կարևոր
2563 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-14 10:47
Քաղաքական

Արցախի լուծարման հրամանագիրը աբսուրդի ժանրից է, Ադրբեջանում ևս հասկանում են, որ այս հրամանագիրն Արցախի հարցը չի փակում. Աբրահամյան

Արցախի լուծարման հրամանագիրը աբսուրդի ժանրից է, Ադրբեջանում ևս հասկանում են, որ այս հրամանագիրն Արցախի հարցը չի փակում. Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արցախի նախագահի հրամանագիր` մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, պետական հիմնարկների և կազմակերպությունների լուծարման, և Հանրապետության գոյության դադարեցման վերաբերյալ շատ քննարկվեց:

Այն, որ այդ հրամանագիրը աբսուրդի ժանրից էր և, առհասարակ, նման հրամանագիրը չէր էլ կարող օրինական լինել, նույնիսկ քննարկման առարկա չէ:

Նման որոշում կայացնողը ևս գիտեր, որ դա մեղմ ասած ոչ մի ուժ չունեցող հրամանագիր է և մինչև դրա կազմումն ու մշակումը քննարկվել էր դա չեղարկելու ճանապարհները:

Ադրբեջանում ևս հասկանում են, որ այս հրամանագիրն Արցախի հարցը չի փակում, այն միայն քարոզչական նպատակների ու հոգեբանական գերակայության համար է:

Ի՞նչ կլիներ, եթե այդ պահին, առհասարակ, Արցախի իշխանությունը հրաժարվեր իրեն պարտադրված հրամանագիրը ստորագրելուց:
Ադրբեջանը սպառնում էր զորքերը մտցնել Ստեփանակերտ և մայրաքաղաքից մեկուսացված Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի շրջաններ, որտեղ դեռ 100 հզ-ից ավելի մարդ կար:

Մեզ` Արցախում չգտնվածներիս համար, դժվար է պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե ադրբեջանական զորքերը մինչև խաղաղ բնակիչների բռնի տեղահանումը մուտք գործեին Ստեփանակերտ և մյուս բնակավայրեր:

Այս տեսանկյունից արցախցին ինքը միայն օբյեկտիվ գնահատական կարող է տալ ստեղծված իրավիճակին, ադրբեջանական պարտադրված շանտաժին և որպես դրա հետևանք` նախագահի հրամանագրին:

Բարոյական տեսանկյունից, այս պահին բարդ է արցախցու փոխարեն այս կամ այն պնդումն անել, որովհետև իրավիճակի ողբերգությունն ու դրա դրսևորումներն ակնհայտ էին:

Ինչևէ, հայտնի հրամանագիրը մի կողմից թղթի կտոր է, սակայն պետք է դիտարկել դրա չեղարկման հնարավորությունը, տարբերակներն ու այդ որոշման քաղաքական, ռազմական և մնացած գործոնները»: