Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2020-03-03 16:25
Հասարակություն

Մայր Աթոռում մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Մայր Աթոռում մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Մարտի 3-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ատենապետությամբ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Նշվում է՝ ժողովին հրավիրված էր մասնակցելու նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը։

Նորին Սրբությունն ուրախությամբ ընդգծել է՝ առաջին անգամ ԳՀԽ ժողովին իր մասնակցությունն է բերում Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ է կատարել ժողովի ընդարձակ օրակարգում ընդգրկված հարցերին, որոնք առնչվում են ներեկեղեցական կյանքին և Հայոց Եկեղեցուն ու ժողովրդին հուզող զանազան խնդիրներին:

Քառօրյա ժողովի օրակարգում ընդգրկված են Ազգային-եկեղեցական ժողովի կազմակերպական աշխատանքների, Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության ընթացքի, այդ առիթով կազմակերպված համազգային հանգանակության, ինչպես նաև Հայոց Եկեղեցու վարչական, կանոնական ու հովվական կյանքին և կրթական ու սոցիալական առաքելությանն առնչվող հարցեր:

Հավելվում է նաև, որ Գերագույն հոգևոր խորհրդին կներկայացվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2019 թվականի գործունեության տեղեկագիրը, կլսվեն հոգևոր-վարչական գործունեության զեկույցը, ֆինանսական հաշվետվությունը և վերստուգիչ հանձնախմբի տարեկան հաշվետվությունը: