Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ Մոսկվայի Առանձնակի կոմիտեության ներկայացուցիչները Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանին փոխանցեցին բողոք-նամակ՝ ուղղված Դաշնակցության դեմ բռնաճնշումների կանխմանն ու քաղբանտարկյալ ընկեր Գառնիկ Մանուկյանի ազատ արձակմանը։
Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը շարունակում է լինել գործիք իշխանության ձեռքին քաղաքական հարցեր լուծելու համար: Հունվարի 11-ի վաղ առավոտյան ժամը յոթի սահմաններում, ուժային կառույցների ներկայացուցիչները Արարատի մարզում և Երևանում ներխուժել են ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններ` խուզարկություն իրականացնելու պատրվակով, և մեր որոշ ընկերների բերման են ենթարկել: Ուժային կառույցների ներկայացուցիչները գործողություններ են իրականացրել նաև 6 ամիս ապօրինի կալանքի տակ գտնված և միայն վերջերս դատարանի որոշմամբ ազատության մեջ հայտնված Գերասիմ Վարդանյանի տանը:
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանին փոխանցված բողոք-նամակում, որի պատճենը պետք է փոխանցվի ՀՀ վարչապետին, ՀՅԴ Մոսկվայի Առանձնակի կոմիտեության ներկայացուցիչները վրդովմունքով հիշեցրել են, որ արդեն մի քանի օր է , ինչ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ և շինծու գործի շրջանակներում կալանավորվել է ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի անդամ Գառնիկ Մանուկյանը։ Այդ ապօրինի որոշմանը արդեն իսկ նախորդել էին ՀՀ Քննչական կոմիտեի կողմից Դաշնակցության անդամների և համակիրների բնակարաններում չհիմնավորված և ապօրինի խուզարկությունները, ձերբակալությունները և հարցաքննությունները, որոնք ունեին մեկ հիմնական նպատակ՝ շեղել հանրության ուշադրությունն ու բռնաճնշումների միջոցով փորձել ջլատել Դաշնակցության պայքարի ոգին, վարկաբեկել Դաշնակցությանն ու դաշնակցականներին, ինչը ոչ միայն արկածախնդրություն է, այլև ուղղակիորեն հարվածում է մեր ազգային անվտանգությանն ու համախմբմանը։
«ՀՅԴ Ռուսաստանի կոմիտեն խստորեն դատապարտում է ՀՅԴ անդամների և համակիրների հանդեպ բոլոր տիպի ապօրինի ճնշումները, պահանջում է ազատ արձակել ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի անդամ Գառնիկ Մանուկյանին և դադարեցնել ազգային ուժերի հանդեպ ակնհայտ քաղաքական հետապնդման փորձերը։
Որևէ բռնաճնշում չի կարող մեզ շեղել մեր պայքարի հիմնական ուղուց։ Ինչպես միշտ, այնպես էլ Հայրենիքի համար այս օրհասական և դժվարին պահին, երբ Արցախը հայաթափելու և ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի ծրագիրը մնացել է անփոփոխ, իսկ Փաշինյանն իր թիմով ջանասիրաբար պայքարում է այդ ծրագրի խոչընդոտների դեմ՝ ՀՅԴ-ն միասնական է և անկոտրում։
Կրկին անգամ պահանջում ենք քաղբանտարկյալ Գառնիկ Մանուկյանի շուտափույթ ազատումն ու կոչ ենք անում ներքին թշնամիներ փնտրելու փոխարեն գործողություններ ձեռնարկել Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու համար։
Ավելի քան 120 հազար հայրենակիցներ Արցախում մնացել են ամբողջական շրջափակման մեջ, օկուպացված է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի մի զգալի մասը, թշնամին ամեն օր ավելի է մոտենում հայկական հարցը փակելու իր արյունոտ ծրագրի վերջին էջին, իսկ ՀՀ իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պայքարում են Դաշնակցության և նրա համակիրների դեմ ինչպես ամրոցը հանձնող դավաճանը, որի ամենամեծ խոչընդոտը ամրոցի պահապաններն են», - նշված է ՀՅԴ Ռուսաստանի Առանձնակի Կոմիտեի նամակում: