|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Վաշինգտոնում կազմակերպված Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների քառօրյա բանակցությունների ընթացքում նախ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հայտարարում էր, թե իրենք Հայաստանի թիկունքին կանգնած են, իսկ բանակցությունից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհություն հայտնեց, թե առանցքային հարցերի շուրջ վերջնական դիրքորոշման չեն եկել։
Սովորական հայ մարդու մոտ տպավորություն է ստեղծվում, որ ամերիկացիներն իրոք մեր կողքին են, ու դրա ապացույցն է ադրբեջանցիների այս դժգոհությունը, հետո էլ Բլինկենի ուրախությունը, թե ամեն ինչ լավ է։ Այնինչ իրականում սա գեղեցիկ թակարդ է հայկական կողմի համար, որի զոհը հենց հայերն են, ոչ թե Հայաստանի իշխանությունը։
Ասեմ ինչու։
2022-ի սեպտեմբերին նույն ԱՄՆ-ում հանդիպումների ժամանակ այդ երկրի նույն բարձրաստիճան պաշտոնյաները Արցախի ԱԳ նախարարին ու մյուս պաշտոնյաներին հստակ ասել էին, որ պետք է Արցախը զիջել Ադրբեջանին, քանի որ դա է պահանջում ԱՄՆ շահը։
Հիմա հարց․ ինչո՞վ է ԱՄՆ-ն կանգնած Հայաստանի թիկունքին։ Փողո՞վ։ Իսկ ո՞ւմ է պետք այն փողով Հայաստանը, որը չունի Արցախ և չունի անվտանգություն, որի գյուղերն ու քաղաքները հերթով հարձակման են ենթարկվելու Ադրբեջանի կողմից, եթե մենք հանձնենք Արցախը։
Հետևաբար՝ հիմա հայ հանրությանը փորձում են համոզել, թե ԱՄՆ-ն մեզ այնքան բարեկամ է, որ բանակցությունների ժամանակ Ադրբեջանը դժգոհ է մնացել։ Իսկ Ադրբեջանը պատահական չի իր դժգոհությունը հայտնել։ Սպասենք, որ Ադրբեջանի դժգոհության ֆոնին Հայաստանի ԱԳՆ-ն իր հատուկ շնորհակալությունը կհայտնի ԱՄՆ-ին կառուցողական աշխատանքի համար։
Սրանք բոլորը մի կծիկի տարբեր մասեր են, որով փորձում են էշի տեղ դնել հայ ազգին։
Նաիրի Հոխիկյան
Մեդիափորձագետ