կարևոր
7954 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-26 11:04
Քաղաքական

Մոտ օրերս կհայտարարվի Արցախի պետական մարմինների լուծարման մասին․ «Հրապարակ»

Մոտ օրերս կհայտարարվի Արցախի պետական մարմինների լուծարման մասին․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Սեպտեմբերի 21-ին ադրբեջանական Եվլախում կայացած հանդիպումից հետո Արցախի իշխանությունները՝ ի դեմս նախագահ Սամվել Շահրամանյանի, ակտիվ շփումների մեջ են Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, որոնք չեն հանրայնացվում։

Այդ հանդիպումների եւ բանակցությունների արդյունքում է, որ հետաձգվում է ադրբեջանցիների մուտքը Ստեփանակերտ։ Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացած հանդիպման ժամանակ ադրբեջանցիները հերթական անգամ պնդել են իրենց առաջնահերթ պահանջներից մեկը, որ Արցախի իշխանությունները պետք է հայտարարեն պետական կառույցները, ինստիտուտները կազմալուծելու մասին, եւ Ստեփանակերտում բոլոր պետական հաստատությունների շենքերի վրա պիտի տեղադրվի Ադրբեջանի դրոշը, ու սկսեն ինտեգրացիան։

Սրանով է պայմանավորված, որ սեպտեմբերի 21-ի առավոտյան ադրբեջանցիների՝ Ստեփանակերտ մտնելու եւ այնտեղ դրոշ տեղադրելու մասին լուրեր հայտնվեցին՝ խուճապի մատնելով առանց այն էլ ահաբեկված, ընկճված արցախցիներին։ Արցախից հայտնում են, որ Շահրամանյանը Շուշիում հանդիպելով Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տնօրեն Ալի Նագիեւի, ինչպես նաեւ Իլհամ Ալիեւի՝  Ղարաբաղի հարցով խորհրդականի հետ, օրակարգում այդ եւ այլ հումանիտար հարցեր է քննարկել։ Շահրամանյանը խնդրել է հետաձգել Ստեփանակերտ մուտքը՝ ներկայացնելով, որ քաղաքում առանց այն էլ աննկարագրելի խուճապային տրամադրություններ են, եւ դժվար է պատկերացնել, թե ինչի կհանգեցնեն այդ ներխուժումն ու ադրբեջանական դրոշների ներկայությունը։

Պայմանավորվածություն է կայացել նաեւ, որ Արցախից հեռանալ ցանկացողներին հումանիտար միջանցք է տրամադրվում, սակայն բնակչության տարհանման գործընթացը կարգավորելու են ըստ առաջնահերթության․ սկզբում Մարտակերտի եւ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված համայնքներից տարհանված արցախցի ընտանիքներին են Հայաստան տարհանելու, ապա` մյուսներին: Մարտակերտի ու Մարտունու` գրավված տարածքներից տեղահանվածներն արդեն քանի օր է՝ գիշերում էին Ստեփանակերտի փողոցներում եւ ռուս խաղաղապահների կենտրոնակայանին հարակից Խոջալուի օդանավակայանի տարածքում։ Ընդ որում՝ կարծես երաշխիքներ չեն տրվել, որ մարդիկ առանց խոչընդոտների կարող են անցնել ադրբեջանցիների կողմից շուրջ մեկ տարի վերահսկվող Լաչինի անցակետով։ Դրանով է պայմանավորված, որ առայժմ հիմնականում կանայք, երեխաներ եւ տարեցներ են տեղափոխվում Հայաստան, իսկ տղամարդիկ դեռ ռիսկի չեն դիմում, քանի որ Ադրբեջանը կարող է  նրանց պատանդ վերցնել։ Ի դեպ, այս խնդիրը ներքին դժգոհություններ է առաջացրել` Ստեփանակերտի եւ հարակից շրջանների բնակչությունը վրդովված է իշխանությունների այս որոշումից: Մարդիկ վախենում են, որ հայասպան ագրեսորը, 21-րդ դարում ցեղասպանություն իրականացնող Ադրբեջանն ամեն ինչի ընդունակ է եւ կարող է նաեւ ինչ-որ պահի կրկին փակել անցակետը՝ իրենց պատանդ պահելով, ուստի մարդկանց մի խումբ կապել է ճամպրուկներն ու եկել Ստեփանակերտի հրապարակ, շատերը՝ սեփական ավտոմեքենայով, որ ճանապարհ ընկնեն դեպի Հայաստան։ Մեզ ասացին, որ Սամվել Շահրամանյանն ադրբեջանական կողմին համոզել է, որ այս կազմակերպչական խնդիրների համար է, որ պետք չէ հիմա հայտարարել պետական ապարատի լուծարման մասին: Չնայած ադրբեջանցի պաշտոնյաները պնդել են, որ տարհանումն իրենք կապահովեն, այդուհանդերձ, որոշել են սպասել։ 
Հարցին, թե կողմերը, մասնավորապես՝ Ադրբեջանն ու Ռուսաստանը, ինչպես, այնուամենայնիվ, համաձայնեցին տարհանման որոշում կայացնել, մեր աղբյուրն ասաց՝ ռուսները կշարունակեն իրենց գոյությունը, եթե Արցախում 20-25 հազար մարդ էլ մնա, իսկ խաղաղապահները վստահ են, որ այդքան մարդ կմնա Արցախում, հատկապես այն ընտանիքները, որոնք վերջին պատերազմներին զոհ են տվել եւ չեն պատրաստում իրենց երեխաների, ամուսինների շիրիմները թողնել-հեռանալ։

Ի դեպ, ռուս խաղաղապահներն Արցախի իշխանություններին մինչեւ վերջին պահը վստահեցրել են, որ լայնածավալ հարձակում թույլ չեն տալու, սակայն անհայտ պատճառներով դրժել են խոստումը: Մեզ ասացին, որ նրանք ձգտում են, որ արցախցիները մնան իրենց հողում՝ հավաստիացնելով, որ կապահովեն նրանց անվտանգությունը, սակայն ԱՀ իշխանությունների մոտ այլեւս վստահություն չկա ռուսների նկատմամբ, եւ բանակցություններում պնդել են, որ միջանցքը պետք է տրամադրվի։

Այդուհանդերձ, այս պահին էլ կան տասնյակ գյուղեր, որտեղ մարդիկ դեռ պատանդի կարգավիճակում են` նրանց տեղափոխման հարցերը չեն լուծվել, կան հարյուրավոր ընտանիքներ, որոնք կորցրել են ընտանիքի անդամներից մեկին կամ մի քանիսին: Եվ կան գյուղեր, որոնք ամբողջությամբ ադրբեջանական վերահսկողության տակ են։ Նախօրեին մարտակերտցիների տեղափոխման հարցն է լուծվել, առաջիկա օրերին ենթադրվում է, որ մյուս համայնքների տարհանումը կսկսվի։

Արցախցիների մասսայական տարհանմանը զուգահեռ, Իվանյանում երեկ կայացել է Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների երկրորդ պաշտոնական հանդիպումը։ Թե ինչ հարցերի շուրջ են կողմերը բանակցել, պարզ չէ։ Պաշտոնական Բաքվի տարածած կադրերից միայն պարզ է դառնում, որ Արցախից հանդիպմանը մասնակցել են Արցախի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատգամավոր Դավիթ Մելքումյանը եւ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը, այսինքն` նույն կազմը, որը մեկնել էր Եվլախ` բանակցելու։ Ադրբեջանի կողմից բանակցողը պատգամավոր Ռամին Մամեդովն է»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում