կարևոր
3934 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-05 18:44
Հասարակություն

Իսկ դուք գիտեի՞ք, որ Հայաստանի մայրաքաղաքի հանրային տրանսպորտում թյուրքական լեզվով պաշտոնական գրություններ կան. Կարապետյան

Իսկ դուք գիտեի՞ք, որ Հայաստանի մայրաքաղաքի հանրային տրանսպորտում թյուրքական լեզվով պաշտոնական գրություններ կան. Կարապետյան

Երևանի քաղաքապետի նախկին խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Իսկ դուք գիտեի՞ք, որ Հայաստանի մայրաքաղաքի հանրային տրանսպորտում թյուրքական լեզվով պաշտոնական գրություններ կան։

Միանգամից ասեմ, որ էստեղ դավադրություն չկա, այլ միայն ոչ-կոմպետենտություն, «գլխառադ» աշխատանք եւ արհամարհանք՝ պետության ու օրենքի հանդեպ։ Հիմա, ինչպես ասում են, «առաջին ձեռքից» կիմանաք՝ ոնց է էսպես ստացվել։

Ուրեմն, 2021-ին, երբ քաղաքապետարանը պատվիրեց 211 հատ Zhongtong ավտոբուսները, քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարեց, որ գնման մրցույթի պայմանների մեջ պարտադիր նշվի, որ նոր ավտոբուսներում բոլոր գրությունները լինեն հայերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով (հենց այս հերթականությամբ, հայերենը՝ ավելի խոշոր տառատեսակով)։ Գործընթացը համակարգում էր փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, եւ արդյունքում, երբ ավտոբուսների առաջին խմբաքանակը հասավ Երեւան, պարզեցինք, որ Չինաստանի մեր գործընկերների պատրաստած գրությունները մի քիչ, մեղմ ասած խառն են ստացվել՝ հայերենի փոխարեն ռուսերենն էր հայտնվել առաջին տեղում, բացի այդ, հայերեն գրությունները, մեղմ ասած, վատ էին թարգմանված, իսկ լատինատառ գրությունները, պարզվեց ոչ թե անգլերենով են, այլ ինչ-որ անծանոթ լեզվով։ Google Translate-ի միջոցով պարզեցի, որ դա ղազախերեն է կամ ղրղզերեն։ Քանի որ Ղազախստանը վերջերս է կյուրեղագրից (кириллица) անցում կատարել լատինատառ այբուբենին, ապա եզրահանգեցինք, որ դա հենց ղազախերեն է։

Հավանաբար, Ղազախստանից այդ շրջանում պատվեր էր եղել, եւ լատինատառ գրությունը գործարանում շփոթել էին։

Ինչեւէ։ Բնականաբար, այս գրություններով ավտոբուսները չէր կարելի շահագործման հանձնել։ Ուստի պատասխանատուները նկատողություն ստացան, իսկ ինձ հանձնարարվեց մշակել պատշաճ գրություններ եւ տրանսպորտի վարչության հետ միասին փոխել բոլոր ավտոբուսների գրությունները, ինչը եւ արվեց մինչեւ ավտոբուսները գիծ բաց թողնելը։ Եվ առաջին խմբաքանակի ավտոբուսներում հիմա էլ կարող եք տեսնել պատշաճ գրություններ հայերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով։

Բայց 2021-ի դեկտեմբերին, ինչպես հայտնի է, ՔՊ-ն իմպիչմենտի ենթարկեց քաղաքապետ Մարությանին, եւ դրանից հետո եկած ավտոբուսներում էդ փոփոխությունը չարվեց, գուցե որովհետեւ հավես չկար, կամ գուցե նոր կառավարիչները դա կարեւոր չեն համարում կամ մի ուրիշ պատճառով (կարող եք մեկնաբանություններում տարբերակներ առաջարկել)։

Ի դեպ, առաջին անգամ, երբ այս վիճակը տեսա, անմիջապես պրիվատ նամակով տեղեկացրեցի այն ժամանակ քաղաքապետի, իսկ այժմ ՊՆ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Հրաչ Սարգսյանին։ Նա շնորհակալություն հայտնեց տեղեկացնելու համար, բայց փաստորեն ո՛չ իր օրոք, ոչ էլ նրա հաջորդների, այս գրություններն այդպես էլ չփոխվեցին։ Կրկնեմ՝ էստեղ ես թյուրքասերների դավադրություն չեմ տեսնում, այլ միայն ոչ-կոմպետենտություն, գլխառադ աշխատանք եւ արհամարհանք պետության ու օրենքների հանդեպ։
Հ.Գ. Ի դեպ, սրանք էն նույն ավտոբուսներն են, որոնց գնումը փորձում էին վիժեցնել ՔՊ-ականները, իբր անորակ են, բայց Մարությանին հեռացնելուց հետո եւս մի քանի հարյուր հատ նույնից պատվիրեցին»։