կարևոր
1843 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-14 14:24
Քաղաքական

Հայաստանի ու հայութեան փրկարար օրակարգը…

Հայաստանի ու հայութեան փրկարար օրակարգը…

Վերջին մէկ-երկու շաբաթւայ ընթացքում, Հայաստանեան որոշ լրատւակայքերի համար օրախնդիր հարցադրումներ են դարձել հետեւեալները.

ա- Իշխանութիւնը ունի իր յստակ օրակարգը՝ «խաղաղութի՜ւն», «հաշտութեա՜ն պայմանագրերի կնքում՝ թուրք-ադրբեջանական հարեւանների հետ», «հայոց հին երազանքներից հրաժարում» (զորօրինակ՝ ԱՐԱՐԱՏԵԱՆ հայ լինելու արժեհամակարգի փոխարինումը՝ ԱՐԱԳԱԾԵԱՆ!!!? արժեհամակարգով… ի դէպ օրերս յայտնի դարձաւ, որ նիկոլ փաշինեանի կաբինետի պատերին փակցւած է Արագած լեռան նկարը), որպէսզի յանկարծ հարեւան Թուրքիայի մօտ չբորբոքւի հակահայկականութիւնն ու տւեալ «խաղաղութիւնը» չվտանգւի…։ Չէ՞, որ թուրքերը միշտ էլ բողոքել են Հայոց Զինանշանի վրայ իբր «իրենց պատկանող» Արարատ լեռան պատկերի օգտագործումից։

Սոյն լրատւակայքերը, որոնք ի դէպ հանդէս են գալիս իշխանութիւններին քննադատելու դիրքերից, օրւայ իրենց հաղորդմանը հրաւիրւած փորձագէտ-քաղաքագէտներին հարցում են ուղղում առ այն, որ նման իրավիճակում ո՞րն է ընդդիմութեան օրակարգը, եւ որ այս վերջինների այլընտրանքները որո՞նք են, որ մատուցեն ժողովրդին…

բ- Իսկ երկրորդ հարցադրումը, որ ուղղում են մեր գործընկերները հարցազրոյցներում, հետեւեալն է.

– Դա ինչպէ՞ս ստացւեց, որ Սերժ Սարգսեանի «ֆուտբոլային դիւանագիտութեան» դէմ գրեթէ ողջ Սփիւռքը ոտքի կանգնեց ու տապալեց Սերժի իշխանութեան՝ Թուրքիայի հետ հաշտեցման գործընթացը, իսկ հիմա՝ ա՛յս իշխանութիւնների կրկնապատիկ վտանգաւոր քայլերի նկատմամբ լուռ է ու անտարբեր։

Փորձագէտ-քաղաքագէտի յաւակնութիւն չունենալով, փորձենք մենք եւս մեր հերթին պատասխանել բարձրացւած հարցերին, յատկապէս, երբ դրանք ուղղւած են եւ առնչակից՝ Սփիւռքին…

1. Նիկոլական Իշխանախմբի օրակարգերն արդէն աւելի քան հինգ տարի, դառնութեամբ ճաշակում ու դրանց պարտադիր ծանրութիւնը կրում է ողջ Հայաշխարհը։ Ու բնաւ էլ կարիք չի զգացւում այդ օրակարգերը (ներքին թէ՝ արտաքին ճակատներում) մէկ առ մէկ թւարկել։ Դրանք բոլորն էլ տեսանելի են եղել ամենքի համար։

Ընդդիմութիւնն էլ սխալներով ու բացթողումներով հանդերձ, ունեցել է անցնող հինգ տարիների իր օրակարգերը եւ դրանք հետեւողականօրէն ներկայացրել է հանրութեանը։

2. Նոյն հանրութեանը (Հայաստանում եւ Սփիւռքում) միշտ էլ պարզորոշ եւ ակնյայտ են եղել երկու գլխաւոր եւ միմեանց՝ ձեւով ու բովանդակութեամբ հակադիր օրակարգերը, որոնք նաեւ արտայայտութիւն են գտել Հայոց ազգի ու հայրենիքի հազարամեակների պատմութեան քառուղիներում։

Մեր խնդրոյ առարկայ եւ մնայուն օրակարգերն են՝ ԱԶԳԱՅԻՆՆ ՈՒ ԱՊԱԶԳԱՅԻՆԸ, որոնց մերօրեայ ցուցիչներն ու կրողներն էլ ակնբախօրէն պարզ են ու յայտնի՝ բոլորի համար։

Այստեղ, սակայն, հիմնահարցը դառնում է այն, որ ինչո՞ւ եւ ինչպէ՞ս հինգ տարի շարունակ հայոց քաղաքական նորովի ձեւաւորւած բեմահարթակում ազգայինը զիջում-պարտւում է ապազգայինին…

3. Պատասխանենք.

ՀՀ-ում 2018-ի յեղաշրջումից յետոյ, հասարակա-քաղաքական տարատեսակ գործընթացները կիրառւել ու տեղի են ունեցել ամբողջովին անօրինաչափ եւ համաշխարհային մակարդակում ընդունւած ու կիրառւող ստանդարտներին խիստ հակառակ։ Դրա հետեւանքը եղել է այն, որ մասնաւորապէս ընդդիմադիր ճակատի (ազգային ուժերի) ոչ խորհրդարանական եւ ոչ էլ արտախորհրդարանական բնականոն ու քաղաքակիրթ պայքարը չի արդիւնաւորւել յօգուտ ազգային տեսլականների։

Երբ նոյն ընդդիմադիրների եւ առհասարակ ազգայինների կողմից «թաւշեայ յեղափոխութիւնը» բնութագրւում էր որպէս Սորոսական – աղանդաւորական հերթական պատւէր, դա խօսում էր այն մասին, որ մեր խնդրոյ առարկայ իշխանական (ապազգային) օրակարգերը եւս ուրւագծւել-պատւիրւել են համանման կենտրոնների կողմից։

Ու արդէն իրեղէն ապացոյցեր են այն օրակարգերը, որոնք գործադրւեցին ինչպէս Հայաստանի «ժողովրդավարականացմա՜ն», այնպէս էլ՝ «Արցախը տալու եւ լաւ ապրելու» խաբկանքներով ու զանգւածներին մոլորեցնող ստանդարտներով…

4. Այստեղ, ահա, պէտք է յստակ արձանագրել, որ ընդդիմութիւնն ու մեր գործընկեր լրատւակայքերը հետեւողականօրէն հարկաւոր է հանրութեանը, որի գերակշիռ տոկոսը ազգայինին է կառչած, հաղորդակից դարձնի այն իրողութեանը, որ իր (ընդդիմութեան) մարտավարական սխալներն ու բացթողումները անառարկելիօրէն ստորադասւեն ապազգային իշխանութիւնների ռազմավարական ու նպատակային ազգադաւ օրակարգերից…։

5. Գալով Սերժ Սարգսեանի «ֆուտբոլային դիւանագիտութեան» դէմ Սփիւռքի ընդվզմանն ու բողոքի ժողովրդական ցոյցերին, պէտք է ասել, որ Թուրքիայի հետ հաշտեցման դիւանագիտութեան հեղինակ, օրւայ Նախագահ Սարգսեանը գոնէ ազնիւ գտնւեց նրանում, որ այցելելով սփիւռքեան բազմամարդ համայնքներ, վերջիններիս բուռն ու անզիջում կեցւածքին ի տես՝ պարտաւորւեց նահանջել սեփական դիրքերից ու այդ օրերի վտանգաւոր օրակարգից…։ Իսկ ակնբախ ու անհերքելի փաստ է այն, որ ի հակառակ երրորդ Նախագահի, այսօրւայ «թաւշեայ» վարչապետը ժամանակին խոստանալով հանդերձ, որ Արցախի հարցի համար անխտիր կը լսի ժողովրդի ձայնը, դրժեց իր խոստումը եւ անամօթաբար յայտարարեց ի լուր աշխարհի, որ «Արցախը ամբողջութեամբ պատկանում է ադրբեջանին…»։

Այո, Սփիւռքը եղաւ անզիջում՝ համազգային նշանակութեան այդ հիմնահարցի ուղղութեամբ, երբ աչալրջօրէն նկատեց, որ իր հետ միաժամանակ, հէնց Երեւանեան փողոցներում ու հրապարակներում տասնեակ հազարաւոր հայորդիներ, միաբանւած քաղաքական-հասարակական, գիտա-մշակութային, կրթական ու մէկ խօսքով՝ մտաւորական էլիտային՝ նոյն համազգային գիտակցութիւնն են դրսեւորում ու այդպիսով ամուր կառչում՝ ազգային նպատակներին։

Իսկ կարեւորը. այն ժամանակ յաղթեց ԱԶԳԱՅԻՆԸ, քանզի օրւայ իշխանութեան թիկունքին նեցուկ ու պաշտպան չէին կանգնել Սորոսները, ԱՄՆ-ի, պատմութեամբ բազմիցս փաստարկւած որպէս ամենադաւադիր՝ Անգլիայի, Եւրոմիութեան երկրների, տւեալ դէպքում նաեւ Ռուսաստանի դեսպանատներն ու նոյնինքն՝ թուրք-թաթարական հայատեաց դաշինքի քարոզչամեքենաները…։ Այսինքն՝ աշխատեց ընդդիմութիւն-իշխանութիւն-ժողովուրդ հասարակա-քաղաքական փոխյարաբերութեան ու փոխհասկացութեան օրինաչափ ստանդարտը, որի արդիւնքում էլ միաժամանակ ապահովւեց Հայաստան երկրի ազգային-պետական շահը…։

Այսօր, սակայն, Հայաստանի քաղաքական ու հասարակական կարեւորագոյն գործօնները՝ ժողովուրդ-իշխանութիւն-ընդդիմութիւն, եւ սրանց գումարած՝ Սփիւռքը մէկ կողմից ներքին ճակատի ապազգային ու ապիկար կամակատարների, իսկ միւս կողմից արտաքին ճակատի ուժային, ռազմաքաղաքական, դիւանագիտական ու քարոզչական վիթխարի գրոհների են ենթակայ։ Եւ նոյն այդ գրոհների արդիւնքում էր նաեւ, որ մեր համազգային միաւորման ու յաղթութեան խորհրդանիշ ԱՐՑԱԽԸ հայաթափեցին…։

6. Հիմա, արդէն, ինչպէս բարձրաձայնում են հայաստանեան նոյն ԶԼՄ-ների ներկայացուցիչները, ապազգային իշխանութիւնն ընդառաջ է գնում իր նոր օրակարգերի հանրայնացմանը եւ իր սիրած տերմինաբանութեամբ՝ «իջեցնում է Հայաստանի ու հայութեան անբեկանելի իրաւունքների նշաձողերը»՝ մե՛ր ինքնութեան, մե՛ր սեփական պատմութեան, պետականութեան ու այդ հազարամեակների ինչպէս տատասկոտ, այնպէս էլ յաղթական ճանապարհների ձեռքբերումները։ Իսկ չէ՞, որ նոյն յաղթանակների նշաձողերի իջեցման արդիւնքում, այսօր դարձեալ բախւում ենք ազգովի նոր ու վտանգալից այսպէս ասած՝ «Զանգեզուրեան միջանցք»-ի, «ադրբեջանական անկլաւների վերադարձման ու վերաբնակեցման» եւ ամենազաւեշտալին ու միաժամանակ խիստ վտանգաւորը՝ «արեւմտեան ադրբեջան» սադրիչ ու թուրքաբարոյ մարտահրաւէրների։

7. Ահաւասիկ, անկեղծ եւ սկզբունքային մեր խորհուրդն է՝ հայաստանեան ազնիւ ու ազգային գաղափարախօսութեամբ տոգորւած գործընկերներին, որ յետպատերազմական յուսաբեկւած, բարոյալքւած եւ յատկապէս անտարբերութեան ու ապազգայինների կողմից ապատեղեկատւական վայրի քարոզչութեան ճիրաններում յայտնւած ժողովրդին համախմբւածութեան հրաւիրեն՝ ընդդէմ ապազգային ուժերի հայրենակործան ու պետականութեան սիւները խարխլող դաւադիր օրակարգերի, որպէսզի այս վերջինները անհարկի կերպով չշահարկւեն ու չարդարացւեն՝ ընդդիմադիր եւ առաւել եւս ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՕՍՈՒԹԵԱՄԲ ընթացող ուժերի մասնակի կամ մարտավարական սխալների հաշւին։

Քանզի, ի վերջոյ եւ ըստ ամենայնի, Հայաստանի ու հայութեան համար աւելի վտանգաւորն ու կործանարարն այսօր՝ ոչ թէ մարտավարական սխալներն ու բացթողումներն են, այլ՝ նպատակային ու ռազմավարական ազգադաւ օրակարգերը…, որոնք եթէ հինգ տարի «գրագէտ» ու կազմակերպւած մանիպուլիացիաներով յաջողել են մոլորեցնել ժողովրդական միամիտ ու իրաւամբ խաղաղասէր խաւերին, յետայսու սակայն, պէտք է դուրս մղւեն ու բացառւեն մեր չարչրկւած Երկիր-Հայրենիի հորիզոնից…։

 

Դերենիկ Մելիքեան

Պատմական գիտութիւնների թեկնածու