կարևոր
2959 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-18 17:15
Քաղաքական

Ժամանակն այժմ մեզանից հասունություն ու կազմակերպվածություն է պահանջում․ Արթուր Մկրտչյան

Ժամանակն այժմ մեզանից հասունություն ու կազմակերպվածություն է պահանջում․ Արթուր Մկրտչյան

Վերջին օրերին համացանցում (նաև մամուլի էջերում) երբեմն հանդիպում եմ գրառումների, որտեղ  օգտատերերը հայտնում են իրենց վրդովվմունքը Արցախից բռնի տեղահանված և ՀՀ-ում դպրոց հաճախող աշակերտների և որոշ ուսուցիչների միջև տեղի ունեցած միջադեպերի մասին։ Չբացառելով դրանք՝ հիշեցնեմ, որ ամեն օր կարող են թյուրըմբռնումներ լինել ցանկացած աշակերտի և ուսուցչի միջև ու կապ չունի, թե ով որտեղից է։ Պարզապես, եթե շեշտում ենք «արցախցի»՝ խնդիրը սուր ընկալում է ընդունում, ապա դառնում ավելորդ շահարկման թեմա, վերջում ստեղծում հանրային տրամադրություն ու տեսակետ։ Ահա սրանից է սիրտս վառվում, ինչը ստիպում է երկու խոսքով արձագանքել:

Սիրելիներս, մեր կյանքում ցանկացած զազրելի դեպքեր ու իրավիճակներ կարող են հանդիպել։ Հոգեբանական սուր ընկալման պայմաններում դրանք կարող են այլ վտանգավոր երանգավորումներ ստանալ։ Իսկ այս իրավիճակում «արցախցի-հայաստանցի» բնույթի ցանկացած հրապարակում կարող է մեծագույն վնաս հասցնել մեր ազգային փշրված ողնաշարին։ Հետևաբար պետք է ուշադիր լինել և նման իրավիճակներում ճիշտ կողմոնորշվել։ Դիցուք, եթե եղել է նման դեպք, որտեղ աշակերտը (գուցե նաև ուսուցիչը կամ ինչ-որ մեկը) թիրախավորվել է որպես արցախցի, դիմեք իրավապահ մարմիններին: Ձեր փաստերը չեն ընդունի, խնդիր կառաջանա, անցեք հանրային իրազեկման։ Այլապես, մենք հաճախ հակառակն ենք անում․ ունենալով սոցցանցերի նման գործիք՝ առաջ փոսն ենք փորում, հետո մտածում նրա նշանակության մասին։ Հաշվի առեք նաև այն, որ մարդիկ նման նյութերը գիտակցաբար կամ ոչ, առավել ոգևորված են տարածում ու ստացվում է, թե իբր՝ ղարաբաղցի-հայաստանցի հակամարտություն այժմ գոյություն ունի և նույնիսկ ուսուցիչները այսպիսի բաներ են անում։ Չկա նման բան, առանձին հիմարություններ, դրանք թաքուն ոգևորողներ կարող են լինել, բայց դա խոսակցության այլ նյութ է։ Ժամանակն այժմ մեզանից հասունություն ու կազմակերպվածություն է պահանջում․․․Իսկ արատավոր, պառակտիչ քայլերին առավել լուրջ մոտեցում պիտի ցուցաբերենք ու պատժենք ցավոտ, ոչ թե սովորական մի գրառում անելով։ Իրականում, ես վստահ եմ, որ այս օրերին բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների հանդեպ հայ հասրակության հոգատարությունն ու ջերմությունն ավելի շատ է եղել, քան անտարբերությունն ու ոչ սրտացավ վերաբերմունքը, ուսուցչի հոգատարությունը ավելին է եղել, քան սառնասրտությունը։ Ուրեմն եկեք խոսենք դրա մասին, եկեք լավին՝ լավ, վատին՝ վատ ասենք, եթե լավը շատ է, ավելի շատ ասենք, այլապես էժան փիառին տուրք տալով ավելի շատ կպատժվենք․ վկան մեր այս օրը։

Ի դեպ՝ ԶԼՄ սիրելի խմբագիրներ, ռեյտինգով անիմաստ հաղորդումների ու սերիալների հետևից վազելը նաև մեզ բերեց այս օրվան։ Հիշեք՝ «ամեն սև բան Օթելլո չէ» և ամեն օգտատիրոջ գրած ճշմարտություն  չէ։ Եկեք պարզենք, մեղքն ապացուցենք, գնանք պատժի հետևից ու հպարտորեն հրապարակենք։ Այդ դեպքում ձեր աղքատ բյուջեյի համար, ուսուցչի իմ համեստ աշխատավարձից ամեն ամիս գումար կհատկացնեմ․․․:

 

Արթուր Մկրտչյան

Մանկավարժ, հաղորդավար