կարևոր
2833 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-12 12:31
Քաղաքական

Ես ինձ վատ եմ զգում, որ նստած եմ Հայաստանի բանտում, իսկ իմ տասնյակ հայրենակիցները` Բաքվի բանտերում․ «Հրապարակ»

Ես ինձ վատ եմ զգում, որ նստած եմ Հայաստանի բանտում, իսկ իմ տասնյակ հայրենակիցները` Բաքվի բանտերում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․

«Երեկ հակակոռուպցիոն դատարանում Արմեն Աշոտյանի դատական նիստի ժամանակ դատավոր Վահե Դոլմազյանն Արմեն Աշոտյանին խոսք տալուց առաջ որոշեց «նախազգուշական օդ կրակել»՝ Աշոտյանին զգուշացնելով, որ քաղաքական հայտարարություններ չանի։ Ըստ Դոլմազյանի՝ իրեն այդպիսի իրավունք է տվել այն, որ Տիգրան Աթանեսյանն ավելի վաղ ասել էր, թե Աշոտյանն ավելի լավ կներկայացնի, թե ինչու է իր նկատմամբ քաղաքական հետապնդում տեղի ունենում։

Աշոտյանը, այնուամենայնիվ, դիմեց ներկաներին, ապա՝ դատավորին․ «Հարգելի ներկաներ, սիրելի հայրենակիցներ, նախեւառաջ շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել եւ Հայաստանի ու Արցախի համար այս ծանր օրերին, այնուհանդերձ, իմ դարդի, իմ ցավի, իմ խնդրի հետ կապված՝ հետաքրքրված եք։ Ուզում եմ շնորհակալ լինել բոլոր երաշխավորներին՝ Հայաստանից եւ սփյուռքից, արտերկրից եւ ներսից, հոգեւոր եւ աշխարհիկ թեւերի ներկայացուցիչներին, տիկնանց ու տղամարդկանց, իմ քաղաքական համակիրներին եւ ոչ այնքան: Շատ պարտավորեցնող թիմ էր հավաքվել` այն մարդկանց, որոնք իրար չեն ճանաչում, բայց ինձ են ճանաչում, ու պարզվեց՝ միակարծիք ենք։ Բոլորդ, բացի պարոն դատավորից ոնց որ, որին թվում է, թե ես չեմ կարող տարբերակել քաղաքական խոսքը կամ չեմ կարող կառուցել խոսքս այնպես, որ ասելիքս տեղ հասնի՝ առանց դատական գործընթացների իրավական նորմատիվ սահմանները հատելու, բայց միեւնույն ժամանակ օգտվելով իմ երաշխավորված խոսքի իրավունքից։ Ես կանխակալ եմ համարում մինչեւ իմ ելույթը ձեր արած ռեպլիկը, ես համարում եմ ավելի շատ իմ անձի գոյության հետ կապված գնահատական, քանի որ հնչել է մինչեւ իմ ասելիքը։ Ես իմ ֆիզիկական ներկայությամբ քաղաքական եմ, ես քաղաքական եմ, այդպես է ստացվել իմ ճակատագիրը, չլինե՞մ ընդհանրապես։ Ես քաղաքական գործիչ եմ, ըստ Արիստոտելի՝ քաղաքական կենդանի եմ, քաղաքական բանտարկյալ՝ ըստ եվրոպական եւ ոչ միայն քաղաքական գնահատականի։ Ես խնդրում եմ՝ ապահովել իմ տարրական, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված իրավունքները եւ առնվազն այս պուճուր տեղը կիրառել անմեղության կանխավարկածը․ ես դեռ բան չասացի, դուք ինչ-որ բաներ եք փորձում ինձ սահմանափակել: Ի՞նչ գիտեք` ես ինչ եմ ասելու»։

Դոլմազյանը պատասխանեց․ «Պարոն Աշոտյան, շատ ավելի լավ, որ Դուք տարբերակում եք Ձեր կողմից քիչ առաջ․․․։ Եթե ուշադիր էիք, դատարանն իր խոսքը պատճառաբանեց, թե ինչով էր պայմանավորված ի սկզբանե նման պարզաբանումը»։ Դատավորի այս դիտարկմանն էլ Աշոտյանն արձագանքեց․ «Դուք դա ինձնի՞ց եք լսել։ Սա իմ կալանքի թեման է, բոլորը խոսում են իմ մասին, ես նստում եմ, փաստաբանն ասում է, Դուք ինձ դիտողություն եք անում»։

Այնուամենայնիվ, ՀՀԿ փոխնախագահը շարունակեց իր ելույթը։ «Սիրելի ժողովուրդ, ես ներողություն եմ խնդրում, որ այս համատարած ազգային դարդուցավի մեջ ուշադրություն եմ սեւեռում իմ համեստ անձի իրավունքների ակնհայտ սահմանափակման, այս դատավարության եւ մնացածի վրա։ Ես ինձ շատ վատ եմ զգում, որովհետեւ երբ ինձ ապօրինի կալանավորեցին առաջին անգամ, ես լքել եմ ձեր իրականությունը, եւ այն լրիվ ուրիշ էր, այնտեղ կար 2 հայկական պետություն, այսօր եթե անգամ ինձ վերադարձնեն ազատությունը, ինձ վերադարձնում են մի իրականություն, որտեղ 1 հայկական պետություն կա: Ինձ վերադարձնելու են մի իրականություն, որտեղ եւս 500 հոգի լրացուցիչ մարդ կա՛մ թաղված է, կա՛մ դիակները չկան, կա՛մ էլ անհետ կորած են։ Ես նեղվում եմ նրանից, որ ինձ կտրել են իմ ընտանիքից, բայց ես ինձ վատ եմ զգում, երբ համեմատում եմ իմ դարդը հազարավոր այլ մարդկանց դարդի հետ, որոնք իրենց ընտանիքի անդամին անվերադարձ կորցրին, ես ինձ վատ եմ զգում, որ ինձ կտրել են իմ օջախից, բայց ես 100 հազար մարդ գիտեմ՝ այս պահին այս երկրում ապրող, որոնք այլեւս դադարել են օջախ ունենալ։ Ես ինձ վատ եմ զգում, որ ես, այնուհանդերձ, նստած եմ Հայաստանի բանտերում, իսկ իմ տասնյակ հայրենակիցներ նստած են Բաքվի բանտերում։ Ես ինձ վատ եմ զգում, որ այս ամեն ինչով հանդերձ, հիմա ստիպված եմ խոսել իմ մասին ավելի շատ։ Ես ինձ վատ եմ զգում, որ այս դահլիճում այսքան տեսախցիկներ կան միացված, իսկ այս դահլիճի հարեւանությամբ զուգահեռաբար գնում է Արցախի պաշտպանության նախարարի դատը, որը փակ է։ Ես ինձ վատ եմ զգում, որ ինձնից առաջ նստած են Գրիգորի Խաչատուրովը, Մամիկոն Ասլանյանը, Ալբերտ Բազեյանը, Լեւոն Քոչարյանը, Գարիկ Գալեյանը․․․»,- ասաց Աշոտյանը, սակայն Դոլմազյանը կրկին թույլ չտվեց Աշոտյանին ավարտել խոսքը։ Քանի որ կալանավորվածի շուրթերից հնչում էին դառը ճշմարտություններ, որոնք դատավորի սիրելի իշխանությունները կարող են ծանր տանել»: