կարևոր
4498 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-25 15:41
Հասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի Սենատի պատվիրակությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի Սենատի պատվիրակությանը

Ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր և նախագահ, Արևելքի քրիստոնյաների հարցով կապի խմբի նախագահ Բրունո Ռետայոյի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ պատվիրակաության այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին լավագույն վկայությունն է հայ-ֆրանսիական բարեկամության։ Վեհափառ Հայրապետն իր երխատագիտությունը հայտնեց Ֆրանսիայի Սենատին Հայոց Ցեղասպանության ճանաչման, դատապարտման, ինչպես նաև Արցախի անկախության մասին բանաձևի ընդունման համար:

Անդրադառնալով տարածաշրջանում առկա դժվարին իրավիճակին՝ Հայոց Հովվապետը մտահոգությամբ անդրադարձավ արցախահայության և Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի  կողմից շարունակվող ոտնձգություններին: Այս առնչությամբ Նորին Սրբությունը կարևոր նկատեց միջազգային հանրության հետևողական ջանքերի գործադրումն Ադրբեջանի որդեգրած ծավալապաշտական քաղաքականությունը կանխելու հարցում։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքը հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ու հետպատերազմյա շրջանում Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերած աջակցության և զորակցության համար:

Իր հերթին Ֆրանսիայի Սենատի պատվիրակության ղեկավար Բրունո Ռետայոն ընդգծեց, որ ջանքեր կգործադրի միջազգային ատյաններում բարձրաձայնելու արցախահայության ազատ ու անկախ ապրելու իրավունքի պահանջը: Այս առիթով պատվիրակության ղեկավարը տեղեկացրեց Հայոց Հայրապետին, որ Ֆրանսիայի Սենատում ստեղծվել է Արցախի հարցով հանձնախումբ, որի նպատակն է աջակցել ու զորակցել արցախահայությանը:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև գերիների վերադարձման, Լաչինի միջանցքի արգելափակման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին: