Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել երկկողմ հարաբերությունների զարգացման և տարածաշրջանային անվտանգության ապահովման թեմայով խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալներ Մնացական Սաֆարյանը և Վահե Գևորգյանը, ռուսական պատվիրակությունը՝ ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Խորհրդակցությունների շրջանակներում կողմերը քննարկել են հայ-ռուսական երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Մասնավորապես, վստահության մթնոլորտում տեղի է ունեցել մտքերի փոխանակում արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով համագործակցության հետագա խթանման, Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման, հայ-ռուսական հումանիտար կապերի առաջմղման հեռանկարների, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգության ապահովման հարցերի շուրջ:
Կողմերը ընդգծել են միջազգային հարաբերությունների՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային հարցերի քննարկման պրակտիկայի շարունակման կարևորությունն ու տրամադրվածությունը:
Խորհրդակցությունների ավարտին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինին: Պաշտոնական Բաքվի սադրիչ հայտարարությունների և ագրեսիվ գործողությունների հետևանքով տարածաշրջանում ձևավորվող վտանգավոր իրավիճակի, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում գտնվող միջանցքում անցակետի տեղադրման ուղղությամբ ձեռնարկված քայլերի համատեքստում, ՀՀ ԱԳ նախարարի կողմից շեշտվել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան Լաչինի միջանցքի ռեժիմի վերականգնման ուղղությամբ Հայաստանի դաշնակիցների և գործընկերների կողմից հստակ արձագանքի և գործուն քայլերի անհրաժեշտությունը։