Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը շարունակում է Արցախում իր համար պաշտոններ որոնել. հենց նոր պաշտոն է ազատվում, որոշում է ինքնաառաջադրվել ու պատկերացնել իրեն այդ պաշտոնում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ օգոստոսի 28-ին Արցախի ԱԺ-ում նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ բավականին թեժ ու երկարատեւ քննարկում է եղել, որին մասնակցել են Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը եւ Արցախի պատգամավորները: Ի թիվս անվտանգային եւ հումանիտար հարցերի՝ քննարկվել է նաեւ Արայիկ Հարությունյանի հարցը, որը վերջին օրերին Արցախի քաղաքական թոփ թեման է դարձել:
Արցախում Հարությունյանի հրաժարականի մասին խոսակցություններից ամենաշատը ոգեւորվել է Սամվել Բաբայանը. թեեւ հրաժարականի մասին ընդամենը խոսակցություններ են, ու հստակ ոչինչ դեռ չկա, բայց Բաբայանը կրկին ակտիվացել է, քաղաքական ու հասարակական տարբեր շրջանակների հետ հանդիպումներ է ունենում, այսպես ասած, արդեն դիրքավորվել է՝ որպես Արցախի նախագահ:
Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, նախագահների եւ պատգամավորների մասնակցությամբ քննարկման ժամանակ էլ բավականին ակտիվ է եղել ու ոգեւորված հայտարարություններ արել: Ի հեճուկս իր ցանկությունների՝ Սամվել Բաբայանին որպես նախագահի թեկնածու Արցախում չեն դիտարկում, քանի որ հանրային եւ քաղաքական լայն շրջանակների համար նա անընդունելի կերպար է՝ իր «նիկոլական» հայտարարությունների համար:
Թե ինչ կլինի հետագայում, ժամանակը ցույց կտա, համենայնդեպս, այս պահին Արայիկ Հարությունյանի հրաժարականի լուրերը դեռ խոսակցությունների մակարդակի են, հստակ ոչինչ չկա, քանի որ նրա հրաժարականը լուրջ վտանգներ է պարունակում: Հարությունյանը ապահովում է Արցախի ինքնիշխանությունը, եւ այս պարզ ճշմարտությունը շատերը Հայաստանում եւ Արցախում չեն գիտակցում:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում