կարևոր
2566 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-21 16:22
Քաղաքական

Կեսարիայի հայկական եկեղեցում Միջինքի առթիվ սուրբ պատարագ է մատուցվել

Կեսարիա (պաշտոնական թուրք․ անվանումը՝ Կայսերի) նահանգի Մելիքգազի գավառում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում Միջինքի առթիվ սուրբ պատարագ է մատուցվել։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Աղբյուրի համաձայն՝ պատարագի ընթացքում աղոթք է հնչել նաև Մարաշում փետրվարին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի ժամանակ մահացածների հոգիների հանգստության համար։

Ինչպես նշում է թուրքական լրատվամիջոցը, «Անատոլիայում առաջին հայկական եկեղեցի համարվող» Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցված պատարագի արարողությանը ներկա են գտնվել Կոստանդնուպոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը, Կեսարիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հիմնադրամի ղեկավար խորհրդի նախագահ Զատիկ Թոքերը և հայկական համայնքի անդամներ։ Պատարագը մատուցվել է Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի ձեռամբ և տևել 2 ժամ։ Սույն եկեղեցում տարեկան մեկ անգամ կազմակերպվող պատարագի ընթացքում բարեպաշտները մոմեր են վառել և աղոթել Մարաշի երկրաշարժերի զոհերի հոգիների խաղաղության համար։

Սահակ Մաշալյանն իր խոսքում մասնավորապես նշել է․ «Մենք ավանդաբար ամեն տարի այցելում էինք Կայսերիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի և պատարագ մատուցում։ Համավարակի պատճառով 3 տարի չէինք կարողանում գալ։ Աստծո թույլտվությամբ այսօր իրականացրեցինք մեր այցը։ Աղոթելու ենք մեր նախահայրերի և երկրի համար։ Հատկապես աղոթելու ենք երկրաշարժի ժամանակ զոհված մեր քաղաքացիների համար։ Թող Աստված լուսավորի նրանց հոգիները»։

Սահակ Մաշալյանը նաև հավելել է, որ Կեսարիան նշանակալի քաղաք է և հայտնել․ «Այստեղ մենք քրիստոնյա անցյալ ունենք, որ այս քաղաքի հարստությունն է կազմում։ Այն հանգամանքները, որ եկեղեցին այստեղ է գտնվում, որ մենք այստեղ գալով՝ մեր ամենամյա կրոնական արարողությունն ենք անում, և որ եկեղեցին բաց է զբոսաշրջիկների համար, առանձնահատուկ արժեք են տալիս Կայսերիին։ Դա կարևոր է՝ այս քաղաքի բազմամշակութային լինելը ցույց տալու առումով։ Մենք նախկինում այստեղից գնում էինք Իսքենդերուն և Հաթայ։ Այդ ուղևորությունները չեղյալ են արվել։ Դրա համար այս պատարագին անհատապես մասնակցելու նպատակով այցելուներ էլ եղան։ Բացի այդ, եկեղեցին նոր էր վերանորոգվել։ Այն վերստին կրոնական արարողությունների համար բացելու նպատակով հարկ էր, որ այստեղ պատարագ անեինք։ Փոքրիկ մասնակցությամբ, բայց կարևոր արարողությամբ նշելու ենք Միջինքը»։

Վերջում Միջինքի մասին թուրքական լրատվամիջոցի թղթակցին մանրամասներ է հայտնել Կեսարիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու հիմնադրամի ղեկավար խորհրդի նախագահ Զատիկ Թոքերը։

https://www.dha.com.tr/gundem/kayseride-micing-ayini-yapildi-depremde-olenler-icin-dua-edildi-2222755

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net