կարևոր
4012 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-08 16:20
Հասարակություն

Թուրքիայում երկրաշարժից շատ տուժածներ ապաստան են գտել Սուրբ Կիրակոս եկեղեցում

Թուրքիայում երկրաշարժից շատ տուժածներ ապաստան են գտել Սուրբ Կիրակոս եկեղեցում

Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած մի քանի երկրաշարժի հետևանքով անտուն մնացած շատ մարդիկ ապաստան են գտել Դիարբեքիրում (Տիգրանակերտ) գործող Սուրբ Կիրակոս Հայ առաքելական եկեղեցում։ Այդ մասին Արևմտյան Հայաստանից հաղորդում է Akunq.net-ի թղթակից Կարոտ Սասունյանը։

Կարոտ Սասունյանը նաև հայտնում է, որ այսօրվա դրությամբ թուրքական իշխանությունները չեն կարողացել աղետի որոշ գոտիներ փրկարարական ջոկատներ ուղարկել։ Բացի այդ, երկրաշարժից շատ տուժածներ, որոնց տները վնասվել են, չեն կարողացել տուն մտնել, ստիպված են եղել, դրանք լքելով, գիշերել մարզասրահներում, մզկիթներում և եկեղեցիներում։

Երկրաշարժից տուժածներին ապաստան տված եկեղեցիներից մեկն էլ դարձել է Դիարբեքիրի Սուր շրջանում գտնվող Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին, որը բարեբախտաբար չէր վնասվել այս բնական աղետի ժամանակ։ Սուրբ Կիրակոսում գիշերած շատ տուժած ընտանիքներ իրենց երախտագիտությունն են արտահայտել՝ երեխաների և իրենց համար նման հնարավորություն ստեղծելու համար։

Երկրաշարժից ամենաշատը տուժած քաղաքներից մեկն էլ Անթաքիան է՝ Հաթայ նահանգում։ Այստեղի հայկական եկեղեցու քահանա Ավետիս Թաբաշյանը հաղորդել է, որ հայ համայնքի անդամ երկու ընտանիք և մի մայրիկ դեռ ավերակների տակ են, և հնարավոր չի եղել նրանցից որևէ տեղեկություն ստանալ։

Կարոտ Սասունյանի հայտնած մեկ այլ ցավալի լուրի համաձայն՝ երկրաշարժի պատճառով Ադըյամանի Քահթա շրջանում զոհվել են հայազգի երգիչ Ստեփան Եփրեմյանի (թուրք․ ազգանունը՝ Իլհան) ավագ եղբայրն ու այլ ազգականները։ Դիարբեքիրում հայազգի երգչուհի Զիլան Տիգրիսն ու վերջինիս ամուսինը դեռ շարունակում են մնալ ավերակների տակ։ Դարձյալ Դիարբեքիրում ավերակների տակ են մնացել նաև հայկական համայնքից պարոն Իլհամիի դուստրն ու ընտանիքը։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին և հետագա օրերին տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով Թուրքիայում զոհված քաղաքացիների թիվը հատել է 8 ու կես հազարի սահմանը։

Թուրքերենից թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net