարժան օրերից, մեծ հուզմունքով և տասնապատիկ ավելի մեծ հպարտությամբ....
Վահե Սարգսյան
Yerkir.am կայքի խմբագիր