կարևոր
5803 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-10 16:54
Հասարակություն

Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Հունիսի 5-8-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը:

Ժողովն ատենապետեց Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, իսկ նիստերը վարեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:

Հայաստանում ու Արցախում ստեղծված կացության վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Արցախի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը և ԳՀԽ անդամ, ի.գ.դ. Գևորգ Դանիելյանը։

Զեկույցներում անդրադարձ կատարվեց Հայաստանի և Արցախի շուրջ աղետալի զարգացումներին, մասնավորաբար շրջափակման հետևանքով Արցախի ժողովրդին սպառնացող ցեղասպանության վտանգին և Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ իրականացվող ոտնձգություններին։ Անհանգստությամբ անդրադարձ եղավ նաև երկրի ներսում գոյացած մարտահրավերներին, հասարակական անհամերաշխությանն ու բևեռացվածությանը։

ԳՀԽ-ն խոր մտահոգությամբ արձանագրեց հայրենական կյանքում ստեղծված ծանր կացությունը։ Կարևորեց, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվեն ազգի արժանապատվությունը ոտնահարող գործողություններից և արտաքին թշնամիների նվաստացուցիչ հավակնություններին ու պահանջներին հակադրեն իրատեսական և բացառապես հայանպաստ դիրքորոշումներ՝ վճռականորեն պաշտպանելով Արցախի ժողովրդի ինքնորոշման անսակարկելի իրավունքը։

ԳՀԽ-ն իր զորակցությունը հայտնեց Արցախի ժողովրդին և իշխանություններին՝ արձանագրելով նաև, որ Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու արդար իրավունքը պաշտպանություն պիտի գտնի համազգային բոլոր շրջանակներում։ Ժողովականներն ընդգծեցին, որպետք է ամեն ջանք ի գործ դնել ժողովրդի միասնության ոգին զորացնելու և համերաշխության մթնոլորտ ձևավորելու համար։

Արցախին ուղղված սոցիալական աջակցության վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռի Սոցիալական բաժնի տնօրեն Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը։ Տեր Հայրն ի մասնավորի ընդգծեց, որ Ամենյան Հայոց Հայրապետի հորդորով ու ջանքերով, Մայր Աթոռի աշխարհասփյուռ թեմերի գործուն մասնակցությամբ շրջափակման մեջ գտնվող Արցախին տրամադրվել է 360 տոննա մարդասիրական օգնություն։ Տրամադրվող աջակցությունը կլինի շարունակական։

Ժողովականները, մտահոգությամբ անդրադառնալով ադրբեջանական շրջափակման հետևանքով շարունակվող հումանիտար ճգնաժամային իրավիճակին, ընգդծեցին սոցիալական աջակցության ծրագրերի ընդլայման անհրաժեշտությունը։

Հանրակրթական դպրոցներում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման և կրթական հիմնախնդիրների մասին զեկուցեց Եկեղեցական Հայեցակարգային բաժնի տնօրեն Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը՝ տեղեկացնելով, որ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ-ում Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ առարկան ամբողջապես դուրս է բերվում կրթական ծրագրից։

Քննարկումների ընթացքում ԳՀԽ-ը, վերահաստատելով իր դիրքորոշումը, անթույլատրելի համարեց առարկայի դուրս բերումը հանրակրթական ծրագրից՝ ընդգծելով, որ այն կարևոր գործոն է սերունդների դաստիարակության ու կրթության առաքելության մեջ։ Այս համատեքստում անդրադարձ եղավ հատկապես անչափահասների շրջանում բռնությամբ ուղեկցվող ծանր հանցագործությունների ու թմրամոլության ահագնացող աճին։ Կենսական համարվեց, որ իշխանությունները գործնական և արդյունավետ քայլեր իրականացնեն՝ պայքարելու հիշյալ երևույթների դեմ, ինչպես և հասարակության մեջ, հատկապես կրթական հաստատություններում արժևորելու հանուն հայրենիքի պայքարի ելած, մեր նահատակ հայորդիների սխրանքը, որպեսզի չտկարանա ազգի զավակների հայրենանվիրումի ոգին։

Մայր Տաճարի հիմնանորոգության և ամրակայման աշխատանքների, Մյուռոն օրհնության և հարակից միջոցառումների կազմակերպման վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և լուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։

Քննարկումների արդյունքում ԳՀԽ-ը, հաշվի առնելով Մայր Տաճարի հիմնանորոգման աշխատանքների ծավալների ընդլայնման և ընթացող աշխատանքների ժամանակատարության հանգամանքները, որոշեց՝

  • Մայր Տաճարի վերաօծման արարողությունը հետաձգել մինչ հիմնանորոգման աշխատանքների ամբողջական ավարտը,
  • Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը կազմակերպել սույն թվականի հոկտեմբերի 1-ին,
  • Եպիսկոպոսաց ձեռնադրությունը՝ հոկտեմբերի 8-ին։

Ժողովում անդրադարձ եղավ նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքության՝ երկարաժամկետ վարձակալության տրված կալվածքների խնդրին և արձանագրվեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կապի մեջ է Պատրիարքարանի հետ և ի մոտո հետևում է ընթացող զարգացումներին։

Քառօրյա ժողովի ընթացքում քննարկվեցին նաև Եկեղեցու Նվիրապետական Աթոռների ու թեմերի գործունեությանը, Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչվող այլ հարցեր:

Ժողովն ամփոփվեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության և գնահատանքի խոսքով։