Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ ժողովրդի ծագման հարցը տասնամյակներ շարունակ զբաղեցրել է ոչ միայն հայ և օտարազգի գիտնականներին, այլև մեր թշնամիներին, որոնք մեր պատմական հայրենիքի զավթումը փորձում են բացատրել այն հանգամանքով, թե հայերը իբր եկվորներ են իրենց անունը կրող լեռնաշխարհում, իսկ իրե՛նք՝ զավթիչները, «տեղաբնիկներ» են:
Այս պնդումը «ապացուցելու» և իրենց քաղաքական նպատակներին ծառայեցնելու համար մեր թշնամիները հենվում են արհեստականորեն ստեղծված «հայերի եկվորության տեսության» վրա:
Ե՞րբ, ինչպե՞ս և ի՞նչ նպատակներով ստեղծվեց այս տեսությունը:
19-րդ դարում ծնունդ առավ համեմատական լեզվաբանությունը, ըստ որի՝ հայերն ունեն հնդեվրոպական ծագում, մի շարք այլ ժողովուրդների հետ նախապատմական ժամանակներում կազմել են մեկ էթնիկ ընդհանրություն («հնդեվրոպական մայր ժողովուրդ») և զբաղեցրել միևնույն տարածաշրջանը, որը գիտության մեջ պայմանականորեն կոչվում է «հնդեվրոպական նախահայրենիք»:
Այդ ժողովուրդների ծագման հարցը այս տեսության շրջանակներում շաղկապված էր հնդեվրոպական նախահայրենիքի տեղադրության հետ: Տարբեր ժամանակներում գիտության մեջ գերիշխող են եղել նախահայրենիքի տեղադրության տարբեր վարկածներ (հարավարևելյան Եվրոպա, հարավռուսական տափաստաններ, Առաջավոր Ասիայի հյուսիս և այլն):
19-րդ դարում համեմատական լեզվաբանության մեջ լայն տարածում ստացավ հնդեվրոպական նախահայրենիքը հարավարևելյան Եվրոպայում տեղադրելու տեսակետը:
Դա մի կողմից, մյուս կողմից` հույն հեղինակների վարկածը հայերի բալկանյան ծագման վերաբերյալ առաջ բերեց հայերի եկվոր լինելու տեսությունը:
Ձևավորվեց մի տեսակետ, ըստ որի՝ հայերը գաղթելով Բալկանյան թերակղզուց` Ք.ա. 8-6-րդ դարերում մուտք են գործել Ուրարտու, նվաճել այն և վերջինիս անկումից հետո՝ Ք.ա. 6-րդ դարում, ստեղծել իրենց պետությունը (Երվանդունյաց թագավորությունը):
Այս տեսակետը, որը չի հիմնվում փաստերի ամբողջության վրա, ուստի և չի կարող ճշմարտացի լինել մի շարք պատճառներով, դարձավ և մինչ օրս մնում է քաղաքական շահարկումների առարկա (հատկապես պատմության թուրք կեղծարարների կողմից):
Հաջորդը հայերի ծագման վերաբերյալ հաբեթական կամ ասիանիկ տեսությունն էր, համաձայն որի՝ հայերենը ոչ հնդեվրոպական, խառնածին լեզու է, հետևաբար հայերը չեն մասնակցել հնդեվրոպական գաղթին և առաջացել են տեղաբնիկ ասիական (այդտեղից էլ «ասիանիկ» անվանումը) ցեղերից:
Այս տեսությունը չէր կարող դիմանալ լուրջ գիտական քննության և այժմ էլ մերժվում է, քանի որ չեն լինում խառնածին լեզուներ. երկու լեզուների ձուլումից չի առաջանում երրորդը:
Ժամանակին Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներին, այսպես ասած, «իրավական ձևակերպում» տալու նպատակով հույն հեղինակները շրջանառության մեջ դրեցին պարսիկների, մարերի և հայերի «հունական ծագման» վերաբերյալ տեսակետը:
Հայերի ծագման վերաբերյալ հունական ավանդությունը.
Հայերի ծագման հունական զրույցը կապվում է Հին Հունաստանում սիրված ու տարածված մի վիպաշարի` արգոնավորդների մասին ավանդության հետ:
Վերջինիս համաձայն՝ հայերի նախահայրը և Հայաստանի անվանադիրը Արմենոս Թեսալացին էր, որը Յասոնի և մյուս արգոնավորդների հետ մասնակցել է Ոսկե գեղմի համար կատարված նավարկությանը, հաստատվել Հայաստանում, որն էլ նրա անվամբ կոչվել է «Արմենիա»:
Ավանդությունը հաղորդում է, որ նրա նախնական բնակավայրը եղել է Թեսալիայի (մարզ Հունաստանում) Արմենիոն քաղաքը:
Դատելով փաստերից` հայերի ծագման մասին զրույցը ստեղծվել և արգոնավորդների ավանդությանն է զուգորդվել Մակեդոնացու արշավանքների ժամանակաշրջանում:
Ամենայն հավանականությամբ դա ունեցել է նույնպիսի քաղաքական միտում, ինչպիսիք են պարսիկների և մարերի (մեդացիներ) հունական ծագման մասին զրույցները:
Պատմության մեջ բազմաթիվ են դեպքերը, երբ որևէ նվաճող իր ծրագրերն իրականացնելուն «իրավական» տեսք տալու համար նախապես ստեղծում էր կեղծ հիմնավորումներ: Ուստի և այս ավանդության առանցքը կազմող տեղեկությունը հայերի թեսալական (հունական) ծագման վերաբերյալ չի կարող համարվել արժանահավատ:
Հայերի արևմտյան (փռյուգիական) ծագման մասին կցկտուր տեղեկություններ են պահպանվել հույն հեղինակներ Հերոդոտոսի (Ք.ա. 5-րդ դ.), Եվդոքսոսի (Ք.ա. 4-րդ դ.) և այլոց երկերում: Այդ տեղեկություններում բերված փաստարկները վերաբերում են փռյուգիացի և հայ զինվորների նման հագնված լինելուն և հայերենում փռյուգերեն շատ բառերի առկայությանը: Դրանցով, իհարկե, չի կարող բացատրվել մի ժողովրդի մյուսից ծագած լինելը. փռյուգիացիներն ու հայերը ազգակից են (ունեն ընդհանուր` հնդեվրոպական, ծագում), և նրանց լեզուներում նույն (կամ նույնարմատ) բառերի առկայությունը, առավել ևս զինվորների միանման հագուստ կրելը պետք է օրինաչափ համարել1:
Այս տեսակետը, սակայն, որոշ ժամանակ անց իրեն սպառեց, ուստի հայերի «եկվորության» նոր տեսակետ մշակեցին՝ ասելով, որ «հայերը Հայկական լեռնաշխարհ են եկել Ք. ա. 7-6-րդ դարերում, բայց Ք. ա. 9-րդ դարի Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում հիշատակվում են բազմաթիվ հայանուն աստվածներ՝ ընդ որում, յուրահատուկ հայկական անուններով: Հնդեվրոպական մայր լեզվից դուստր լեզուներին անցնելիս յուրաքանչյուր լեզու դրսևորում է իր առանձնահատկությունները:
Հնդեվրոպական նախալեզվից հայկականացված այս ձևերը գոյություն ունեն միայն հայերենում: Բացառվում է երկրորդ բացատրությունը:
Այստեղ ոչ միայն անհեթեթ է այն տեսակետը, թե հայերը Հայկական լեռնաշխարհ են եկել Ք. ա. 7-6-րդ դարերում, այլև պարզորոշ զգացվում է միտումը: Այդ «տեսակետը» պաշտպանող հեղինակներին ձեռնտու էր, որ հայերը լինեին եկվոր»2:
Նպատակը, իհարկե, քաղաքական է, որն ամենից շատ ձեռնտու է Թուրքիային և որն այս հարցում կարծես ունի նաև ԱՄՆ-ի «հայագետների» աջակցությունը. շատ հանրահայտ «Հայ ժողովուրդը հնից մինչև նոր ժամանակները» երկհատորյակում, որը խմբագրել է Ռիչարդ Հովհաննիսյանը, հայ ժողովրդի կազմավորման վաղ շրջանը և Ուրարտուի պատմությունը գրել է հրեա Ջեյմս Ռասելը (Հարվարդի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչն է): Այդ ամբողջ բաժինը լեցուն է անհեթեթ սխալներով (Բելի հակառակորդը Վահագնն է, Էրեբունի ամրոցը հիմնադրել է Արգիշտի Բ-ն և այլն):
Այնտեղ իշխողը ուղղակիորեն հայերի եկվորության նոր «տեսակետն» է: Այսինքն՝ փնտրեցին, գտան մի հարմար շրջան, որտեղ կարելի է հայերին եկվոր համարել, իսկ դա Ք. ա. 13-րդ դարի վերջը և 12-րդի սկիզբն էր, երբ Բալկանների տարածքից դեպի Առաջավոր Ասիա ներխուժեցին մի շարք կիսավայրենի ցեղեր (եգիպտական աղբյուրներում նրանց անվանում են «ծովի ժողովուրդներ»): Հայանուն ոչ մի տարր չի նկատվում այնտեղ: Հայերին կապեցին մուշքերի հետ: Այդ կապը «բացատրեցին» մուշք բառի վերջին ք տառով, որը գրաբարյան հոգնակիակերտն է: Այս տրամաբանությամբ ք-ով ավարտվող բոլոր տեղանունները և ցեղանունները պետք է հայկական անվանել…»3:
Հունական ավանդությանը հակադրվում են արաբական և վրացական ավանդությունները:
Վրացական ավանդությունը ստեղծվել է հայկականի ազդեցությամբ և գրի է առնվել 9-11-րդ դարերի վրաց հեղինակների կողմից (Անանուն պատմիչ, Լեոնտի Մրովելի և այլք):
Ըստ վրացական ավանդության՝ Թարգամոսի (Թորգոմի) ութ որդիներից առաջացան մի շարք ժողովուրդներ. ավագ որդի Հայոսից` հայերը, Քարթլոսից` վրացիները, մյուս որդիներից` կովկասյան մի շարք ժողովուրդներ:
Այն որոշակիորեն կրում է իր ստեղծման ժամանակաշրջանի քաղաքական իրավիճակի կնիքը, երբ հայոց Բագրատունի արքաների ազդեցությունը տարածված էր այսրկովկասյան երկրներում:
Դրանով էլ պետք է բացատրել ութ եղբայրներից Հայոսի ավագը լինելու հանգամանքը:
Արաբական ավանդությունը ևս հայերի ծագումը կապում է ջրհեղեղից հետո ազգերի` Նոյի որդիներից առաջացած լինելու պատկերացման հետ: Այն առավել հանգամանորեն շարադրված է 12-13-րդ դարերի արաբ մատենագիրներ Յակուտիի և Դիմաշկիի երկերում: Ըստ այդ ավանդության՝ Նոյի որդի Յաֆիսից (Հաբեթ) ծնվեց Ավմարը, ապա նրա թոռ Լանթան (Թորգոմ), որի որդին էր Արմինին (հայերի նախնին), և որի եղբոր որդիներից սերում են աղվաններն ու վրացիները: Այս ավանդությունը ազգակից է համարում հայերին, հույներին, սլավոններին, ֆրանկներին և իրանական ցեղերին. հետաքրքիր է, որ այն պահպանել է ազգակից հնդեվրոպական ժողովուրդների միասնության շրջանից եկող հիշողությունը:
Դե, իսկ հին եբրայական ավանդությունը գրի է առնվել Հովսեպոս Փլավիոսի (Ք.ա. 1-ին – Ք.հ. 1-ին դդ.) «Հրեական հնախոսության» էջերում:
Ավանդության համաձայն՝ «Ուրոսը հաստատեց Հայաստանը»:
Հայագիտության մեջ այդ տեղեկության սկզբնաղբյուրի և մեկնաբանության վերաբերյալ չկա միասնական տեսակետ: Կա կարծիք, որ այստեղ խոսքը Արամ նահապետի որդի Արա Գեղեցիկի մասին է: Ըստ մեկ այլ տեսակետի՝ Ուրոսը կարող է լինել Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում հիշատակվող արքա «Ռուսա Էրիմենայի որդին»: Ասորեստանյան սեպագիր աղբյուրներում «Ռուսա» անունը հիշատակվում է նաև «Ուրսա» տարբերակով, իսկ «Էրիմենա»
անունը կարող է մեկնաբանվել և՛ որպես անձնանուն, և՛ որպես ցեղանուն4:
Ինչ վերաբերում է հայ ժողովրդի ծագման մասին հայկական աղբյուրներին կամ ավանդությանը, ապա այն մեզ է հասել պատմահայր Խորենացու կողմից.
«Աստվածներից առաջիններն ահեղ էին և երևելի և աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի ու բազմամարդության սկիզբ: Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը… Սրանցից մեկն էր և Հապետոսթյան Հայկը…. իսկ մեր աշխարհը, մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք…»5:
Քրիստոնեական ժամանակաշրջանում հայկական ավանդությունը ենթարկվում է ձևափոխության` հարմարեցվելով Աստվածաշնչի պատկերացումներին, որոնց համաձայն՝ համաշխարհային ջրհեղեղից հետո ողջ մարդկությունը սկզբնավորվեց Նոյի երեք որդիներից (Հաբեթ, Քամ և Սեմ):
Ըստ ավանդության՝ նորացված, քրիստոնեացված տարբերակի Հայկ նահապետը համարվում է Հաբեթի ժառանգներից Թորգոմ նահապետի որդին. այդտեղից էլ՝ միջնադարյան գրավոր աղբյուրներում Հայաստանին տրված «Թորգոմա տուն» և հայերին տրված «Թորգոմյան ազգ» անվանումները:
Այսպիսով՝ ինչպես տեսնում ենք, թե՛ հայկական, թե՛ վրացական, թե՛ արաբական ավանդությունները հերքում են «հայերի եկվորության» տեսությունը, բայց այս աղբյուրներից բացի՝ բազմաթիվ գիտնականներ, ինչպես նաև ժամանակակից գենետիկական հետազոտություններ փաստել են, որ հայ ժողովուրդը իր անունը կրող լեռնաշխարհի բնիկն է, ասել է թե՝ հայ ժողովրդի ծագումն ու զարգացումը տեղի է ունեցել Հայկական լեռնաշխարհում, որին հետագայում դարձյալ քաղաքական նպատակներով արհեստականորեն պետք է կպցնեին «Անատոլիական բարձրավանդակ» և «Հարավային Կովկաս» եզրույթները:
1980-ական թթ. հնդեվրոպական նախահայրենիքի տեղի հարցը որոշակիացավ: Այն Ք.ա. 5-4-րդ հազարամյակներում գտնվել է Առաջավոր Ասիայի հյուսիսում՝ Հայկական լեռնաշխարհում, Փոքր Ասիայի արևելյան շրջաններում, Հյուսիսային Միջագետքում և Իրանական սարահարթի հյուսիս-արևմուտքում: Հերքվեց հայերի եկվորության հարցը: Հայ ժողովուրդը կազմավորվել է իր պատմական հայրենիքում՝ Հայկական լեռնաշխարհում6:
Հակառակ սրան՝ Հայաստանում 2023 թ. հրատարակված 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքում հեղինակը, թեև ոչ բացահայտ, բայց առաջ է տանում «հայերի եկվորության տեսությունը» (այս մասին «Դրօշակի» 2023 թ. 12-րդ համարում արդեն խոսել ենք)՝ պնդելով. « …Ամենից վճռորոշ գաղթը կատարեց հոմո սապիենսը, որը սնունդ փնտրելու նպատակով մոտ 80.000 տարի առաջ Արևելյան Աֆրիկայից շարժվեց դեպի հյուսիս: Գաղթականները հասան Արևմտյան Ասիա, նաև Հայկական լեռնաշխարհ»7,—շատ վարպետորեն «մոռանալով», որ մինչ այդ էլ Հայկական լեռնաշխարհը բնակեցված էր (այդ մասին են վկայում, ինչպես արդեն ասել ենք, Գուգարքի 1.8 միլիոն տարեկան բնակատեղին և Արցախի Հադրութի շրջանի Ազոխի քարանձավի 300.000 տարեկան թվագրվող մարդկային մնացորդները)8:
Հաշվի չառնելով այս ամենը և փաստորեն արտահայտելով Հայաստանի ղեկավարության պաշտոնական տեսակետը՝ Ս. Հովհաննիսյանը հիշատակում է հայերի «բալկանյան ծագման» տեսությունը, իսկ պատմահայր Խորենացու տվյալները համարում է «առասպելական»։
«Հայերի եկվորության տեսությունը» հերքել և հերքում են ոչ միայն Աստվածաշունչն ու բազմաթիվ հայ գիտնականներ, այլ նաև օտարերկրյա բազմաթիվ ուսումնասիրողներ, մասնավորապես․ «20-րդ դարի 80-ական թվականներից մինչ օրս հնդեվրոպական նախահայրենիքի տեղադրության տեսությունը, որը կապվում է Հայկական լեռնաշխարհի և հարակից շրջանների հետ, վերարծարծեցին ոչ հայազգի մասնագետներ: Ժամանակին այդ մասին գրվել է, լույս են տեսել մենագրություններ: Հիշատակենք Վյաչեսլավ Իվանովի և Թամազ Գամկրելիձեի համահեղինակած «Հնդեվրոպացիները և հնդեվրոպական լեզուները» ստվարածավալ երկհատորյակը:
Անգլիացի Քոլին Ռեմֆրյուն, ռուս նշանավոր գիտնական Սերգեյ Տոկարևը և շատ ուրիշներ նորանոր փաստերով հիմնավորում են, որ հնդեվրոպական նախահայրենիքը գտնվել է Հայկական լեռնաշխարհում, Փոքր Ասիայի արևելքում, Միջագետքի հյուսիսում և Իրանի հյուսիսարևմտյան շրջաններում:
Բնականաբար, նախահայրենիքի կենտրոնում գտնվելով՝ մենք մնացինք մեր հայրենիքում»9:
Թե’ այս և թե’ «հայերի եկվորության տեսությունը» մեր օրերում անհրաժեշտ էր ստուգել ժամանակակից գենետիկայի միջոցով, ինչն էլ արեցին հայ և արտասահմանցի հայագետները, որոնք հետազոտել են Բալկաններից և Հայկական լեռնաշխարհից ստացված հնագույն ԴՆԹ-ի նմուշները` նեոլիթից մինչև անտիկ դարաշրջան և համեմատել են այդ նմուշները նշյալ տարածաշրջանների այսօրվա բնակիչների ԴՆԹ-ի հետ։ 2021 թ. դեկտեմբերի 22-ին հրապարակվեցին արդյունքները. «Ամբողջական գենոմային վերլուծության արդյունքում պարզվել է, որ հայկական գենոֆոնդն ունի ավելի քան 6000 տարվա շարունակական գենետիկական պատմություն։ Այս պատկերն էականորեն տարբերվում է հարավարևմտյան Ասիայի՝ արտաքին գենետիկական զգալի ազդեցությունների ենթարկված այլ պոպուլյացիաների ժողովրդագրական պատմությունից։
Մի քանի հազարամյակների ընթացքում գենոֆոնդի կայունության բարձր մակարդակով հայերն առանձնանում են նույնիսկ Սարդինիայի բնակչությունից, որը երկար ժամանակ համարվում էր դասական՝ գենետիկական իզոլյատ նեոլիթից ընդհուպ մինչև բրոնզի դարի վերջը, այն դեպքում, երբ գրեթե ողջ մայրցամաքային Եվրոպան ենթարկվել է բազմաթիվ ներխուժումների օտարերկրացիների կողմից, որոնց գենետիկական ազդակները պահպանվել են մինչ օրս»10:
Այլ կերպ ասած՝ Հայկական լեռնաշխարհի վաղնջագույն շրջանի բնակիչների ԴՆԹ-ն և այսօրվա հայերի ԴՆԹ-ն նույնն են, ինչն էլ ապացուցում է, որ հայ ժողովուրդը սկզբնավորվել, կազմավորվել և զարգացել է Հայկական լեռնաշխարհում, այսինքն` բնիկ է:
Այս փաստերի համադրումից հետո բնական հարց է առաջանում․ ի՞նչ նպատակով է ՀՀ ԿԳՄՍՆ-ի պատվերով հրատարակվող դասագրքում ներառվել «հայերի եկվորության» տեսությունը՝ հաշվի չառնելով դրա վտանգավորությունը:
Մասնավորապես այս տեսությունը շատ ձեռնտու է պատմության կեղծարարությամբ աչքի ընկնող Թուրքիային և Ադրբեջանին, որոնք միլիոնավոր դոլարներ են ծախսում ապացուցելու համար, որ հայերը Հայաստանում եկվորներ են և այստեղ են հայտնվել միայն 15-16-րդ դարերում և յուրացրել «քրիստոնյա աղվանների մշակույթը»:
Մինչև «թավշյա հեղափոխությունը» հայկական պատմագիտությունը հիմնվում էր հայերի տեղաբնիկության ակնհայտ փաստերի վրա, և ըստ այդմ էլ կառուցվում էր պետական քաղաքականությունը։ 2018 թ. «թավշյա հեղափոխությունից» հետո վերանայվեց նաև այս մոտեցումը, և հայկական պատմագիտության մեջ սկսեցին ակտիվություն ցուցաբերել թուրքական տեսակետները պաշտպանողները, հայոց պատմության դասագրքերի ու Հայկական լեռնաշխարհի քարտեզների աղավաղումը Հայաստանի ներկայիս իշխանության կողմից դեռ ամենը չէր․ օրեր առաջ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողը հայտարարեց, թե իբր մի շարք ուսուցիչներ իրեն առաջարկել են «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել «Հայաստանի պատմություն» անվամբ11:
Այս ձևակերպումը բավականին վտանգավոր է, որովհետև «Հայոց պատմությունը» բավական լայն հասկացություն է և իր մեջ ներառում է ոչ միայն Հայկական լեռնաշխարհի վաղնջագույն` նախապետական, ժամանակաշրջանի, պետականությունների, Մեծ և Փոքր Հայքերի, այլ նաև հայկական մշակույթի, Կապադովկիայի, Կիլիկիայի, պետականության բացակայության պայմաններում հայ առաքելական եկեղեցու գործունեության, հայկական գաղթօջախների ու Սփյուռքի, Հայոց ցեղասպանության և Արցախի պետականության պատմությունը, իսկ «Հայաստանի պատմությունը» ունի ընդգծված նեղ իմաստ։ Քանի որ ըստ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողի` Հայաստան է միայն այն 29. 800 քառ կմ-ը, որը Քեմալ-Լենին ապօրինության հետևանքով է փոքրացվել, ուրեմն «Հայաստանի պատմությունն» էլ միայն 29. 800 քառ կմ-ի պատմություն է, ասել է թե` Արցախն ու Նախիջևանը, Վանն ու Կիլիկիան, Սիփանն ու Մասիսը, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցն ու Բեյրութի Հայկազյան համալսարանը, Մադրասի խմբակն ու Վենետիկի Մխիթարյան միաբանությունը հայերի հետ որևէ աղերս չունեն, իսկ 29. 800 քառ կմ-ի պատմությունը, եթե անգամ սկսեն էլ 1918-ից, ապա էլի’ խեղաթյուրված է, քանզի Ադրբեջանի շահերից ելնելով՝ ամենայն հավանականությամբ Տիգրանաշենը, Սյունիքի, Տավուշի ու Գեղարքունիքի մի շարք բնակավայրեր ներկայացվելու են որպես «անկլավներ», իսկ Թուրքիայի ու Ադրբեջանի համար թշնամական համարվող կերպարները` Արամ Մանուկյանը, Դրոն, Ռուբեն Տեր-Մինասյանը, Մ. Սիլիկյանը, որոնք կանգնած են Հայաստանի Հանրապետության ստեղծման ակունքներում, Զանգեզուրը պահած Նժդեհն ու ժողովրդական հերոս Անդրանիկը կա՛մ կհեռացվեն հայոց պատմությունից, կա՛մ էլ խորհրդային տարիների օրինակով կներկայացվեն բացասական լույսի ներքո:
Արցախը վերադարձնելը ավելի հեշտ է լինելու, քան աղճատված պատմական հիշողությունը վերականգնելը։ Ավելին, նաև մեր ամբողջական պատմության ընկալմամբ ենք զորանալու՝ Արցախը և ոչ միայն Արցախը ետ բերելու համար12։
Հայ ժողովրդի պատմական հիշողությունը ջնջելու միտում ունի «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» վերանվանելը, իսկ հայ ժողովրդի պատմական հիշողությունը այն զենքն է, որով դարեր շարունակ հայությունը պայքարել է բոլոր տեսակի մարտահրավերների դեմ և հասել 21-րդ դար, հետևաբար Հայաստանի ու հայության ֆիզիկական և հոգևոր անվտանգությանը սպառնացող իշխանության ձեռքը հնարավորինս արագ բռնել է պետք, որպեսզի Հայաստանում թուրքական շահերը սպասարկողները միայն 13-րդ դարում մեր տարածաշրջանում հայտնված թրքախոսներին մեր հայրենիքի տերը դարձնելու համար պատմահայր Խորենացուն՝ «պատմակեղծարար», հայերին էլ «եկվոր» չդարձնեն՝ նպաստելով պանթյուրքիստական քաղաքականության իրականացմանը:
Հայության պատմական հիշողությունը, ինչպես նշեցինք, ամենազորեղ զենքն է թշնամու դեմ, այդ հիշողությունը անաղճատ պահելը` օրվա հրամայական, լինել-չլինելու կենսական խնդիր, իսկ լինելու համար Հայաստանը պետք է ազատագրվի թուրքական շահերն սպասարկող ապազգայինների իշխանությունից: Ազգային, քաղաքական, զինվորական ու մտավորական շրջանակները այս ուղղությամբ հսկայական աշխատանք ունեն կատարելու:
__________________________________
1․http://www.historyofarmenia-am.armin.am/am/Encyclopedia_of_armenian_history_hay_joxovrdi_tsagumn_u_kazmavorumy (մուտք՝ 1.02.2024)։
2. https://www.hayagitaran.am/2014/02/id-3967.html (մուտք՝ 1.02.2024)։
3. Նույն տեղում։
4.http://www.historyofarmenia-am.armin.am/am/Encyclopedia_of_armenian_history_hay_joxovrdi_tsagumn_u_kazmavorumy (մուտք՝ 1.02.2024)։
5. Խորենացի Մ., Հայոց պատմություն., Եր., 1981., էջ 109-113։
6. Гамкрелидзе Т., Иванов В., «Индоевропейский язык и индо-европейцы», т. II, Тбилиси, 1984, Պետրոսյան Ա., Հայոց ազգածագման հարցեր, Եր., 2006, Петросян А., Этногенез (Армяне. Серия «Народы и культуры», М., 2012, с. 42-49։
7. Հովհաննիսյան Ս., Հայոց պատմություն 7, Եր., 2023., էջ 21։
8. Մելքոնյան Ա., Հայոց պատմության դասագրքերը թուրքական շահերի պաշտպան., «Դրօշակ», 2023., թիվ 12., էջ 28։
9. https://www.hayagitaran.am/2014/02/id-3967.html։
10. https://escs.am/am/news/11092։
11. https://168.am/2024/01/14/1982844.htm։
12. https://yerkir.am/hy/article/2024/01/23/24041։
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
ա) Գրականություն
1. Խորենացի Մ., Հայոց պատմություն., Եր., 1981
2. Հովհաննիսյան Ս., Հայոց պատմություն 7, Եր., 2023
3. Պետրոսյան Ա., Հայոց ազգածագման հարցեր, Եր., 2006
4. Гамкрелидзе Т., Иванов В., «Индоевропейский язык и индо-европейцы», т. II, Тбилиси, 1984
բ) Մամուլ
1. «Դրօշակ», 2023., թիվ 12
2. Петросян А., Этногенез (Армяне. Серия «Народы и культуры», М., 2012
գ) Համացանցի նյութեր
1. http://www.historyofarmenia-am.armin.am (մուտք՝ 1.02.2024)
2. . https://www.hayagitaran.am/2014/02/id-3967.html (մուտք՝ 1.02.2024)
3. https://escs.am/am/news/11092 (մուտք՝ 1.02.2024)
4. https://168.am/2024/01/14/1982844.htm (մուտք՝ 1.02.2024)
5. https://yerkir.am/hy/article/2024/01/23/24041 (մուտք՝ 1.02.2024)
Անի Մելքոնյան