Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միացեալ Թագավորության եւ Իռլանդիայի թեմը, հայ համայնքի խորհուրդը, ինչպես նաեւ Բելգիայի հայերի կոմիտեն հանդես են եկել Արցախի Հանրապետության Ազգային ժողովին զորակցող, ինչպես նաեւ Փաշինյանի՝ մայիսի 22-ի հայտարարությունը դատապարտող հայտարարություններով։
Հայտարարությունները՝ ստորեւ.
Աջակցություն Լեռային Ղարաբաղի հայերին
Բելգիայի հայերի կոմիտեն մեծ մտահոգությամբ է հետևում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացմանը։ Այս շրջանի տեղաբնիկ հայ բնակչությունը, որը խիզախորեն պայքարել է խաղաղության, ազատության և ժողովրդավար ապրելու համար, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից հայտնվել է շրջափակման մեջ։ Այս խայտառակ իրավիճակը դատապարտվել է մասնավորապես Արդարադատության միջազգային դատարանի, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի, ինչպես նաև Եվրախորհրդարանի կողմից։ Այս պայմաններում միջազգային հանրության պարտականությունն է բոլոր անհրաժեշտ միջոցները գործադրել՝ վերացնելու շրջափակումը և ճանաչել Լեռնային Ղարաբաղի բնակիչների խաղաղ ու անվտանգ ապրելու իրավունքը։
Ցավով նշում ենք՝ ոչ միայն կոնկրետ ջանք չի գործադրվում այս ուղղությամբ, այլ՝ ընդհակառակը, այս քննարկումներում ներգրավված միջազգային խաղացողները, կարծես թե, բանակցում են տարածաշրջանի հազվագյուտ ժողովրդավարություններից մեկի կազմաքանդման պայմանների շուրջ՝ այն ամենավատ բռնապետություններից մեկի լծի տակ անցկացնելու համար։ Ի վերջո, կասկած չկա, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնակցումը կհանգեցնի նրա բնակիչների էթնիկ զտումներին և հայկական քաղաքակրթության բնօրրան պատմական մշակութային ժառանգության անհետացմանը։ Հայ ժողովրդի պատմությունը՝ Ցեղասպանությունից առաջ և հետո, մեզ ցույց է տվել դրա բազմաթիվ օրինակներ։ Կեղծ կարճաժամկետ առևտրային շահերի քողի տակ նույնքան բացահայտ և անփութորեն խրախուսելով ամենաթողությունն ու բռնությունը՝ մենք հող ենք պատրաստում տարատեսակ սանձարձակությունների համար։
Ուստի կոչ ենք անում Բելգիային, նրա գործընկերներին և ընթացող քննարկումներում ներգրավված միջազգային խաղացողներին՝ չտրվել բռնապետությունների շանտաժին և սակարկությանը, այլ վերանայել իրենց ներկայիս դիրքորոշումը և լիովին ձեռնամուխ լինել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայության՝ իրենց հայրենիքում խաղաղ, անվտանգ և ազատ ապրելու իրավունքի գործին։ Հայաստանի վարչապետի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին հայտարարությունները, ամենայն հավանականությամբ, չեն ազատի բանակցությունների գործընթացում անմիջականորեն ներգրավված միջազգային հանրությանը և Եվրոպային այն մոտալուտ ողբերգությունից, որին բախվել են Լեռնային Ղարաբաղի հայերը։
Ռոբերտ Ունուսյան
Բելգիայի հայերի Կոմիտեի նախագահ
Հայաստանի Հանրապետութեան Վարչապետ
Նիկոլ Փաշինեանին
Վերջին շրջանին Հայաստան-Ատրպէյճան իրերայաջորդ քաղաքական հանդիպումներու լոյսին տակ կատարուող զարգացումները միայն զայրոյթ եւ կտրուկ մերժում կը յառաջացնեն իւրաքանչիւր հայ անհատի մօտ, որ խորապէս մտահոգուած է Արցախի Հանրապետութեան շուրջ քննարկումներով։
Երկուշաբթի՝ մայիս 22-ին, լրագրողներու հետ հանդիպման ժամանակ Ձեր արտայայտութիւնը, թէ՝ Հայաստան կը ճանչնայ Ատրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը 86.600 քառակուսի կիլոմեթրի սահմանումով, կը բացայայտէ Արցախի ժողովուրդի կամքի եւ իրաւունքի լրիւ անտեսումի Ձեր մտադրութիւնը։ Արցախի ժողովուրդը իր կամքը արտայայտած է 1991-ի դեկտեմբեր 10-ի հանրաքուէով, եւ համաժողովրդային կեցուածքով՝ համաձայն ՄԱԿ-ի որդէգրած ազգային ինքնորոշման սկզբունքներուն, եւ որեւէ իշխանութիւն իրաւասու չէ զայն վտանգի տակ առնելու կամ բեկանելու։ Որեւէ կոշտ ու անիրաւ ձեւակերպում, որ նկատի չ’առներ Արցախի հերոսական ժողովուրդի կամքն ու ինքնորոշման իրաւունքը, միաժամանակ կը խախտէ Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան Հռչակագրի եւ երկրի Սահմանադրութիւնը։
Այս նամակով կը փոխանցենք մեր համայնքի հաւաքական վրդովմունքը Արցախի հարցի շուրջ Ձեր վտանգաւոր կեցուածքի եւ դանդաղ ցեղասպանութեան դուռ բացող դիրքորոշման համար։
Ցեղասպանութենէն ետք Սփիւռքի մէջ ապրող սերունդներու հայկական ինքնութեան պահպանումն ու ապագան, ամբողջականօրէն կապուած են Հայ ժողովուրդի արդար պահանջատիրութեան հոլովոյթով, Հայաստանի եւ Արցախի մէջ ապրող մեր ժողովուրդի ազատութեան ու ապահովութեան իրաւունքներու պաշտպանութեամբ։ Այս պատճառներով է, որ Սփիւռքի հայութիւնը եւ այդ շարքին Միացեալ Թագաւորութեան մէջ ապրող հայութիւնը որեւէ պարագային երբէք չի կրնար հանդուրժել հայութեան իրաւունքներու ոտնահարումն ու շրջանցումը։
Արդեն բոլորիս պարզ է որ բռնապետ Ալիևը խաղաղութեան որեւէ մտայնութիւն չունի։ Ան սպառնացեր է ուժի միջոցով վերցնել տարածքներ վերջնագիր ներկայացնելով Արցախի իշխանություններուն, նշելով որ Արցախի խորհրդարանը պետք է լուծարուի, ինչպես նաեւ պետք է հրաժարական ներկայացնեն նախարարներն ու նախագահը, դիմում ներկայացնելով Ատրպէյճանի անցագրի ձեռքբերմանը: Միայն այս քայլերէն ետք Ալիևը պիտի դիտարկէ Արցախի իշխանություններու համար համաներման հարցը քննարկելու հնարավորութիւնը:
Որեւէ զիճում Հայաստանի կողմէ փաստօրէն հետեւանք կունենայ յաւելեալ պահանջներու եւ սպառնալիքներու։
Կը յորդորենք Ձեզ՝ հրաժարուիլ պարտուողական մտայնութիւնէն եւ անորմէ բխող կործանարար քայլերէն, համազգային մարտահրաւէրներու յաղթահարման համար գտնել խելամիտ ու արժանապատիւ լուծումներ։
Պարտք կ’զգանք նշելու՝, որպէս Միացեալ Թագաւորութեան հայ Համայնք՝, հաստատակամ կը մնանք Արցախի հերոսական ժողովուրդի կողքին՝ իր հայրենիքին մէջ ապրելու ու խաղաղ արարելու իրաւունքն ու կամքը պաշտպանելով։ Այս իրաւունքները անտեսելու կամ մերժելու միտուած որեւէ նկրտում կտրուկ մերժելի է։
Հայրենիքի սիրով եւ զօրացմանը աջակցելու պատրաստակամութեամբ՝
Միացեալ Թագաւորութեան եւ Իրլանդայի թեմ
Միացեալ Թագաւորութեան Հայ Համայնքային խորհուրդ