Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանի համար ԲՀԿ-ն զավեշտալի կուսակցություն է, «Ժառանգությունն» էլ` եսիմ ինչ: Երկու տարի առաջ «Ժառանգությունից» հեռացված Թադեւոսյանը նախկին կուսակցության մասին խոսել անգամ չի ուզում, էլ ուր մնաց խանդի: «Որեւէ մեկը խանդոտ չի վերաբերվում 5 հոգու դիրքորոշմանը, խանդել կարելի է կուսակցությանը, այնպիսի կուսակցությանը, որն էլեկտորատ ունի,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգության» նախկին, ներկայիս ՀԱԿ անդամը: Թադեւոսյանի խորին համոզմամբ, «Ժառանգությունն» այլեւս էլեկտորատ չունի, իսկ նման պատկեր, ըստ նրա, ստեղծվեց այն պահից, «երբ կուսակցությունը պառակտվեց, երբ Զոյա Թադեւոսյանին հեռացրին կուսակցությունից»: Երկու տարի առաջ «Ժառանգության» կրած «դառը կորուստը» մի կողմ թողած` «Երկիրը» Զոյա Թադեւոսյանին ուղղեց ներքաղաքական մի քանի հարցեր:
- Տիկին Թադեւոսյան, ձեր ասուլիսի ժամանակ հայտարարեցիք, թե արաբական սցենարի կրկնությունը մեր երկրում պահանջում է հասարակությունը: Այնպիսի տպավորություն է, թե դա դուք եք ուզում, ուղղակի հասարակության վրա եք գցում...
- Այո, ժողովուրդը կողմնակից է գնալ այդ ճանապարհով, բայց ՀԱԿ-ը կատեգորիկ մերժում է այդ ճանապարհը: Ինչո՞ւ ժողովուրդը ՀԱԿ-ի հանրահավաքներին չի գալիս, որովհետեւ ժողովուրդն այսպես է մեկնաբանում. «մենք գալիս ենք, դուք էլի հետ եք ուղարկում»:
- Իսկ պատրա՞ստ է ՀԱԿ-ը ժողովրդի աչքից էլի ընկնել հանուն նրա, որ արաբական սցենարը մեզ մոտ չկրկնվի:
- Ժողովրդի աչքից ընկնել-չընկնելու խնդիրը մեծ հաշվով ինձ չի տանջում, ինձ տանջում է այն խնդիրը, որ այս երկիրն իսկապես կործանվում է:
- Իսկ եթե ժողովուրդն իրոք պահանջի ձեր նշած այդ սցենարը, տեղի կտա՞ք:
- Ժողովրդի պահանջը ժողովուրդն է պահանջում, եթե ժողովուրդը մի օր դարձավ անկառավարելի, ես չգիտեմ՝ ինչ կլինի...
- Հոկտեմբերի 28-ի համար ի՞նչ սցենար եք կանխատեսում:
- Ես չեմ կանխատեսում, դրանք կոնկրետ հարցեր են, որոնք քննարկվում են քաղխորհրդի նիստում եւ նոր վերջնական որոշման տեսք ստանում:
- Ասում են՝ ՀԱԿ-ի ներսում էլ որոշումներ կայացնելիս լուրջ տարաձայնություններ են առաջանում. ոմանք ավելի ըմբոստ են, ոմանք ավելի հանդուրժող...
- Ամեն տեղ է այդպես: Ինչպե՞ս կարող է մի մեծ հանրություն միավորող կառույցում տարաձայնություն չլինել, ամոթ էլ կլիներ: Ես կարծում եմ, որ տարակարծությունը պարտադիր է:
- Եվ ինչի՞ շուրջ է այդ տարակարծությունը:
- Օրինակ, մի մասը համաձայն էր, որ հանրահավաքը դադարեցնեինք, մի մասն էլ կտրականապես դեմ էր դրան:
- Ի վերջո, ի՞նչ զարգացումների սպասենք:
- Մենք սցենարների մասին չենք մտմտում, սցենարները օրակարգից դուրս են, սցենարը կախված է ժողովրդի համախմբվածությունից եւ վճռականությունից: Ինչ կլինի՝ կտեսնեք...
- Այսինքն, օրինակ, չի բացառվում, որ Տեր-Պետրոսյանն ասի՝ օ, իմ ժողովուրդ, ի՞նչ եք ուզում. ժողովուրդն էլ իբր որոշի ինչ է ուզում:
- Ինչու եք այդպես վերաբերվում մեր հանրահավաքներին: Ամեն մի հանրահավաք քաղաքական լուրջ դպրոց է, այդտեղ կարելի է գալ ու հասկանալ, թե ինչ է իրականում այս երկրում տեղի ունենում, համախմբվել ՀԱԿ-ի շուրջ եւ վստահ լինել, որ այլեւս չի լինելու այսպիսի Հայաստան:
- Տիկին Թադեւսյան, պահանջում եք Սերժ Սարգսյանի հրաժարականը, դուք ձեր ասածին հավատո՞ւմ եք, մի՞թե կարծում եք, թե նախագահն, իրոք, հրաժարական կտա:
- Ես լավատես եմ:
Ագնեսա ԽԱՄՈՅԱՆ