կարևոր
3820 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-30 11:54
Քաղաքական

45 երկրի ներկայացուցիչների Արցախի ՄԻՊ-ի հետ ներկայացրել ենք ՀՀ-ի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական թշնամանքի փաստերն ու նրանց իրական մտադրությունները. Թաթոյան

45 երկրի ներկայացուցիչների Արցախի ՄԻՊ-ի հետ ներկայացրել ենք ՀՀ-ի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական թշնամանքի փաստերն ու նրանց իրական մտադրությունները. Թաթոյան

Ավելի քան 45 երկրի ներկայացուցիչների Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ միասին ներկայացրել ենք Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը, Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական թշնամանքի փաստերն ու նրանց իրական մտադրությունները: Այս մասին հայտնում են «Թաթոյան» հիմնադրամից։

«Իրավունքի և արդարադատության կենտրոնի «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը մասնակցել է Հայկական Կարիտասի և վերջինիս միջազգային գործընկերների (Caritas-Internationalis և Caritas Europa) կազմակերպած տեսակոնֆերանսին` ներկայացնելով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի իշխանությունների կողմից փակելու հետևանքով ստեղծված իրավիճակը:
Տեսակոնֆերանսին մասնակցել են Կարիտաս կոնֆեդերացիայի մեջ մտնող ավելի քան 45 ներկայացուցիչներ տարբեր երկրներից: Շնորհակալություն Armenian Caritas-ին աջակցության համար:

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը ներկայացրել է նաև ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ համայնքներում 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական լայնածավալ զինված հարձակումներից հետո փաստահավաք առաքելությունների արդյունքները։

Մասնավորապես, արձանագրվել է, որ ադրբեջանական ներխուժումների արդյունքում ՀՀ սահմանային բնակիչները չեն կարողանում օգտվել արոտավայրերից, խոտհարքներից, վարելահողերից, որի արդյունքում առաջ են եկել սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ:

Վտանգված են մարդկանց կյանքն ու առողջությունը՝ ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ, իսկ մի շարք գյուղերում նաև հենց գյուղերի տարածքներում անօրինական ներկայության, կրակոցների պատճառով: Ադրբեջանական զինված ծառայողներն անօրինական ներկա են նաև համայնքների միջև ճանապարհներին: Այս ամենի արդյունքում խաթարված է մարդկանց բնականոն կյանքն ամբողջությամբ։

«Մեր առաջնային նպատակը պետք է լինի ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելը ոչ միայն մեր օկուպացված տարածքներից, այլ նաև 2020 թվականի պատերազմից հետո մեր գյուղերի ու ճանապարհների մոտ գտնվող տեղայակումներից»,- շեշտել է Արման Թաթոյանը, միաժամանակ ընդգծելով, որ Ադրբեջանի թշնամանքը նույնն է Հայաստանի և Արցախի նկատմամբ. ցեղասպան քաղաքականությունն առաջ է տարվում պետական մակարդակով:

Տեսակոնֆերանսին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է Արցախի բնակչության կյանքի ճանապարհի՝ Բերձորի (Լաչին) միջանցքի շրջափակման հետևանքները։

Ադրբեջանական իշխանությունները պարբերաբար դադարեցնում են գազամատակարարումը, արդեն ունեցել են փորձ կտրելու ինտերնետային մալուխները: Այս ամենի հետևանքով Արցախում չեն գործում դպրոցներն ու մանկապարտեզները, հասանելի չեն ատամնաբուժական ծառայություններ, այլ բժշկական ծառայությունների հասանելիությունը խիստ սահմանափակ է, խիստ սահմանափակված է նաև դեղերի հասանելիությունը:

Քննարկման ժամանակ մասնակիցներին ողջունել է Հայկական Կարիտասի նախագահ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Ռաֆայել Պետրոս Մինասյանը՝ ընդգծելով մարդասիրական ճգնաժամի կանխարգելման և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանն ուղղված ցանկացած քայլի կարևորությունը, միաժամանակ, շեշտելով, որ Ադրբեջանի գործողություններն արցախահայության նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում են»,- հայտնում են հիմնադրամից։