կարևոր
3652 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-28 19:43
Աշխարհ

Էրդողանն ու ընտրություններում նրա գլխավոր մրցակիցը նույն օրը հանրահավաքներ կանցկացնեն Ստամբուլում. Haberler

Էրդողանն ու ընտրություններում նրա գլխավոր մրցակիցը նույն օրը հանրահավաքներ կանցկացնեն Ստամբուլում. Haberler

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը եւ նախագահական ընտրություններում նրա հիմնական մրցակից ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն մտադիր են Ստամբուլում հանրահավաքներ անցկացնել նույն օրը, բայց տարբեր շրջաններում: Այս մասին ուրբաթ հայտնել է Haberler լրատվական պորտալը։

Պորտալի տվյալներով՝ հանրահավաքները տեղի կունենան երկրի խոշորագույն մեգապոլիսում ընտրություններից մեկ շաբաթ առաջ, որոնք նախատեսված են մայիսի 14-ին: Էրդողանը մտադիր է իր աջակիցների առջեւ ելույթ ունենալ Աթաթուրքի անվ․ նախկին օդանավակայանի տարածքում գտնվող Ազգի այգում, իսկ Քըլըչդարօղլուն՝ Մալթեփե Օրխանգազիի այգում։

Մայիսի 14-ին կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին, ըստ ԿԸՀ տվյալների, կարող է մասնակցել Թուրքիայի 64 մլն քաղաքացի: Ընդհանուր առմամբ, երկրում եւ նրա սահմաններից դուրս կտեղադրվի 191 884 քվեատուփ: Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 26 կուսակցություն։

Քաղաքագետները չեն բացառում Թուրքիայում նախագահական ընտրությունները երկու փուլով անցկացնելը, քանի որ հասարակական կարծիքի հարցումները դեռեւս չեն բացահայտում նախագահական ընտրապայքարի ակնհայտ ֆավորիտին: Թուրքիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ է հավաքել ձայների առնվազն 50 տոկոսը ՝ գումարած մեկ: Շատ փորձագետներ նման արդյունքը քիչ հավանական են համարում։ Այդ դեպքում սպասվում է ընտրությունների երկրորդ փուլ, որը տեղի կունենա մայիսի 28-ին։ Հաղթող կճանաչվի ձայների մեծամասնությունը հավաքած թեկնածուն: