Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հազարավոր իսրայելցիներ երկրի տարբեր քաղաքներում կիրակի գիշերը ցույցի են դուրս եկել այն բանից հետո, երբ վարչապետ Բենյամին Նեթանյահուն աշխատանքից ազատել է պաշտպանության նախարար Յոավ Գալանտին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Jerusalem Post պարբերականին:
Իսրայելի պաշտպանության նախարարին աշխատանքից հեռացնելու պատճառ է դարձել այն, որ նա մարտի 25-ի երեկոյան կառավարությանը կոչ է արել կասեցնել դատական բարեփոխումների օրինագիծը, որը հասարակության և ընդդիմության դժգոհությունն է առաջացրել:
Թել Ավիվում ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել, երբ այսօր վաղ առավոտյան ոստիկանները սկսել են ցրել ցուցարարներին: Երեք ոստիկան վիրավորվել է:
Պարբերականը նշում է, որ ցուցարարներն այրել են անվադողեր, արգելապատնեշներ են կառուցել՝ խոչընդոտելով երթևեկությանը: Այալոնի մայրուղով երթևեկությունը երկու կողմից փակվել է, որից 5 ժամ անց ոստիկանական մեծ ուժեր են բերվել: Նրանք ջրցան մեքենաների միջոցով ցրել են մայրուղին փակած ցուցարարներին: Ակցիայի մասնակիցներն էլ ոստիկանների վրա տարբեր առարկաներ են նետել:
Իսրայելում արդեն մի քանի ամիս է՝ ցույցեր են ընթանում Նեթանյահուի կառավարության նախաձեռնած դատական բարեփոխումների դեմ, որոնք նախատեսում են գերագույն դատարանի լիազորությունների սահմանափակում և դատավորների ընտրության վերահսկողության տրամադրում իշխանության գործադիր ճյուղին: Ընդդիմության կարծիքով՝ այս բարեփոխումը խարխլում է պետության ժողովրդավարական հիմքերը։ Նեթանյահուն պնդում է, որ այս օրինագծի նպատակը ոչ թե դատարանների վերահսկումն է, այլ դրանց հավասարակշռումը և բազմազանեցումը: