Միասին կարող ենք
կարևոր
586 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-25 19:51
Հասարակություն

«Կովերի» գործով անցնող Գևորգ Խամոյանն ազատ արձակվեց

«Իշխանություն» լրատվականը գրում է.

«Հակակոռուպցիոն կոմիտեի աղմկահարույց ու «սենսացիոն» որակված հերթական բացահայտումը դատարանում փլուզվեց։ Իրավապահների տարածած այն պնդումները, թե Գևորգ Խամոյանն ընտրական շրջանում կովեր, հավեր ու խոզեր բաժանելով ընտրակաշառք է տրվել, դատարանը պարզապես անհիմն համարեց և մերժեց կալանքը երկու ամսով երկարացնելու հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

Այսօր՝ հունիսի 25-ին, լրացավ Գևորգ Խամոյանի կալանքի ժամկետը, նա «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակվեց։

«Իշխանություն» լրատվականն ավելի վաղ հայտնել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն մեծ աղմուկով պնդում էր, թե «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրն այլ անձանց հետ ընտրողներին կովեր, հավեր և այլ կենդանիներ է նվիրել՝ իբր խախտելով բարեգործության արգելքը։

Սակայն իրականությունն այլ է. գործի առանցքային դեմքը՝ Գևորգ Խամոյանը, իրականում «Միացեք հայեր» բարեգործական նախաձեռնության կամավոր է, ով տարիներ շարունակ զբաղվել է բացառապես ծրագրի կազմակերպչական աշխատանքներով։
Նշենք, որ «Միացեք հայեր» նախաձեռնությունը՝ բարերար Ալեքսանդր Սարկիսյանի գլխավորությամբ, 2023 թվականից սկսել է մի լայնածավալ ծրագիր, որի նպատակն է եղել աջակցել Արցախից բռնի տեղահանված գյուղաբնակ ընտանիքներին։ Նրանց տրամադրվել են կովեր, ոչխարներ, խոզեր, հավեր և տնտեսավարման այլ միջոցներ, որպեսզի մարդիկ կարողանան սեփական ապրուստը հոգալ։

Ծրագրի ողջ իրականացումը համակարգել է հենց Գևորգ Խամոյանը, ով նաև պարբերաբար տեսանյութերով թափանցիկ հաշվետվություններ է ներկայացրել բարերարներին՝ ցույց տալով տրամադրված օգնությունն ու շահառուներին։

Հատկանշականն այն է, որ ծրագրի շահառուների ճնշող մեծամասնությունը Արցախից բռնի տեղահանված ընտանիքներն են, որոնցից շատերը Հայաստանի ընտրական գործընթացներին մասնակցելու և ընտրելու իրավունք չունեն։

Պաշտպանական կողմը հատուկ ընդգծում է՝ Գևորգ Խամոյանը որևէ կուսակցության ներկայացուցիչ կամ քարոզիչ չի հանդիսացել, և նրան անազատության մեջ պահելն ու քաղաքականացված մեղադրանքներ վերագրելը դատարանի կողմից ստացավ արժանի ու արդար գնահատական»։