կարևոր
4246 դիտում, 6 ամիս առաջ - 2023-12-30 22:49
Քաղաքական

Նոր տարվա գիշերը, երբ իրար խաղաղություն կմաղթեք. պատգամավորն ամփոփել է տարին

Նոր տարվա գիշերը, երբ իրար խաղաղություն կմաղթեք. պատգամավորն ամփոփել է տարին

ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ամփոփել է տարին՝ նշելով․

«Որևէ բանական մարդ չի կարող պատերազմ ցանկանալ, չի կարող դեմ լինել խաղաղությանը։ Պատերազմը մահ է, տառապանք, ավեր ու կոտորած է, արյուն, արցունքներ ու խեղված ճակատագրեր է։ Որևէ բանական մարդ չի կարող դեմ լինել խաղաղությանը։ Խաղաղությունը շատ թանկ արժեք է։ Եվ որպես ցանկացած թանկագին մի բան, այն շատ դժվար է տրվում, ջանք ու պայքար է պահանջում, քանզի կլինեն մարդիկ, ցեղեր ու պետություններ, ովքեր կցանկանան պատերազմով խլել այն ինչ որ քոնն է, ինչն աստված է քեզ տվել, ինչը դու ստեղծել ես քո արդար քրտինքով, ինչի համար պայքարել են քո նախնիները։ Կարող ես պայքարել ու պաշտպանել քո խաղաղությունը, արժանապատվությունը, բարեկեցությունը, իսկ կարող ես ասել․ «սա էլ քեզ, մենակ կռիվ չլինի»։ Ու այդպես՝ ամեն ինչ տալ, քանի որ առանց դիմադրության արժանանալու քեզանից ձու խլողը ձի էլ կխլի, տունդ ու ընտանիքդ էլ կխլի, երկիրդ էլ կխլի, կյանքդ էլ կխլի․․․

Տարեվերջին, երբ ինտենսիվացան «խաղաղության պայմանանագրի» վերաբերյալ խոսակցությունները, շատ պարզ դարձավ, թե Ադրբեջանն ինչ զիջումներ է մեզանից պահանջում` «խաղաղություն» բաշխելու դիմաց։ Ինչը որ Հայաստանի իշխանությունները գաղտնի էին պահում, այլևս թաքցնել չի ստացվում։ Մենք կանգնել ենք մի իրավիճակի առաջ, ինչը կամ տիեզերական անտաղանդության կամ դժոխային դավաճանության հետևանք է։

Չեմ ուզում շատ երկար պատմական էքսկուրս կատարել, հիշեցնել, թե ինչ էին ասում ընդդիմադիր, նախապատերազմյան և հետպատերազմյան Նիկոլները, ինչպես են իշխանության ներկայացուցիչները, գերագույն գլխավորի առաջնորդությամբ, աղճատում պատմական փաստերը, աղավաղում իրականությունը։ Անդրադառնանք Հայաստանի դեմ 2022 թվականի սեպտեմբերի ագրեսիայից հետո Փաշինյանի վարած քաղաքականությանը։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում նա հայտարարեց, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այստեղ ոչ մի նորություն չկար։ Որպես ՄԱԿ անդամ-պետություն Հայաստանը միշտ էլ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն միշտ հստակեցրել է, որ Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ որևէ կապ չունի։ Արցախն Ադրբեջանի կազմում չէ, նրա իրավազորությունից ու ինքնիշխանությունից դուրս է։ Այս տարի մայիսին Փաշինյանն արեց այն, ինչ 1988-ից այս կողմ Հայաստանի որևէ իշխանություն չէր արել։ Նա ճանաչեց Ադրբեջանի գերիշխանությունն Արցախի նկատմամ։ Ավելի պարզ՝ նա Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, հայտարարելով, որ ճանաչում է Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը։ Շատ չընդարձակվելու համար հիմա չանդրադառնանք, թե առանց սահմանազատման ու սահմանագծման (այսինքն՝ իրավաբանորեն ֆիքսելով, թե որտեղով է անցնում հայ-ադրբեջանական սահմանը) ինչպե՞ս որոշեցին Ադրբեջանի մակերեսը, կամ ի՞նչպես է Հայաստանը «երաշխավորելու» այդ 86,6 հազար քառակուսի կիլոմետրը, եթե մի օր Ադրբեջանը որոշի Թուրքիայի լավության տակից դուրս գալու համար նրան մի քանի քառակուսի կիլոմետր նվիրել։

Երբ Փաշինյանին պատասխան ես պահանջում, թե ինչու՞ նա հրաժարվեց, լքեց ու դավաճանեց Արցախը, նա է սկսում է մեղքը բարդել «նախկինների», «ներկա» արցախցիների, միջազգային հանրության ու սատանին գիտի էլ ում վրա։ Սակայն, նրա ուղերձը պարզ ու թափանցիկ է․ ինքը ՀՀ վարչապետն է ու պատասխանատու է միայն Հայաստանի համար։ Այսինքն՝ Փաշինյանը հրաժարվեց Արցախի անվտանգության երաշխավորի հանձնառությունից, քանզի պաշտպանելով Արցախը, ըստ իրեն, վտանգում է Հայաստանի անվտանգությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Ըստ Փաշինյանի՝ Հայաստանն ու Արցախն իրար հետ անհամատեղել են։ Նույնիսկ այսօր, Արցախի հայաթափումից ու Ադրբեջանին ժամանակավորապես բռնակցումից հետո, Հայաստանի իշխանությունները վախենում են անգամ արտասանել «Արցախ» բառը և ամեն ստորության պատրաստ են, որպեսզի արցախցիները հանկարծ չունենան օրինական ներկայացուցիչներ ու կարողանան Արցախի դատը պաշտպանել միջազգային հարթակներում։

Բրյուսելում կայացած հանդիպումից հետո Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, թե Փաշինյանն ու Ալիևը ճանաչել են համապատասխանաբար Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությունները։ Անձամբ ես Ալիևից որևէ նման պնդում չեմ լսել։ Փաստորեն, Եվրախորհրդի տրամադրած հարթակում Փաշինյանը ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ Ադրբեջանը․․․․ Ադրբեջանը Նիկոլին ուղղակի խաբեց։ Նա այլևս Բրյուսել չգնաց ու չհաստատեց, որ ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Նա չգնաց նաև Վաշինգտոն։ Արևմուտքում zogovrdi varcapete պարտվեց խորամանկ աղվես Ալիևին։

Հյուսիսային հարթակում իրավիճակը պակաս ողբալի չէ։ Փաշինյանը փորձեց օգտվել Ուկրաինայում Ռուսաստանի «զբաղված լինելու» հանգամանքից ու փոխել Հայաստանի, այսպես կոչված «արտաքին քաղաքական վեկտորը», փորձեց հակամարտության ու հրադադարի միջնորդ Ռուսաստանին դարձնել հակամարտության կողմ ու մի կողմ քաշվել՝ հայտարարելով, թե Արցախը բացառապես ռուսների պատասխանատվությունն է։ Արդյունքում՝ ոչինչ չշահեց մինչդեռ Ալիևը կարողացավ բարեկամանալ թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի հետ։

Եվ ստացանք այն ինչ ստացանք։ Ադրբեջանը հայտարարում է, թե պարտադիր չէ, որ խաղաղության պայմանագիրն անդրադառնա սահմանազատմանն ու սահմանագծմանը (այսինքն՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանին ու հետևաբար՝ երկու երկրների մակերեսին)։ Ի տարբերությունը Փաշինյանի, Ալիևը հրաժարվեց ճանաչել այն սահմանները, որոնք ուրվագծում են Հայաստանը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանն այսօր հող է ստեղծում, որ վաղը սահմանազատումը Հայաստանի դեմ նոր ագրեսիայի ու Հայաստանից նոր տարածքներ պոկելու պատրվակ օգտագործելու համար։ Բայց սա դեռ ամբողջը չէ։

Մի քանի օր առաջ Շառլ Միշելը բացահայտում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև «Ադրբեջանը նախիջևանին կապող ճանապարհի իրավական ռեժիմի վերաբերյալ անհամաձայնություն կա»։ Նիկոլն ու իր շրջապատը էդ անտեր «խաղաղության խաչմերուկի» ծրագիրն առած երկրե-երկիր են գնում, իսկ Ադրբեջան, պարզվում է, այդ խաչմերուկի ամենակարևոր հատվածի շուրջ Հայաստանի հետ վեճ ունի։ Նիկոլի թվի Հայաստանն այդ թղթի կտորից բացի ոչինչ չունի, իսկ Ադրբեջանը հանգիստ մանևրում է ՌԴ և ԵՄ միջև։ Նա կարող է ռուսներից էլի ինչ որ մի բան կորզել Հայաստանից պահանջելով, որ այդ ճանապարի անվտանգությունն ապահովեն ռուս սահմանապահները (ինչպես որ նախատեսված էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ), իսկ կարող է համաձայնվել, որ ճանապարհի ու սահմանի անվտանգությունն ապահովի եվրոպական FRONTEX-ը (ինչը ցանկանում կամ պահանջում է Եվրոպան և նախընտրում են ՀՀ իշխանությունները)։

Սա էլ դեռ քիչ է, վերջերս Ադրբեջանի խորհրդարանը հայտարարեց, որ պաշտպանում է «արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց պատմական հայրենիքը վերադառնալու իրավունքը»։ Ցանկացած գիտակից մարդու համար պարզ է, թե ինչ ապագա է սպասում Հայաստանին, եթե Հայաստանում բնակություն հաստատեն հարյուր հազարավոր ադրբեջանցիներ։ Անտարակույս, նրանք կցանկանան այն շրջաններ, որտեղ որ նրանք բնակվել են 1988-90 թվականներին, այսինքն՝ Սյունիք, Սևանի արևելյան ափ, Վայոց Ձոր ու Երևանի անմիջական շրջակայք․․․

2022 թվականից հետո ադրբեջանցիները համարյա չեն խոսում «Արցախի օկուպացիայի վնասի փոխհատուցման» մասին։ Կարծում եմ, երկար չի տևի մինչև նրանք նաև այդ խաղաթուղթն օգտագործեն։

Դե ինչ, ի մի բերենք, թե ի՞նչ «խաղաղության» պայմանագիր է ուրվագծվում։ Փաշինյանը զիջեց Արցախը, որպեսզի «ապահովագրի» Հայաստանը։ Սակայն, Ադրբեջանը հրաժարվում է 1) ճանաչել Հայաստանի սահմանները, 2) ճանաչել Հայաստանի բացարձակ ինքնիշխանությունը Հայաստանի տարածքով անցնող ճանապարհների վրա, 3) Արցախից բռնի տեղահանում է հայերին (ենթարկում է էթնիկ զտման), բայց պահանջում է ադրբեջանցիների վերադարձը Հայաստան, 4) ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարում է, որ Հայաստանի կողմից Ղարաբաղի «օկուպացիան» միլիարդների վնաս է Ադրբեջանին հասցրել։ Ուրեմն ի՞նչ։ Հայաստանը, չունենալով որևէ իրավունք, Արցախը զիջում է Ադրբեջանին, բայց փոխարենը ստանում է․․․․ Փոխարենը ստանում է նոր, ավելի սարսափելի պատերազմի վտանգ։ Իսկ ու՞ր կորան խաղաղությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Սա՞ է արդյոք այն խաղաղությունը որը դուք Նոր Տարվա գիշերն իրար եք մաղթելու․․․»։