կարևոր
2029 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-28 18:05
Քաղաքական

«Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ»

«Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դիտարկենք մի քանի հետաքրքիր, բայց համակողմանի ողբերգության պայմաններում մի տեսակ լուսանցքներում մնացած հանգամանքներ: Պայմանականորեն այդ հանգամանքները կարելի է բնորոշել «փաշինյանական օրակարգեր» ձևակերպմամբ: Երբ սեպեմբերի 19-ից Երևանում սկսվեցին ինքնաբուխ, ժողովրդական հուզումներ, մարդիկ սկսեցին հավաքվել Հանրապետության հրապարակում, ակնհայտ էր, որ այդ հուզումները կարող են վերաճել ալիքի: Կարճ ժամանակ անց ինքնաբուխ հավաքվող բազմության մեջ հայտնվեցին նաև ընդդիմադիր գործիչներ, որոնք փորձեցին հախուռն դրսևորումներին ինչ-որ կազմակերպված ընթացք հաղորդել:

Հատկանշական է, որ այդ ժամերին ոստիկանական ուժեր ևս կուտակվում էին «դեպքի վայրում», ավելին, ոստիկանությանը հրահանգված էր թույլ չտալ, որ ուժեղ բարձրախոսներ մտցվեն Հանրապետության հրապարակ: Դժվար չէ ենթադրել, որ ոստիկանությանը, ավելի ճիշտ՝ իշխանություններին ձեռնտու էր, որպեսզի մարդկանց դժգոհությունը հախուռն դրսևորում ունենա, իրավիճակը դառնա կոնկրետ այդ վայրում անկառավարելի, որին պետք է հաջորդեր ոստիկանական ուժերի կազմակերպված հարձակումը բազմության վրա, մարդկանց հոշոտումը, ծվատումը, ծեծուջարդը: Որոշակի պահի անգամ դրա փորձն արվեց, ինչից տուժեցին առաջին շարքերում գտնվողները, այդ թվում՝ ընդդիմադիր գործիչները, իսկ ձայնային նռնակներից նաև դեպքի վայրում գտնվող տարբեր մարդիկ, նաև մի քանի ոստիկան, ի դեպ:

Բայց իշխանության սադրանքը չանցավ: Սա, նկատենք, ընդամենը մի քանի տասնյակ րոպե կամ մոտ մեկ ժամվա ընթացքում տեղի ունեցած դեպքերի սեղմ նկարագրությունն է՝ ականատեսիս կողմից: Ինչո՞ւ ենք այս, թվում է՝ «մանր» հանգամանքի վրա ուշադրություն հրավիրում: Բանն այն է, որ դա որոշակիորեն հիմնավորում է «օդում կախված» այն ենթադրությունը, եթե կուզեք՝ վարկածը, որ Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանությունը ձգտում էին ներքին բախումների, նույնիսկ արյունահեղության, առանձնապես՝ սեպտեմբերի 19-22-ն ընկած ժամանակահատվածում (ըստ տեղեկությունների, այդ ձգտումը չի վերացել, հիմա էլ կա): Դրանով էին պայմանավորված նրան ենթակա ոստիկանության հատկապես «բերետավոր» ստորաբաժանումների կողմից վայրագ, ոչնչով չհիմնավորված անհամաչափ ուժի կիրառումը ցուցարարների և նույնիսկ անցորդների վրա, ընդգծված դաժանությունն ու անմարդկայնությունը:

Մյուս կողմից՝ հրապարակում հավաքվող բազմությունը հարթակից պահանջում էր գործողություններ, ավելի ճիշտ՝ «կոնկրետ գործողություններ»: Թե ամեն մեկը դրա տակ ինչ էր հասկանում, կարծում ենք՝ պարզ է: Սակայն ողջ խնդիրը, ըստ ընդդիմադիր լիդերների մոտեցման, այն է, որ եթե հրապարակում հավաքված չէ առնվազն 100 հազար մարդ, ապա «կոնկրետ գործողությունների» դիմելը կարող է ավարտվել ընդամենը զանգվածային ծեծուջարդով, իշխանության կողմից գազանաբարո ռեպրեսիաներով ու՝ վերջ: Եվ հետո, ի դեպ, եթե հրապարակում հավաքվեր կամ հավաքվի 100 հազար կամ ավելի մարդ, ապա արդեն նույնիսկ «կոնկրետ գործողությունների» անհրաժեշտություն միգուցե չլինի, այսինքն՝ ընդհանրապես «ոչ բռնի» ճնշումներով հնարավոր լինի իշխանություններին պարտադրել որոշակի քայլեր: Այդպես մտածում են շատերը: Սակայն այդ «շատերը» հաշվի չեն առնում Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության մղումները՝ բախումներ հրահրելու, խաղաղ, անզեն ցուցարարների վրա կրակելու հետ կապված:

Հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության կարկառուններից մեկը հայտարարեց, որ իրենք պատրաստ են կրակել ժողովրդի վրա ու կկրակեն: Հավատացեք, իրենց համար 100 հայ մարդ սպանելն ընդհանրապես խնդիր չէ, մանավանդ այն ամենից հետո, ինչ արել են ու անում են: Ի վերջո, Նիկոլ Փաշինյանի իշխանավարման առնվազն վերջին երեք տարին ամենօրյա մահերի ժամանակաշրջան է... Հարթակ ելած ընդդիմադիրները ևս սա հրաշալի հասկանում էին, և գուցե նաև այդ էր պատճառը, որ հետևողականորեն հորդորում էին հնարավորինս զերծ մնալ բռնի գործողություններից, ինչ-որ գույք վնասելուց, առհասարակ՝ բռնություններից: Այսինքն, չէին ցանկանում սպասարկել «փաշինյանական օրակարգը»: Մյուս կողմից՝ նման կոչերը ակնհայտորեն խաղարկվում էին «թունդ արմատականություն» խաղացող զանազան քարոզիչների և նրանց կամա-ակամա ձայնակցողների կողմից՝ մարդկանց մեծ խմբերի հիասթափեցնելու կամ հիասթափության զգացումները խորացնելու համար:

Անկասկած, որպես կոմիտե միավորված ընդդիմադիրների կողմից էլ սխալներ են թույլ տրվել (դա անխուսափելի է նման պայմաններում ու առհասարակ), առանձին դեպքերում հապաղել են կամ մեկ այլ բան:Տվյալ դեպքում էականն այն է, որ ձգտելով շրջանցել «ներքին արյունահեղության» փաշինյանական օրակարգը՝ նրանք հայտնվեցին պատային իրավիճակում, իսկ մարդիկ էլ, բնականաբար, օրեցօր նվազեցին: Ճիշտ է, Հայաստանը շարունակում է ցնցումների մեջ գտնվել, և ոչ ոք չի կարող վստահ լինել, որ վաղը, մյուս օրը իրավիճակը, կոնկրետ՝ ներքին իրավիճակը վայրկենապես չի բորբոքվի: Այդ առումով Հայաստանում հասարակական տրամադրությունները նման են վառոդի տակառի, որին միայն կայծն է պակասում: Դիտարկելի է նաև մեկ այլ երևույթ. այս օրերին տեղի ունեցող ազգային խոշորագույն ողբերգության ու աղետի՝ Արցախի հայության բռնագաղթի ու Արցախի էթնիկ զտման խորապատկերում առանձնահատուկ ակտիվացել են իշխանական ու իշխանամերձ զանազան քարոզիչները, որոնք ուղղակիորեն ատելություն են սերմանում ու բորբոքում արցախցիների դեմ: Սա ևս ուսումնասիրության հետաքրքրական նյութ է, թեպետ ծավալվող ողբերգության խորապատկերում հազիվ թե մեկնումեկը հիմա նստի ու մանրակրկիտ ուսումնասիրի:

Այնուամենայնիվ, մի քանի հատկանշական «մանրուք» արժե հընթացս կամ, ինչպես ասվում է, «տաք-տաք» արձանագրել՝ ապագայի հետազոտողների համար: Տեսեք. իշխանությունը, անձամբ Նիկոլ Փաշինյանը, որ «բադրջանային» շանթուորոտ էր արձակում արցախցիների հասցեին՝ դրսևորելով նրանց հանդեպ իր գրեթե կենսաբանական ատելությունը, Արցախի լիարժեք հանձնումից հետո մի անասելի «սեր ու գորովանք» է ցուցադրում, խոսում է հոգատարությամբ ընդունելու, տեղաբաշխելու, տնավորելու մասին: Բայց, միաժամանակ, տարատեսակ «սուբյեկտների» միջոցով, այսպես ասած՝ «տակից» ծավալում են վայրենի քարոզչություն, եթե չասվի՝ արշավ արցախցիների դեմ: Նողկալի, զազրելի «թեզերով»:

Ի լրումն, առանձին մերձիշխանական «կերպարներ» բացեիբաց չարախնդում են Արցախի գլխին բերած աղետի ու աղետյալ հայրենակիցների վրա: Դե, այն, ինչի ունակ են Նիկոլ Փաշինյանի թիմն ու բոլոր նիկոլականները: Հուսանք, որ այս մի «փաշինյանական օրակարգը» գոնե չի հասցնի այն աստիճան արմատներ նետել, որ հասարակությունը վերջնականորեն ինտոքսիկացիայի տակ մնա: Չնայած դրա նշաններն արդեն տևական ժամանակ երևում են: Վկայություններն ամեն օր են, թեկուզ հենց սոցցանցերում...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում