Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիլայ Քյուչյուք
Դիարբեքիրը՝ Հարավարևելյան Անատոլիայի (Արևմտյան Հայաստան – խմբ․՝ «Ակունք») խոշորագույն քաղաքներից մեկը, իր պատմամշակութային կառուցվածքով ուշագրավ վայր է։ Պատմական պարիսպներով շրջապատված քաղաքն ունի հարուստ ժառանգություն, որը պարունակում է բազմաթիվ քաղաքակրթությունների հետքեր:
ԴԻԱՐԲԵՔԻՐԻ ԱՄՐՈՑԸ
Դիարբեքիրի մեր շրջագայությունը սկսում ենք պատմական պարիսպներից: Դիարբեքիրի ամրոցը բաղկացած է երկու մասից՝ Ներքին ամրոց և Արտաքին ամրոց։ Արտաքին պարիսպներն ունեն 82 աշտարակ, իսկ ներքիը՝ 19։ Դիարբեքիր քաղաքի պարիսպներն ունեն չորս հիմնական դարպասներ։ Պարիսպները հյուսիսում բացվում են Լեռան դարպասով, արևմուտքում՝ Ուրֆայի դարպասով, հարավում՝ Մարդինի դարպասով, իսկ արևելքում՝ Նոր դարպասով։
Ի՞ՆՉ ԿԱՐԵԼԻ Է ԱՆԵԼ ԴԻԱՐԲԵՔԻՐԻ ՍՈՒՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ
Դիարբեքիրի ամրոցից հետո բացահատում ենք Սուրիչին (թրք․՝ պարսպի ներս)։ Մեր առաջին կանգառը Ուլու մզկիթն է: Ք․ հ․ 639 թ․ մահմեդականների կողմից Դիարբեքիրի գրավմամբ Մար Թոմա եկեղեցին՝ քաղաքի ամենամեծ եկեղեցին, վերածվեց Ուլու մզկիթի։ Մեծ բակ ունեցող մզկիթը Դիարբեքիրի կարեւորագույն վայրերից է։ Հասան փաշա խանը գտնվում է Ուլու մզկիթի հենց կողքին։ Այս խանը, որը կառուցել է Վեզիրզադե Հասան փաշան 1573 թ․, այսօր կազմված է նախաճաշ մատուցող ռեստորաններից: Եռահարկ խանի բակում կա սյունազարդ և գմբեթարդ շատրվան։ Այս խանում նկարահանվել են 2012 թ․ թողարկված «Սուլթան» հեռուստասերիալի որոշ տեսարաններ։
ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԻ ՔԱՂԱՔԸ
Դիարբեքիրի նեղ փողոցներով շարժվելիս հասնում ենք «Ջահիթ Սըթքը Թարանջը» թանգարան։ 1733 թ․ կառուցված այս տունը, որտեղ ծնվել և մանկությունն է անցկացրել Ջահիթ Սըթքի Թարանջըն, կրում է Դիարբեքիրի ավանդական բնակելի ճարտարապետության բոլոր առանձնահատկությունները։ Թանգարանը ներկայում փակ է վերանորոգման պատճառով։ Այդ պատճառով անմիջապես անցնում ենք մեր մյուս կանգառը՝ Ահմեթ Արիֆի գրականության թանգարան: Այս տունը, ինչպես և իր հարևան «Ջահիթ Սըթքը Թարանջը» թանգարանը, Դիարբեքիրի ավանդական տների լավագույն նմուշներից է։ Վեց սենյակ ու բակ ունեցող թանգարանում ցուցադրված են բանաստեղծի անձնական իրերը, ձեռագիր բանաստեղծություններն ու լուսանկարները։ Մենք չշեղվելով գրական մթնոլորտից՝ շարժվում ենք դեպի Զիյա Գյոքալփի (հայտնի երիտթուրք, պանթուրքիստական գաղափարախոսության տեսաբաններից մեկը-Ակունքի խմբ․) թանգարան: Այս տունը, որտեղ 1876 թ․ ծնվել է Զիյա Գյոքալփը՝ 1956 թ․ վերածվել է թանգարանի։ Այստեղ կարելի է տեսնել նաև Դիարբեքիրի տներում առկա ավազանով սրահի օրինակ։ 1956 թ․ այն վերածվել է թանգարանի և այցելուների համար բացվել են հեղինակի անձնական իրերի և փաստաթղթերի հավաքածուն։
ՓՐՓՈՒՐՈՎ ՍՈՒՐՃ՝ ՍՈՒԼՈՒՔԼՈՒ ԽԱՆՈՒՄ
Սյուլյուքլյու խանը կառուցվել է 1683 թ․ Հանիլիօղլու Մահմութ Չելեբիի և նրա քրոջ՝ Աթիկե Խաթունի կողմից։ Այս խանը վերականգնվել եւ շահագործման է հանձնվել 2010 թ․, և Դիարբեքիրի ամենասիրված վայրերից է։ Այստեղ կարող եք խմել սուրճ կամ գինի: Մենք նախընտրեցինք թուրքական սուրճ (խոսքը արևելյան սուրճի մասին է-Ակունքի խմբ․) խմել, քանի որ գինու համար այլ հասցե ունեինք։
Սյուլյուքլյու խանից դուրս գալուց հետո ճաշում ենք: Մեր ընտրությունը, իհարկե, լյարդն է։
ԵՆԻՔԱՓԸ ՊՈՂՈՏԱ
Դիարբեքիրի տեղական այլ համադամ ուտեստներ ճաշակելուց հետո շարունակում ենք քայլել Սուրիչիում։ Մեր հասցեն՝ Չորսոտանի մինարեն է։ Շեյխ Մութահար մզկիթի կողքին գտնվող այս մինարեն շատ առումներով է ակնառու։ Միակտոր քարե սյուների վրա կառուցված չորսանկյունանի այս մինարեն Անատոլիայում քառոտանի մինարեի միակ օրինակն է։ Մինարե այցելելիս հնարավոր է տեսնել բազմաթիվ մարդկանց, ովքեր անցուդարձ են անում դրա տակով։ Որովհետև ասում են որ այս մինարեի տակով 7 անգամ անցնողի ցանկությունը կատարվում է։
Չորսոտանի մինարեի մեկ այլ նշանակությունն այն է, որ այստեղ է սպանվել Դիարբեքիրի փաստաբանների միության նախկին նախագահ Թահիր Էլչին։ Էլչին հրազենային կրակոցներից սպանվել է այն բանից հետո, երբ նա մամուլում դատապարտող հայտարարություն էր արել՝ դատապարտելով 2015 թ․ Հենդեքի գործողությունների ժամանակ վնասված մինարեի դիմաց տեղի ունեցած միջադեպը։
Ենիքափը պողոտան, որը փակվել էր 2015 թ․ Հենդեքի դեպքերի պատճառով, վերականգնողական աշխատանքներից հետո, վերաբացվել է 2022 թվին։ Լյուքս դասի բրենդների փողոցի վրա երկու կարևոր շենք էլ կա։ Դրանք են Մար Փեթյուն քաղդեական և Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցիները։ Ենթադրվում է, որ Մար Փեթյուն եկեղեցում, որը մինչ օրս օգտագործվում է կաթոլիկ քաղդեացիների կողմից, առաջին պաշտամունքը կատարվել է 498 թվին։ Հենց նրա կողքին գտնվող Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին հիացնում է իր պարտեզով և ճարտարապետությամբ։ Սուրբ Կիրակոս եկեղեցին Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին է։ Օրն ավարտում ենք եկեղեցու այգում գինի վայելելով։
https://www.cumhuriyet.com.tr/yazarlar/nilay-kucuk/diyarbakir-2146759
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net