կարևոր
2824 դիտում, 11 ամիս առաջ - 2023-11-29 19:59
Հասարակություն

Գյումրիում պարեկը հարվածել է քաղաքացուն. Mediahub.am

Գյումրիում պարեկը հարվածել է քաղաքացուն. Mediahub.am

Գյումրիում պարեկների և քաղաքացու միջև հերթական միջադաեպն է գրանցվել, որը դարձյալ ավարտվել է պարեկային ծառայողի կողմից քաղաքացու նկատմամբ բռնության դրսևորմամբ, հայտնում է Mediahub-ը՝ հավելելով՝ Գյումրու պարեկները հաճախ են իրենց կոպիտ ու բռի վարքով հայտնվում սկանդալների ու միջադեպերի կենտրոնում, քանի որ քաղաքացիների հետ քաղաքավարի վարվեցողության տարրական կանոնների չեն տիրապետում։

Գյումրու բնակիչ Գոռ Թորոսյանը լրատվամիջոցն պատմել է, որ նոյեմբերի 15-ին Գյումրու Վարդանանց հրապարակում պարեկային ծառայողը կանգնեցնում է իր մեքենան ու տուգանում նրա համար, որ առջևի նստարանին մեծահասակի հետ նստած է եղել նաև երեխա։ Գոռը համաձայնում է, որ խախտում է կատարել և չի առարկում վարչական ակտի դեմ։ Սակայն, երբ նստում են մեքենաները, որ հեռանան, նկատում է, որ պարեկային ծառայողն ինքը նույնպես խախտում է թույլ տալիս։ Մեքենան վարելիս խոսում է հեռախոսով և ամրակապված չէ։

«Հետևից գնացի, նշան տվեցի, որ կանգնի։ Կանգնեց։ Պարեկին ասացի՝ «հարգելի պարեկ, Դուք էլ եք խախտել երթևեկության կանոնները՝ ամրակապված չեք եղել և հեռախոսով եք խոսել, եթե ինձ տուգանում եք, խնդրում եմ՝ ձեզ համար էլ արձանագրություն կազմեք»։ Բառացի չեմ հիշում, բայց մոտավոր ասաց՝ «ես ոստիկան եմ, եթե էս համազգեստն է հագս, ես կարող եմ անել, ես իրավունք ունեմ» և այլն։ Ասացի՝ «իրավունք չունեք, հատուկ ծառայություն պիտի կատարեք, որ էդ ամեն ինչից չօգտվեք, եթե հատուկ ծառայություն չեք կատարում, ուրեմն պարտավոր եք օգտվել»։ Ավելի վորդովվելով՝ սկսեց խոսել, հեռախոսս հանեցի ու մեքենայի բորտը նկարեցի, իրեն փորձեցի նկարել՝ վրդովվեց, հարվածեց ձեռքիս։ Ասել եմ՝ «ա՛յ տղա, մի՛ հարվածիր» կամ «ա՛յ տղա, հանգստացի՛ր», «այ տղա»-ով եմ դիմել իրեն, մի խոսքով։ Ինքը դրանից ավելի ոգևորվեց, եկավ նորից հրեց, հեռախոսս քաշեց, ուզեց վերցնել կամ գցել գետնին, ու տեսնելով, որ ես նորից շարունակում եմ պնդել իմ ասածն ու նկարել իրեն, փորձեց ձեռքս ոլորել ու ձերբակալել։ Մեքենային դեմ տվեց, ոչ մի դիմադրություն ցույց չեմ տվել, որովհետև գիտեմ օրենքը, որ ոստիկանին չի կարելի դիմադրություն ցույց տալ»,- պատմել է Գոռ Թորոսյանը՝ նշելով, որ ոստիկանի գործողությունների հետևանքով վնասվել է իր ձեռքը։

Հետո մոտեցել է տվյալ պարեկային ծառայողի ուղեկից մյուս պարեկը՝ փորձելով բաժանել կողմերին և հանդարտեցնել իրավիճակը։ Ապա աղմուկի վրա պարեկային ծառայության մեկ այլ խումբ է մոտեցել ու փորձել հանգստացնել իրենց, Գոռին ասել են՝ «կներեք, մենք իր հետ կխոսենք, ոչինչ»։ Նույնիսկ երեխային են փորձել հանգստացնել, քանի որ այդ քաշքշոցից երեխան վախեցել էր։ Դրանից հետո Գոռը դիմել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ հետազոտել են ձեռքի վնասվածքը ու թեև լուրջ վնասվածք չեն հայտնաբերել, բայց ուժեղ ցավեր է ունեցել, շարժել չի կարողացել, և բժիշկը դեղեր է նշանակել ու ցուցումներ տվել։ Դեպքի առթիվ Գոռ Թորոսյանը ոստիկանական առցանց հարթակում բողոք է գրել միջադեպի հետ կապված, որ տրամադրեն իր նկատմամբ բռնություն գործադրած պարեկային ծառայողին ամրակցված տեսախցիկի ձայնագրությունը, քանի որ իր հեռախոսով նկարածը ամբողջականը չէ՝ կեսից անջատվել է։

Երեկ Պարեկային ծառայության ղեկավար Արթուր Խուդինյանի անունից պատասխան է ուղարկվել քաղաքացուն, որտեղ թվարկել են օրենքի կետերը, թե որ դեպքերում ոստիկանն իրավունք ունի վարելու ընթացքում հեռախոսով խոսել, չամրակապված երթևեկել և այլն, իսկ տեսաձայնագրությունը տրամադրելու մասով էլ նշել են, թե չեն կարող՝ տեխնիկական պատճառներով։ Թե ինչ տեխնիկական պատճառների մասին է խոսքը, Խուդինյանի պատասխանում նշված չէ։ 

Պարեկային ծառայողները թեև մշտապես հայտարարում են, թե իրենց հագուստին ամրակցված տեսախցիկը պարտադիր ձայնագրում է իրենց խոսակցությունը։ Սակայն ինքներս էլ ականատես ենք եղել, որ հարկ եղած դեպքում նրանք, ըստ ցանկության և նպատակահարմարության՝ նաև անջատում են տեսախցիկը, որ «ավելի անկաշկանդ շփվեն» քաղքացիների հետ։ Հավանաբար, սա ևս այդ դեպքերից է եղել, դրա համար էլ «տեխնիկական պատճառներով» Արթուր Խուդինյանը չի կարողացել տրամադրել տեսաձայնագրությունը։ 

Գոռ Թորոսյանը MediaHub-ին տրամադրել է նաև իր հեռախոսով տեսաձայնագրած կադրերն ու մի քանի լուսանկար պարեկային ծառայողից, որի անունը Դավիթ Իկիլիկյան է, և նրա վարած Toyota Fortuner ոստիկանական մեքենայի բորտի համարը՝ 2072: