կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-12 11:06
Առանց Կատեգորիա

ԺՈՂՈՎՈՒՐԴ. Ընկան իրենց փորած փոսը

ԺՈՂՈՎՈՒՐԴ. Ընկան իրենց փորած փոսը

«Եթե մինչ օրս մեզ ասում էին, որ` գիտե՞ք միջազգային կառույցներ, տարբեր պետություններ փայլուն գնահատականներ են տալիս վարվող տնտեսական քաղաքականությանը, և ամեն մի արևմտյան կազմակերպության գնահատական` գրված օտար լեզվով, մեզ հրամցնում էին որպես մեծագույն հաջողություն, որին արդեն իրենք էլ էին հավատում, ապա այսօր հենց այդ թակարդի մեջ են»,- ասում է վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը պահանջող ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը:

-Եվ այսպես, ըստ «Ֆորբս»-ի` Հայաստանի տնտեսությունը վատագույնն էր տասնյակում` Մադագասկարից հետո: ՀՅԴ-ն մշտապես քննադատել է Տիգրան Սարգսյանի կառավարությանը, այս առումով ի՞նչ ունեք ավելացնելու:

-Ոչ թե ավելացնելու, այլ հաստատելու այն, որ դեռ այն ժամանակ, երբ կառավարությունը հպարտանում էր տարբեր վարկանիշային աղյուսակներում բարձր տեղերով, մենք ասում էինք, որ պետք չէ դրանք հիմք ընդունել և փորձել ամեն ինչ անել բացառապես վարկանիշային աղյուսակներում բարձր տեղեր զբաղեցնելու համար: Եվ հենց ճգնաժամի սկզբնական շրջանում կառավարությունը նպատակաուղղված քաղաքականություն էր վարում, որպեսզի ավելի բարձր տեղ զբաղեցնի այդպիսի աղյուսակներում:

Բոլոր նրանք, ովքեր ծանոթ են դրանց կազմման մեթոդաբանությանը, համոզված կարող են ասել, որ այնքան էլ միանշանակ չէ դրանց հիման վրա եզրակացություն կատարելը: Օրինակ` նեոլիբերալ աղյուսակներում Հայաստանը բարձր տեղեր է զբաղեցնում, բայց հենց դրանցով բարձր տեղեր ապահովում էին այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են, օրինակ, հարկահավաքման ցածր ցուցանիշը. նեոլիբերալները համարում են, որ ինչքան պետության միջամտությունը տնտեսության մեջ քիչ է, այնքան ավելի լավ:

Եվ դա էր պատճառը, որ շատ անգամ ՀՀ-ն ավելի առաջատար դիրքեր էր զբաղեցնում, քան զարգացած պետությունները: Այսինքն` տնտեսական քաղաքականությունը չպետք է կրի իմիտացիոն բնույթ: Մյուսը շինարարության թույլտվության ժամկետների կրճատման ուղղությամբ ներկայացված քաղաքականությունն է: Եվ մեր քննադատությունն այն էր, որ ասում էինք` զբաղվե՛ք կոնկրետ տնտեսական քաղաքականությամբ, այլ ոչ թե ինքնանպատակ աղյուսակներով:

Եվ կարելի է միանշանակ ասել, որ «Ֆորբս»-ի դեպքում կառավարությունն ընկավ իր իսկ փորած փոսը: Այնինչ ինձ համար ո՛չ վարկանիշներն էին ուրախանալու կամ տխրելու առիթ դառնում, ո՛չ էլ չարախնդալու առիթ եմ տեսնում այստեղ: Առավել ևս, որպես մարդ, ՀՀ քաղաքացի և տնտեսագետ` ես ինչ-որ տեղ վիրավորված եմ, որ այդպիսի տպավորություն է մեր երկրի վերաբերյալ, մեր երկրի հեղինակությունն է անկում ապրում:

Այն դեպքում, երբ մենք այսօր նպատակ ունենք օտարերկրյա ներդրումներ բերել, ուզում ենք Հայաստանում ապահովել արտահանման ուղղվածությամբ ձեռնարկություններ և բազմաթիվ այդպիսի ծրագրեր, որոնք բոլորը լուրջ ձախողման վտանգի տակ են` կապված վերջին դեպքում մեր հեղինակությանը հասցված լուրջ վնասի հետ: