Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հերթական հանդիպմանը Հայաստանի պատվիրակությունը բարձրացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հարցը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրոպայի խորհրդում ՀՀ ներկայացուցչությունը։
ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը նախ ներկայացրել է հունիսի 28-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հրադադարի կոպիտ խախտումները և սադրիչ գործողությունները, որի հետևանքով զոհվել է չորս զինվոր։
Ընդգծել է, որ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը, միջանցքում բետոնե պատնեշների տեղադրումը, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումը, ատելության խոսքի և սպառնալիքների միջոցով ԼՂ խաղաղ բնակչության ահաբեկումը միանգամայն վկայում են, որ Ադրբեջանը հետևողականորեն փորձում է էթնիկ զտումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում։
Դեսպան Խաչատրյանը Նախարարների կոմիտեին է ներկայացրել հունիսի 22-ին ընդունված «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովում» ԵԽԽՎ բանաձևը, որով Վեհաժողովն ահազանգում է, որ, ներկա իրավիճակը կայուն չէ և կարող է հանգեցնել նրան, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը ստիպված լինի լքել իրենց տներն ու համայնքները։ Ընդգծել է, որ Վեհաժողովը կոչ է անում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով հրատապ հասցեագրել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցերը, ինչպես նաև Վեհաժողովը պահանջում է հնարավորինս արագ կազմակերպել Եվրոպայի խորհրդի փաստահավաք առաքելություն։
Մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը նշել է, որ Լաչինի միջանցքի հարցով Նախարարների կոմիտեին հասցեագրված ԵԽԽՎ խորհրդատվությամբ՝ Վեհաժողովը Նախարարների կոմիտեի ուշադրությունը հրավիրում է Ադրբեջանի միակողմանի գործողությունների հետևանքով ստեղծված Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերին առնչվող հումանիտար և մարդու իրավունքների ճգնաժամի վրա։
Հորդորել է Նախարարների կոմիտեին ձեռնարկել հստակ քայլեր՝ ԵԽԽՎ խորհրդատվությամբ բարձրացված խնդիրները հասցեագրելու և Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների կանխամտածված այս ճգնաժամին արձագանքելու համար:
ԵԽ նախարարների կոմիտեի հանդիպմանը տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում ԵԽԽՎ նախագահ Թինի Քոկսի և Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։ Հայաստանի պատվիրակությունն ընդգծել է ԵԽԽՎ և Մարդու իրավունքների հանձնակատարի ներգրավվածության կարևորությունը Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների և հումանիտար ճգնաժամի հասցեագրման հարցում։