Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ՝ Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ, պաշտոնյաները միամիտ եւ անմեղ դեմքերով զեկուցեցին, որ բեռնատար մեքենաները գտնվում են անսարք վիճակում, եւ այնպիսի տպավորություն էր, որ նոր են տեղեկացել այդ մասին։
Սա՝ այն դեպքում, երբ միայն բեռնատար մեքենաների սպասարկման համար մեկ տարում ծախսվել է մոտ 1մլրդ դրամ («Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է գնումների կայքը, որտեղ նշված է, որ ամեն եռամսյակը մեկ, իսկ որոշ դեպքերում՝ երկու անգամ հատկացվել են 128-միլիոնական դրամներ): Բայց, չնայած ծախսված մոտ 2.5 մլն դոլարին, հիմա ունենք մի ամբողջ հիմնարկ՝ իր խոտանված մեքենաներով:
Հետաքրքիր է, թե ուր են ծախսված գումարները։ Իհարկե, ղեկավար կազմը ցանկանում է մեղքի մեծ բաժինը դնել վարորդների վրա, սակայն վարորդները մեզ ահազանգում են, որ այս հարցում բացարձակ մեղք չունեն: Հիմնականում 2019 թվականի արտադրության մեքենաներ են աշխատում աղբահանության համար, որոնց յուղերը ժամանակին չեն փոխվել, փոխարինվելուց էլ փոխարինվել են անորակ յուղերով, հերթական մեքենաների տեխզննումները ժամանակին չեն կատարվել, դրա համար ունենք այսօր այս վիճակը:
Բացի այդ, բազմաթիվ աշխատակիցներ ահազանգում են, որ «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Բագրատ Աղաջանյանի մեղմ ասած վատ վերաբերմունքի պատճառով (ծեծ, հայհոյանքներ, ստիպողաբար ավելի աշխատացնել եւ չվճարել եւ այլն) ազատման դիմումներ են գրում։ Նույնիսկ կան աշխատակիցներ, որոնք ցանկանում են ազատման դիմումներ գրել, սակայն վախենալով, որ իրենց ծեծի կենթարկեն` ուղղակի աշխատանքի չեն հաճախում։
Ի՞նչ է կատարվում այս ոլորտում: «Ժողովուրդ» օրաթերթը հարցումներ է ուղարկել քաղաքապետարան, որոնց պատասխանները կհրապարակենք ստանալուն պես:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում