Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ երեք խմբակցությունները` ՀՅԴ, «Ելք», ՀՀԿ, ԱԺ ճեպազրույցում անդրադարձել են Մինսկի խմբի այն հայտարարությանը, որում կոչ են անում հակամարտող կողմերին` զերծ մնալ հրահրիչ հայտարարություններից, նաև այն հարցին` որքանո՞վ է սա վերաբերում Ադրբեջանին` հաշվի առնելով այն փաստը, որ Ալիևը վերջերս հայտարարել էր, որ Երևանը ադրբեջանական է:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով` այո, հայտարարությունը հենց Ադրբեջանին էլ ուղղված է: «Կարծում եմ` Մինսկի խումբն ունի երկու հիմնական խնդիր: Մեկն այն է, որ բանակցությունների լիարժեք լինելու համար պետք է ընդգրկվի նաև արցախյան կողմը: Հիմա առաջացել է մի նոր խնդիր` պետք է բանակցելի դարձնել Ադրբեջանին` բերել հիմնական բանակցային սեղանի շուրջ: Ադրբեջանն այս պահվածքով անբանակցելի կողմ է: Եթե մենք խոսում ենք սուբստանտիվ բառը գործածելու մասին, այստեղ խոսքը սուբստանտիվի մասին չէ, այստեղ ուղղակի բանակցությունների նորմալ միջավայր ստեղծելու մասին պետք է խոսքը գնա, որը Մինսկի խմբի հիմնական հանձնառություն է` նրանք պետք է ստեղծեն բանակցությունների միջավայր: Չենք կարող մի կողմից բանակցել, մյուս կողմից` պատերազմել»,- ասաց նա:
Ռուստամյանը համարում է, որ Մինսկի խումբը պետք է հասցեական հայտարարություն աներ, որովհետև հայկական կողմերը նման բաներ չեն հայտարարել: «Կարելի է շատ ուղղակի այդ մասին ասել: Մեր կողմից հո այդպիսի հայտարարություններ չեն լինում: Առնվազն այս ընթացքում ոչ ոք Հայաստանից այդպիսի բան չի խոսել, հակառակը` հայկական կողմերը խոսում են փոպզիջումներից, իսկ ադրբեջանական կողմը մնում է անիմաստ, կոշտ և անհեռանկար»,- ասաց նա:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ բազմիցս նշել են` պետք է հայտարարությունները հասցեական լինեն։ «Ակնհայտ է, որ այդ հայտարարությունները վերաբերում են ադրբեջանական կողմին, բայց հայտարարությունների տեքստը հստակ չէ։ Մենք բազմիցս նշել ենք, որ պետք է հայտարարությունները հասցեական լինեն, նշվի, թե ովքեր են սադրիչները»,- ասաց նա։
Ըստ Բաղդասարյանի` մեկ անգամ չէ, որ ասել ենք` հասցեականությունը պարտադիր է: «Մենք պետք է հասնենք այն բանին, որ միջազգային հանրությունը, առավել ևս` Մինսկի խումբը հասցեական գնահատական տան։ Մենք դեռ գոհ չենք այդ հայտարարություններից, բայց ակնհայտ է, որ դա վերաբերում է Ադրբեջանին»,- ասաց նա։
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կարծիքով` Մինսկի խմբի հայտարարությունը հասցեագրված է Ադրբեջանին, բայց, ցավոք, համանախագահները խուսափում են կոնկրետ ձևակերպումներից: «Ո՞ւմ պարզ չի դա, եթե ասում են` սադրիչ գործողություններից զերծ մնալ: Ես չեմ պատկերացնում, թե Հայաստանի կողմից ինչ սադրանքներ պիտի լինեն, մեզ դրանք ձեռնտու չեն, մեզ ձեռնտու են բանակցությունները»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի` ինչ-որ առումով խայտառակություն է, որ մինչև հիմա Վիեննայի պայմանավորվածություններն ու հրադադարի ռեժիմը գործարկված չեն, Ադրբեջանը խայտառակ կերպով կարողանում է խուսափել այդ պայմանավորվածություններն իրականացնելուց: Նա ընդգծեց, որ դա առաջին հերթին խայտառակություն է համանախագահների համար: