|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Երկու ամիս է ինչ Արցախի բնակչությունը գտնվում է շրջափակման մեջ։ Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը արգելափակվել է ադրբեջանցի պսևդոբնապահպանների կողմից` բողոքի ակցիա իրականացնելու պատրվակով։ Արցախի այդ շրջափակման հետևանքով այնտեղ բնակվող 120 հազար հայեր կտրվել են ողջ աշխարհից։ Սույն հոդվածում անդրադարձ կկատարվի Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի շրջափակմանը, սույն խնդրին Միացյալ Նահանգների իշխանությունների և միջազգային կազմակերպությունների անդրադարձին, ինչպես նաև այդ ուղղությամբ ԱՄՆ-ում հայկական լոբբիստական կազմակերպությունների և հայ համայնքի տարած ջանքերին։
Իրավիճակը Արցախի շուրջ
2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի իշխանությունները, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, արգելափակել են Լաչինի միջանցքը՝ Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ միջանցքը։ Արդեն գրեթե երկու ամիս տևող շրջափակումը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից ի վեր ամենամեծ հարձակումն է Արցախի ժողովրդի դեմ։ Օրեցօր ավելի է սրվում առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղերի, սննդի և վառելիքի պակասը։ Նպատակ ունենալով արցախահայերի իրավիճակը վատթարացնել՝ Ադրբեջանը խոչընդոտում է Արցախի գազամատակարարմանը, ինչպես նաև Հայաստանից եկող Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի՝ իրենց վերահսկողության տակ գտնվող հատվածի վերականգնմանը (հունվարի 9-ին այնտեղ իբր թե վթար էր տեղի ունեցել)։ Ադրբեջանի կողմից արտակարգ և վերականգնողական աշխատանքներին խոչընդոտումը վկայում է այդ քայլերի միտումնավորության մասին։ Իսկ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը չդադարեցնելը անխուսափելիորեն հանգեցնելու է, ըստ էության, արդեն իսկ հանգեցրել է հումանիտար ճգնաժամի :
Միջազգային արձագանք
Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը թեև գնահատական է ստացել պետությունների կառավարությունների և միջազգային կազմակերպությունների կողմից, այնուամենայնիվ, դա դեռևս բավարար չէ Արցախի ապաշրջափակումը ապահովելու համար։ Արցախի շրջափակմանն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային այնպիսի կառույցներ, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԵՄ-ն, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ՝ «Freedom House», «Amnesty International» և «Human Rights Watch»։ Հստակ արձագանքներ եղել են տարբեր երկրների կառավարությունների կողմից, այդ թվում՝ Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Ռուսաստան, Հնդկաստան, Հունաստան, Կիպրոս և այլն։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը, առանց որևէ հստակ կոչի` ուղղված Ադրբեջանին, հորդորել է կողմերին դեէսկալացնել իրավիճակն ու ապահովել Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը : Մյուս կողմից՝ դեկտեմբերի 27-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը անդրադարձել է երեխաների իրավունքների ոտնահարմանը՝ պայմանավորված այս իրավիճակով․ «Որքան երկար շարունակվի իրավիճակը, այնքան շատ երեխաներ կզգան տարրական սննդի պակասը… Բացի այդ՝ շատ երեխաներ զրկվել են ծնողական խնամքից, քանի որ բաժանվել են իրենց ծնողներից կամ օրինական խնամակալներից» :
Հունվարի 18-ին իրավիճակին անդրադարձավ նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը՝ կոչ անելով անմիջապես ապահովել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը : Այսպիսով՝ չնայած ՄԱԿ-ի կողմից արված մի քանի հայտարարություններին, որոնք նաև ընդգծում էին հումանիտար աղետի փաստը Արցախում, այս հայտարարությունները հստակորեն ուղղված չէին Ադրբեջանի կառավարությանը և որևէ լուրջ ազդեցություն չունեցան Արցախի ապաշրջափակման հարցում։
ՄԱԿ-ից բացի արձագանքել է նաև ԵՄ-ն՝ ուղղակիորեն կոչ հղելով Ադրբեջանին. «Ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով` 2020 թ. նոյեմբերի եռակողմ հայտարարության համաձայն» : Այս հայտարարությունը ևս մեկ անգամ հաստատվել է Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևում, որտեղ դատապարտվել է Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակումը ։
Ինչ վերաբերում է տարբեր երկրների կողմից Արցախի շրջափակման անդրադաձին, ապա ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Հունաստանի և Կիպրոսի կողմից հայտարարություններ եղել են ԱԳՆ մակարդակով։ Արցախի շրջափակման հարցը բարձրաձայնվել է նաև ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակում, որտեղ դատապարտող հայտարարություններ եղել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Իռլանդիայի կողմից։ Եղել են հայտարարություններ նաև այլ երկրների կողմից ։
Արցախի շրջափակմանն անդրադարձած միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների շարքում են «Freedom House», «Amnesty International», «Human Rights Watch» կազմակերպությունները։ Առաջինն ուղղակիորեն կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել շրջափակումը և վերականգնել գազամատակարարումը՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների իրացումը ։ «Amnesty International»-ը հանդես է եկել համանման հայտարարությամբ մեկ ամիս անց ։ Իսկ «Human Rights Watch»-ը շրջափակումից մի քանի օր անց արդեն իսկ ահազանգում էր հնարավոր սարսափելի հումանիտար հետևանքների մասին շրջափակման շարունակման պարագայում ։
Այսպիսով՝ միջազգային և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տարբեր կազմակերպությունների կողմից ընդհանուր առմամբ հստակորեն արձանագրվել է շրջափակման փաստը, դրա մարդասիրական աղետի վերաճելու մեծ հավանականությունը և շրջափակման անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը։ Չնայած այս բոլոր արձագանքներին միջազգային դերակատարների կողմից՝ Ալիևը դեռևս չի դադարեցնում Արցախի շրջափակումը՝ ակնկալելով ստանալ որոշակի զիջումներ։
ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը և հնարավոր հումանիտար աղետին ԱՄՆ իշխանությունները սկսեցին անդրադառնալ շրջափակման երկրորդ օրվանից։
Արձագանքները սկսել են Պետդեպարտամենտից՝ խոսնակի մակարդակով և Կոնգրեսից՝ հայամետ կոնգրեսականների մակարդակով։ Շրջափակումից ավելի քան մեկ ամիս անց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռաձայնել է Ադրբեջանի նախագահին՝ վերջինիս հորդորելով անհապաղ բացել Լաչինի միջանցքը : Սպիտակ տան կողմից դեռևս որևէ անդրադարձ կամ հայտարարություն չի եղել՝ չնայած հայ լոբբիստների և հայ համայնքի ջանքերին։
ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը դեկտեմբերի 13-ին թե՛ իր թվիթթերյան էջում և թե՛ մամլո ասուլիսի ժամանակ կոչ արեց Ադրբեջանի կառավարությանը․ «Վերականգնել (Լաչինի) միջանցքով ազատ տեղաշարժը» ։
Այնուհետև դեկտեմբերի 16-ի մամլո ասուլիսի ժամանակ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակի գլխավոր տեղակալ Վեդանտ Պատելը, պատասխանելով Արցախի շրջափակման հետ կապված հարցին, հայտարարեց, որ Լաչինի միջանցքի փակումը պոտենցիալ ծանր հումանիտար հետևանքներ ունի և, ակնհայտորեն, հետ է մղում խաղաղության գործընթացը: «Մենք ուրախ ենք, որ Լեռնային Ղարաբաղ բնական գազի մատակարարումը վերականգնվել է։ Էներգետիկ ենթակառուցվածքների խափանումները կարող են հումանիտար ճգնաժամ առաջացնել, և մենք կոչ ենք անում հնարավորինս շուտ վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը, և դրան հասնելու ճանապարհը բանակցություններն են» :
Հաջորդող հայտարարություններում ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը հանդես է եկել համանման հայտարարություններով՝ շեշտելով, որ ԱՄՆ-ն պատրաստ է օժանդակելու Հայաստանին և Ադրբեջանին բանակցային գործընթացը շարունակելու հարցում՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար :
Արցախի շրջափակմանը նաև անդրադարձել է ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը, ով իր թվիթթերյան էջում տարածել էր հայտարարություն առ այն որ․ «Ավելի քան մեկ ամիս է, ինչ արգելափակված է Լաչինի միջանցքով տեղաշարժը։ Ամեն օր առևտրային երթևեկությունը և մարդասիրական օգնությունը չեն կարողանում անարգել հասնել Լեռնային Ղարաբաղ, որը մեծացնում է հումանիտար ճգնաժամի հավանականությունը: Միջանցքով ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի» : Այս հայտարարությունը մեծապես ԱՄՆ-ի հայ լոբբիստների ու հայկական համայնքի համատեղ ջանքերի արդյունք էր։ Հայ լոբբիստները, սակայն միայն հայտարարություն չէ, որ ակնկալում էին Սամանթա Փաուերից։
Կոնգրեսի երկու պալատների անդամների արձագանքը
Արցախի շրջափակմանը
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը անմիջապես արձագանքել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները, հատկապես՝ Հայկական հանձնախմբի ներկայացուցիչները։ Կոնգրեսմենները հանդես են եկել հայտարարություններով, որոնք դատապարտում են Ադրբեջանի գործողությունները, ինչպես նաև նամակներ են հղել ԱՄՆ վարչակազմի անդամներին։
Շրջափակման մասին անմիջապես հայտարարությամբ հանդես եկան ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրանկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիերը, Դեյվիդ Վալադաոն, ինչպես նաև՝ Ադամ Շիֆը։ Կոնգրեսականները հայտարարությամբ դատապարտում են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները՝ նշելով, որ անհանգստացնող է այն, որ ադրբեջանցիներին թույլ են տալիս ազատորեն բողոքել միայն այն դեպքում, երբ դա սպառնում է հայերի կյանքին…» :
Ադամ Շիֆի գլխավորությամբ կոնգրեսականների կողմից նամակ է ուղարկվել ԱՄՆ նախագահ Բայդենին՝ պահանջելով դադարեցնել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, դադարեցնել ԱՄՆ աջակցության տրամադրումն Ադրբեջանին և Արցախին տրամադրել մարդասիրական օգնություն :
Առանձին հայտարարություններով հանդես են եկել մի շարք կոնգրեսականներ, այդ թվում՝ Բրեդ Շերմանը, Ջուդի Չուն, Աննա Էշուն՝ անդրադառնալով շրջափակման դադարեցման անհրաժեշտությանը և դրա ծանր հումանիտար հետևանքներին։ Կոնգրեսական Ջիմ Կոստան այս հարցը բարձրաձայնել է նաև Կոնգրեսում՝ քննարկումներից մեկի ժամանակ հարց ուղղելով ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդին։
ԱՄՆ սենատորները ևս անարձագանք չեն թողել Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության նկատմամբ իրականցվող ագրեսիան։ Սենատորներ Բոբ Մենենդեզը և Ջեք Ռիդը համատեղ նամակ են ուղղել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ նշելով․ «Միացյալ Նահանգները չի կարող կողքից նայել, թե ինչպես է Ալիևի ռեժիմը անգթորեն սպառնում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների կյանքին։ Փոխարենը պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին` խաղաղ բնակչությանը սննդամթերքից և առաջին անհրաժեշտության ապրանքներից զրկելու համար» :
Սենատորներն անհատապես ևս հանդես են եկել Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարություններով, նրանց թվում՝ Բոբ Մենենդեզը, որը նաև Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարն է, սենատորներ Էդ Մարքլին, Ջեք Ռիդը, Գերի Փեթերսը և այլք։ Բոլորն իրենց հայտարարություններում դատապարտում են Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակումը և ընդգծում այդ իրավիճակի անընդունելիությունը սենատորների համար։
Այսպիսով՝ Կոնգրեսի մակարդակով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը դատապարտվել է հիմնականում Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամների և հայ համայնքի, ինչպես նաև լոբբիստների հետ սերտ կապեր ունեցող ներկայացուցիչների և սենատորների կողմից։
ԱՄՆ-ում հայ լոբբիստների ջանքերն ու ակտիվությունը Արցախի ապաշրջափակումն ապահովելու հարցում
ԱՄՆ-ում հայկական լոբբիստական կազմակերպությունները և հայ համայնքը Արցախի և արցախահայության շրջափակման առաջին օրվանից մեծ ջանքեր են գործադրում՝ փորձելով ԱՄՆ պետական կառույցների վրա իրենց ազդեցության միջոցով հասնել Արցախի ապաշրջափակմանն ու Արցախին լրացուցիչ աջակցության տրամադրմանը։
Մասնավորապես ԱՄՆ-ում Հայ դատի հանձնախումը դեկտեմբերի 12-ից սկսած կոչ է անում հայ համայնքին կապ հաստատել Կոնգրեսում իրենց ներկայացուցիչների հետ՝ Արցախին շտապ աջակցություն ցուցաբերելու և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու համար։ Նրանք նաև պարբերաբար հորդորում են ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին՝ անդրադառնալու Արցախի շրջափակման հարցին և քայլեր ձեռնարկելու ապաշրջափակման ուղղությամբ։ Նրանց թիրախում է գտնվում նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ղեկավար Սամանթա Փաուերը, ումից վերջիններս պահանջում են օգնություն ուղարկել Արցախ՝ հումանիտար աղետը կանխելու նպատակով :
ԱՄՆ-ում Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով ցանկանում է հասնել Ստեփանակերտին օդային ճանապարհով օգնության հասցնելուն և Լաչինի միջանցքի հայկական կողմում հումանիտար օգնության նախնական տեղակայմանը՝ շրջափակումից հետո օգնությունը Արցախ անհապաղ հասցնելու համար։
Հայ լոբբիստներն իրենց պահանջը պայմանավորում են այն հանգամանքով, որ նման գործողություն արդեն իսկ իրականացվել է Սարաևոյի պաշարման ժամանակ, երբ «Provide Promise» օպերացիայի շրջանակներում 1992 թ. և 1996 թ. Միացյալ Նահանգներն իր գործընկերների հետ հումանիտար օդային փոխադրումներ է իրականացրել պաշարված Սարաևո։ Մարտական պայմաններում ավելի քան 12․886 թռիչքների միջոցով մատակարարվել է 159․000 տոննա սննդամթերք, դեղորայք և այլ պարագաներ։ Այժմ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի պահանջն է ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերին` տրամարդրելու նման օդային օգնություն շրջափակված Արցախի ժողովրդին :
ԱՄՆ-ում Հայ դատի հանձնախումբը նաև պարբերաբար հրապարակում է ԱՄՆ պետական մարմինների համապատասխան վարչությունների հանրային աշխատակիցների հեռախոսահամարները, որպեսզի ԱՄՆ-ի հայ համայնքը, զանգահարելով նրանց, տեղյակ պահի Արցախում տիրող իրավիճակի մասին և պահանջի համապատասխան քայլերի իրականացում՝ հումանիտար աղետը կանխելու ուղղությամբ։ Ամերիկայի Հայկական համագումարը ևս հորդորում է հայկական համայնքի ներկայացուցիչներին կապ հաստատել իրենց կոնգրեսականների և վարչակազմի պաշտոնյաների հետ՝ կոչ անելով բարձրաձայնել Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիան, պահանջել Հայաստանի և Արցախի միջև անխափան կապ, ինչպես նաև կիրառել 907-րդ բանաձևը : Լոբբիստական այս արշավի մեջ ներառված է նաև Գլենդելի քաղաքապետ, ազգությամբ հայ Արդաշես (Արդի) Քասախյանը, որ նախաձեռնել է նամակ կազմել՝ ուղղված ԱՄՆ նախագահ Բայդենին՝ անհապաղ դադարեցնելու Ադրբեջանին տրամադրվող օգնությունը և տրամադրելու շտապ հումանիտար աջակցություն Արցախին։ Նամակը ստորագրել է նաև Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոն :
Բացի այդ՝ ԱՄՆ-ում հայկական համայնքի ներկայացուցիչները նաև կազմակերպել են բողոքի ակցիաներ ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում՝ հաջակցություն Արցախի բնակչության : Այս ամենին զուգահեռ հայկական լոբբիստական կազմակերպությունները շարունակում են իրականացնել հանդիպումներ ԱՄՆ-ի ներկայացուցիչների և սենատորների հետ :
Ամփոփելով վերոշարադրյալը՝ հարկ է նշել, որ Արցախի շրջափակումը լուսաբանում է ստանում տարբեր երկրների և՛ միջազգային, և՛ տարածաշրջանային կառույցների կողմից։ Այդուհանդերձ, այդ արձագանքը դեռևս որևէ ազդեցություն չի թողնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա, որն, ակնհայտորեն, իրավիճակից զիջումներ կորզելու նպատակ ունի։ Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա հասցեական հայտարարություններ եղել են ԱՄՆ Պետդեպարտամենտից և Կոնգրեսի որոշ ներկայացուցիչների և սենատորների կողմից։ Արցախի շրջափակման հարցում ԱՄՆ-ի կողմից իրականացված գործողությունների թվում կարելի է առանձնացնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ Արցախի անհապաղ ապաշրջափակման պահանջով։
Սրան զուգահեռ ԱՄՆ-ում հայ համայնքն ու լոբբիստները ջանքեր են գործադրում, որպեսզի կոնգրեսականներն ու ԱՄՆ վարչակազմը դատապարտեն Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակումը, հումանիտար օգնություն տրամադրեն Արցախին և այլևս չշրջանցեն 907-րդ բանաձևը՝ կասեցնելով Ադրբեջանին հետագա օգնության տրամադրումը։
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն