կարևոր
6841 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-07 14:47
Տարածաշրջան

Թուրքիան կոչ է արել շուտափույթ կնքել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը

Թուրքիան կոչ է արել շուտափույթ կնքել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը

Թուրքիան անհրաժեշտ է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև որքան հնարավոր է շուտ կնքել խաղաղության պայմանագիր։ Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, հայտարարել է թուրքական դիվանագիտության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն՝ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո։

«Մենք քննարկել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը։ Մենք կողմ ենք երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը։ Մենք կշարունակենք խորհրդակցություններն այս հարցի շուրջ, այդ թվում՝ Ռուսաստանի հետ», -  հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

«Անկարան աջակցում է Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունությանն ուղղված ջանքերին», - նշել է թուրք նախարարը. հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։

«Մոսկվան և Անկարան կողմ են Հարավային Կովկասի և այս տարածաշրջանի հարևան երկրների միջև համագործակցության խորացմանը», - իր հերթին նշել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։

«Մենք ողջունում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը սկսվել է մեր աջակցությամբ։ Մենք ողջունում ենք տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացմանն ուղղված ջանքերը։ Իհարկե, մենք ողջունում ենք Հարավային Կովկասի հետկոնֆլիկտային վերակառուցումը։ Այս բոլոր հարցերի շուրջ, ինչպես հայտնի է, եռակողմ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև։ Այս համաձայնագրերը մնում են աշխատանքի շարունակման հիմքը։ Հուսով ենք, որ մեր արտատարածաշրջանային գործընկերները չեն միջամտի այս գործընթացին, այլ կուղղորդեն կողմերին խստորեն իրականացնել եռակողմ պայմանավորվածությունները», – նշել է ռուս նախարարը։