կարևոր
418 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-13 15:21
Քաղաքական

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանը

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի փոխնախագահ, հայ ժողովրդի լավ բարեկամ Յանիս Մանյատիսի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, այդ թվում Եվրոպական խորհրդարանի սոցիալ դեմոկրատական քաղաքական խմբի և ՀՅ Դաշնակցության միջև ավելի քան տասը տարվա բարձր մակարդակի հարաբերությունների խորացման ուղղությամբ հետագա աշխատանքները։

Հաշվի առնելով պարոն Մանյատիսի կուսակցական պատկանելիությունը և Եվրոպական խորհրդարանում հունական PASOK կուսակցության պատգամավորական խմբի ղեկավարի հանգամանքը՝ կողմերը մտքեր են փոխանակել նաև ՀՅ Դաշնակցության և PASOK-ի միջև հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՀՅ Դաշնակցության մոտեցումները Հայաստանի Հանրապետության ներքաղաքական ընթացիկ զարգացումների և արտաքին մարտահրավերների վերաբերյալ։ Մասնավոր անդրադարձ է կատարվել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման, Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության և առհասարակ արցախահայության հիմնարար իրավունքների, այդ թվում վերադարձի իրավունքի պաշտպանության հարցերին։ Սաղաթելյանը շնորհակալություն է հայտնել այս հարցերի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի, սոցիալ դեմոկրատական քաղաքական խմբի դիրքորոշումների, և անձնապես պարոն Մանյատիսի ներդրած ջանքերի համար։

 

13.10.26

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի 

Հանրային կապերի գրասենյակ