կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-13 14:11
Աշխարհ

Տասնամյակներ անց հայրենի Դիարբեքիր վերադարձած հայը քննադատել է քաղաքի դիմագծի փոփոխությունը

Տասնամյակներ անց հայրենի Դիարբեքիր վերադարձած հայը քննադատել է քաղաքի դիմագծի փոփոխությունը

42 տարի անց իր ծննդավայր վերադարձած հային՝ Էրոլ Բոսթանջըին ցավ է պատճառել հայրենի քաղաքի դիմագծի փոփոխությունը։ «Այս նորակառույց շենքերը վերացրել են փողոցների ոգին։ Այլևս ինձ այստեղ պահող ոչ մի բան չի մնացել»,-ասել է նա «Մեզոպոտամիա» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում։

Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը։

Ըստ աղբյուրի՝ 42 տարի հետո մշտական բնակություն հաստատելու համար իր ծննդավայր վերադարձած 66-ամյա Էրոլ Բոսթանջըն ապշել է իր առջև բացված տեսարանից։ «Գյավուր թաղ» անվամբ կոչվող թաղամասից նախ Ստամբուլ, ապա Հոլանդիա արտագաղթած դիարբեքիրցի հայը նշել է․ «Սուրի նախկին տեսքից ոչ մի թիզ չի մնացել»։

Բոսթանջըն, անձկությամբ և արցունքներով վերհիշելով Գյավուր թաղում իր անցկացրած օրերը, պատմել է․ «Ես մինչև 1978 թ․ ապրել եմ Սուրում։ Այնուհետև ստիպված եղա Ստամբուլ գնալ, որտեղից էլ Հոլանդիա հեռացա որոշ քաղաքական դեպքերի պատճառով։ Այսինքն՝ 42 տարի այս կողմեր չէի եկել։ 42 տարի անց վերստին այստեղ եմ»։

Դիարբեքիրցի հայը նաև հայտնել է, որ Սուր գալուն պես այցելել է իր թաղամաս, սակայն տեղի ունեցած փոփոխությունների հետևանքով հազիվ է իրենց տունը գտել․ «Ես այդ վայրն այդպես տեսնելով՝ դարձյալ ցավ ապրեցի։ Իմ տան ամեն մի քարը մի գաղտնիք էր պարունակում, ամեն քարից հաց էր քամված։ Այժմյան տներին նայե՛ք։ Մի՞թե նման զգացողություն են պարգևում ներկայիս տները։ Մեր տունն այդ վիճակում տեսնելով՝ շունչս կտրվեց։ Շատ վատ զգացի։ Բոլոր տները քանդվել են»։

Փողոց դուրս գալու արգելքի ժամանակաշրջանում ավիրված և նրանց փոխարեն կառուցված շինությունների վրա ևս ուշադրություն հրավիրած Բոսթանջըն հավելել է․ «Եթե տունս տեսնեի այնպես, ինչպես թողել էի, կրկին կգայի և այստեղ կհաստատվեի։ Սակայն այլևս ինձ ոչ մի բան չի պահում այստեղ։ Այս նոր շենքերը վերացրել են փողոցների ոգին։ Չկան առաջվա ոգևորություն ու առաջվա ոգին»։

Հիշեցնենք, որ հատկապես 2015 թ․ սկսված թուրք-քրդական բախումների հետևանքով մեծ վնաս կրեցին Դիարբեքիր քաղաքը և վերջինիս Սուր շրջանը։ Ընդհարումների պատճառով ոչ միայն բազմաթիվ բնակիչներ հարկադրված եղան լքել քաղաքը, այլ նաև՝ ավիրվեցին այստեղի պատմական կառույցները և բնակելի շենքերը։ Շատ շինություններ էլ հապճեպ կերպով օտարվեցին ու սեփականացվեցին թուրքական պետության կողմից։

Մելինե Անումյան

Akunq.net