կարևոր
3061 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-20 14:08
Հասարակություն

Բուֆե՞ր, պլացդա՞րմ, թե՞ հայկական պետություն. Քրիստինե Վարդանյան

Բուֆե՞ր, պլացդա՞րմ, թե՞ հայկական պետություն. Քրիստինե Վարդանյան

Բուֆե՞ր, պլացդա՞րմ, թե՞ հայկական պետություն

Հայաստանը ռեսուրս չունի ո´չ բուֆեր լինելու, ո´չ էլ կարող է իրեն թույլ տալ մինչև վերջին հայը պայքարել որևէ ուժային կենտրոնի շահերի համար:

Սահմանափակ ռեսուրսները մի կողմից բարդացնում են ամեն ինչ, մյուս կողմից ստիպում են հստակեցնել առաջնահերթությունները: Իսկ ռեսուրսների կրիտիկական սահմանափակությունը, ինչպես մեր դեպքում է, ընդհանրապես ստիպում է ընտրել մեկ գերնպատակ և պայքարել հանուն դրա:

Այդ գերնպատակը հայ ժողովրդի դեպքում չի կարող լինել ֆրանսիայի համար բուֆեր հանդիսանալը, կամ Կանադայի համար ռուսաստանի դեմ պայքարի պլացդարմ դառնալը, ինչպես հայտարարեց Կանադայի ԱԳՆ նախարարն անցած տարի:

Մեր կարևորագույն առաջադրանքը հայ ժողովրդի հարատևության ապահովումն է: Այս ճանապարհին հայկական պետության գոյությունը, որը կարողանում է ապահովել սեփական ժողովրդի անվտանգությունը՝ նախապայման է:

Մենք սեփական պատմությամբ ենք համոզվել, որ այլ տարբերակները հանգեցնում են մարդկության դեմ հանցագործությունների:

Հայաստանը կարող է գործընկերներին, դաշնակիցներին, բոլոր շահագրգիռ կողմերին օգնել տարածաշրտանում կայունության և կանխատեսելիության ապահովման գործում, բայց չի կարող բութ գործիք դառնալ նրանց շահերի սպասարկման համար:

Տարածաշրջանում կայնունության համար, տարածաշրջանն ապակայունացնող պետությունների դեմ պայքարում Հայաստանը մենակ չէ:

Աշխարհում կան պետություններ, ովքեր հասկանալով հետզհետե անկառավարելի դարձող Թուրքիայի վտանգը, պատրաստ են շահագրգիռ համագործակցության այս հարցում:

Մեր հնարավորությունները հենց այս դաշտում են: Մենք չենք կարող իրական օգնության և թվիթի կամ հայտարարության փոխարեն ընտրել թվիթը, հետո բողոքել չար և անարդար աշխարհից:

Ընտրված տարբերակներից յուրաքանչյուրն ունի գին: Սակայն միայն հանուն հայկական պետության գոյատևման համար վճարված գինն է, որ ունի արդարացում:

Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր