կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-03 23:32
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վանկարկումները լսում էի խցում նստած՝ ավելի ուժեղ էի ինձ զգում․ Գերասիմ Վարդանյանն ազատ արձակվեց

Արյունոտ սուլթանը ընկնելու է, հաղթանակը մերն է լինելու, Արցախը չի ընկնելու, մինչև վերջ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանը դատարանից դուրս գալուն պես։

Ընկերներն ու համախոհները նրան դիմավորեցին ծափողջույններով։ Վարդանյանն ասաց, որ վանկարկումները լսում էր խցում նստած ու ավելի ուժեղ էր իրեն զգում։

«Մտածելու բան չունեմ, ես դաշնակցական եմ՝ Դաշնակցությունը որոշում է կայացրել ու որոշումը պետք է կատարվի, մենք ընկերներով որոշել ենք գնալ մինչև վերջ ու գնալու ենք մինչև վերջ՝ կապ չունի բանտում, թե ազատության մեջ, ուր ուզում է լինի՝ իմ գործն ընկերներս շարունակելու էին, Դաշնակցության որոշումները կատարվում են, թող բոլորն իմանան»,-ասաց Գերասիմ Վարդանյանը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, որ Գերասիմ Վարդանյանի հետ «Դիմադրություն» շարժման քայլերթով Տիգրանաշենից եկել էր Երևան, ողջունեց դատավորի համարձակ որոշումը։

«Սա պետք է օրինակ ծառայի այլ դատավորների համար, ովքեր այս ծանր ժամանակ որոշում են կայացնում՝ ենթարկվել իշխանություններին, բայց տեսնում ենք, որ կան իսկապես դատավորներ, ովքեր արդար որոշում են կայացնում»,-ասաց Աննա Գրիգորյանը։

Գերասիմ Վարդանյանի փաստաբան Բենիկ Գալստյանի համար դատարանի վճիռն իրավաբանության տեսանկյունից սպասելի էր։

«Որովհետև նույն դեպքով նույն անձին երրորդ անգամ են մեղադրում՝ փոխելով մեղադրանքի ձևաչափը ու երրորդ անգամ անձին բերում են կալանքի, երրորդ անգամ կալանքը մերժվում է․  շատ գնահատելի է դատավորի պրոֆեսիոնալիզմը»,-ասաց Բենիկ Գալստյանը։

Նշենք, որ դատավոր Արշակ Մաթևոսյանը մերժել էր Գերասիմ Վարդանյանին կալանավորելու վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ Սուրեն Նավոյանի միջնորդությունը։ Գերասիմ Վարդանյանը մեղադրվում էր 2020-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը «Ազատության» գրասենյակ ներխուժելու փորձի և, ըստ «Ազատության», հայտարարությունների համար․ «Եկել ենք սերվերները տանենք, որ եթեր չմտնեք։ Դավաճան եք, թուրք եք, եթեր չեք մտնելու»: Գերասիմ Վարդանյանի փաստաբանը վստահեցնում է, որ սա քաղաքական ձերբակալություն էր, քանի որ նրան ձերբակալել էին անհնազանդության խաղաղ ակցիայի ժամանակ, բայց վաղուց հերքված այս մեղադրանքով։

Մանրամասն՝ տեսանյութում․