կարևոր
2167 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-08 09:27
Քաղաքական

Միայն մի բան է «հարաբերականորեն կայուն»․ «Փաստ»

Միայն մի բան է «հարաբերականորեն կայուն»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․

Պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկին հարց է տրվում ադրբեջանական դիվերսանտների կողմից մեր տարածքում առևանգված երկու զինծառայողների ճակատագրի մասին, նա էլ հարցը «վերահասցեավորում» է նախաքննական մարմնին, «որովհետև նախաքննություն է իրականացվում, և ցանկալի չէ՝ ես որևէ մեկնաբանություն իրականացնեմ»: Իսկ ի՞նչ է, ադրբեջանական դիվերսանտների կողմից առևանգված զինծառայողներին, կներեք, նախաքննական մարմի՞նն է զորակոչել կամ նախաքննական մարմի՞նն է մարդկանց հետ զինծառայության պայմանագիր կնքել: Սրանք բոլո՞րն են այսպիսին՝ մարդու, զինվորի կյանքի ու ճակատագրի վրա թքածունեցողական:

Չնայած, ի՞նչ ակնկալել ներկայացուցչից մի իշխանության, որի ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասում է, թե՝ ինչ է եղել, որ, գերիները կարող են ադրբեջանական բանտերում մի քանի ամիս էլ մնալ: Ի դեպ, այդ հայտարարությունից արդեն գրեթե 2 տարի է անցել: ՊՆ բարձրաստիճան ներկայացուցչին նաև հարց են տալիս, որ Սյունիքի ձերոնցական մարզպետը հայտարարեց, թե Տեղ և Ներքին Հանդ գյուղերի մոտակայքում ադրբեջանական ուժերը որոշ մասերում հետ են քաշվել: ՊՆ ներկայացուցիչը պատասխանում է, թե՝ չի կարող մեկնաբանել:

Ուրեմն՝ կամ անտեղյակ է, կամ էլ մարզպետը պարզապես ստել է (այս իշխանության դեպքում գրեթե պաշտոնական վարք), իսկ ՊՆ ներկայացուցիչը չի ցանկանում նրա սուտը «բռնեցնել», կամ էլ՝ միասին ու պայմանավորված մոլորեցնում են հանրությանը: Ու, այդքանից հետո, ՊՆ բարձրաստիճան ներկայացուցիչը հավաստիացնում է, թե իրավիճակը սահմանագծում հարաբերականորեն կայուն է... Չէ, իրականում այս իշխանության պարագայում, ոնց որ, միայն մեկ բան է «հարաբերականորեն կայուն»: Հանրությանը մոլորության մեջ գցելը, մանիպուլացնելը և ոչ ձեռնտու հարցերը չմեկնաբանելը: Հա, մեկ էլ բոլ-բոլ պարգևավճարներ ստանալը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում