Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բեռլինյան պատի անկումն ազդարարեց Եվրոպայում բաժանարար գծերի վերացումը: Ցավոք, դրանից քսան տարի անց մեր լեռնային տարածաշրջանը դեռևս սպասում է իր բաժանարար գծերի վերացմանը. այսօր ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա հիշեցրել է, որ երկու տարի առաջ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը հնարավորություն էր տալու դիվանագիտական հարաբերություններ հաստատել և սահմանները բացելու միջոցով վերացնել մոտ հարյուր տարի գոյություն ունեցող անջրպետը: Սակայն այդ գործընթացը մտավ փակուղի:
«Պատճառը մեկն էր. Թուրքիան վերադարձավ նախապայմանների առաջադրման իր գործելաոճին, չհարգեց ստանձնած պարտավորությունները, ինչն անհնարին դարձրեց ստորագրված արձանագրությունների վավերացումը: Չեմ կարող կանխատեսել, թե հիասթափության և անվստահության պատին դեմ առնելուց հետո երբ կբացվի հնարավորության պատուհանը: Ցավով եմ ասում, բայց սա է իրականությունը»,- նշել է Հայաստանի նախագահը` ընդգծելով, որ Հայաստանը նախաձեռնեց գործընթացն այն պայմաններում, երբ Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայերի նկատմամբ իրագործված Ցեղասպանությունը Թուրքիան առ այսօր ոչ միայն չի ճանաչել, այլև բացահայտորեն ժխտում է:
«Այդուհանդերձ, մենք պատրաստ ենք խնդիրները հաջորդ սերունդներին չթողնել: Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կարևոր է ոչ միայն հայերի և թուրքերի համար, այլև տարածաշրջանում, կարծում եմ` նաև ողջ Եվրոպայում խաղաղության, կայունության և համագործակցության մթնոլորտի հաստատման առումով: Հայաստանի անօրինական շրջափակմանը պետք է վերջ դրվի»,- ասել է Ս. Սարգսյանը: